Պետք է «ներսում» փոխվենք... Հիմա, երբ բոլորս ասում ենք, որ երկրի ներսում պարտադիր պետք է շուտափույթ և հիմնարար վերափոխումներ իրականացնել, որ այսպես այլևս էլ չի կարող շարունակվել՝ դրանք ուղղակի ասելու համար խոսքեր չեն և այդ ամենը չի կարելի «ականջի ետև գցել»: Միգուցե արդեն ուշացել ենք՝ ուղիղ մեկ ամիս, որովհետև այդ գործընթացը պետք է գնար ապրիլյան պատերազմի հենց երկրորդ օրվանից սկսած, երբ ամեն ինչ միանգամից այդքան ակնհայտ ու պարզ դարձավ: Իհարկե, հիմա տեսնում ենք, թե ինչպես են օր-օրի ավելանում պետական ոլորտում թալանի բացահայտումները, բայց դա քիչ է, շատ քիչ՝ միայն դրանով ողջ բուրգը չես քանդի և շատ ավելի կորդինալ գործողություններ է հարկավոր ձեռնարկել:

Երբ մտածում ես, թե ինչու այնպես ստացվեց, որ մեր երկրում ընտրվեց Սովետական Միության մայրամուտին գործող կառավարման «լճացման» մոդելը, դրա հնարավոր բացատրություններից մեկն էլ թերևս այն է, որ մեր սերունդը, ցավոք, ուրիշ ոչ մի այլ հասարակարգ, քան Սովետն էր, չեր տեսել, և ուղղակի պատկերացում էլ չուներ, թե այլ կերպ ինչպես կարելի է երկիր կառուցել՝ շարունակաբար ավելացնելով եղած բարիքները, այլ ոչ՝ հակառակը: Հուսադրողն այն է, որ հիմա մեր նոր սերունդն է գալիս, ավելի ճիշտ, արդեն եկել է՝ միանգամայն այլ՝ նոր, թարմ ու մաքսիմալիստական սկզբունքներով, և արդեն տիրոջ պես ներկայացնում է իր հստակ պահանջները, ու եթե մի քիչ էլ ուշանան այդքան անհրաժեշտ վերափոխումները՝ հաստատ հարց լուծողն արդեն այդ նոր սերունդն է լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել