Արցախի քառօրյա պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանը 19 տարեկան էր։ Նա այն 18 անհետ կորածների մեջ էր, որոնց մարմիններն ադրբեջանցիները հայկական կողմին հանձնեցին խոշտանգված։ Գրիգորը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայություն մեդալով։ BlogNews-ը եղել է հայրենիքի համար զոհված զինվորի տանը, խոսել նրա մայրիկի՝ տկն Անահիտի հետ։ Զինվորի ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում, տունը, որտեղ նրանք ապրում են կիսաքանդ է, նորմալ հոսանք ու կահույք չկա, նրանց ընտանիքն այն ընտանիքներից է, որոնց գրեթե օգնություն չի հասել, սակայն նույնիսկ այդ դեպքում որդեկորույս մայրը պատրաստ է մեկնել առաջնագիծ։

Երբ պատերազմական գործողությունները սկսվել են, տկն Անահիտը ցանկացել է մեկնել առաջնագիծ, որպեսզի որդու կողքին լինի։  «Ես կամավորագրվել էի, որ գնայի առաջին գիծ, ասացի, գոնե երեխայիս մոտ կլինեմ, զինվորներին ուժ կտամ։ Կարող էի կռվել կամ խոհարար, բուժաշխատող լինեի։ Բոլոր զինվորներն էլ իմ զավակներն են։ Հիմա էլ կմեկնեի, մյուս զինվորներն էլ իմ տղաներն են, ինձ հետ է պահում միայն այն, որ փոքր որդիս ասում է՝ ես էլ կգամ քեզ հետ,- ասաց տկն Անահիտն ու իր մաղթանքն ուղղեց բոլոր զինվորներին։ -Ուզում եմ, որ ուժեղ ու քաջ լինեն։ Ինչ ասեմ, իմ զավակներ, հիշեք, որ մայրերի ճրագն եք, հայրենիքի պաշտպանը»։

Մայրը հիշում է, թե ինչ պատրաստակամությամբ էր որդին մեկնել առաջնագիծ, նայում նրա նկարին, ցույց տալիս որդու ձեռքի աշխատանքը, որն ուղարկել էր բանակից, այնուհետև պատմում, ոչ ցանկացել է միջոցներ ձեռնարկել, որ Գրիգորը մոտ տեղում ծառայի, առավել ևս, որ միակողմանի ծնողազուրկ է, սակայն որդին չի ցանկացել։ «Ասաց՝ մամա ջան, Ջեբրայիլում շատ լավ ա, չեմ ուզում տեղափոխվել։ Էստեղ ամեն ինչ նորմալ ա, հանգիստ։ Ես էլ իր խնդրանքը չմերժեցի, մտածեցի՝ եթե իր սրտով է, թող ծառայի»,- ասաց տկն Անահիտը, ով ևս զինվորական է։

Գրիգորը կրում էր հորեղբոր անունը, ով ևս զոհվել է Արցախյան ազատամարտի ժամանակ՝ 1994 թվականին։ 19-ամյա զինվորը բավականին դժվար մանկություն է ունեցել. 6 տարեկան էր, երբ հայրը մահացել է։ Այդ ժամանակվանից ընտանիքը հայտնվել է սոցիալական ծանր պայմաններում։ Նա կիսատ է թողել ուսումը դպրոցում և աշխատանքի անցել այգում՝ որպես հսկիչ, զուգահեռ սովորում էր շինարարական աշխատանքներ անել։

«Մեր տան  մի պատը սվաղեց, ասաց՝ մամա ջան, գնամ բանակ, գամ, կվերանորոգեմ տունը, կգամ, մեքենա կգնեմ, որ եղբայրս ոտքով չգնա դասի, աշխատանքի։ Ճիշտն ասած, ես ոչինչ չունեի, սառնարան էր ուզում գնել, սեղան, աթոռ։ Բարեգործերը սառնարան բերեցին, սեղան աթոռ։ Ինքն իր արյան գնով ուզեց հատուցել եղբորը...»,- ասաց մայրը, ապա հավելեց, որ հյուրասենյակն էլ, որտեղ նստած էինք, դատարկ էր, կահույք չկար։ «Այս կահույքը հարևանն է բերել, քանի որ այս օրերին մարդիկ են գալիս, նստեն։ Պատուհան, լույս, այստեղ ոչինչ չի եղել։ Երկու տարի առանց լույսի ենք ապրել, երեխաներս մոմի լույսի տակ են մեծացել, դաս արել։ Տունն էլ մերը չէ։ Ամուսնուս մահվանից հետո դուրսն էինք մնացել, թաղապետը մեզ թույլ տվեց այստեղ ապրել, չգիտեմ էլ՝ սա ձեռքիցս կվերցնե՞ն, թե՝ ոչ»,- ասաց զինվորի մայրը։

Տկն Անահիտն աշխատել է ռուսական ռազմաբազայում։ «Շտաբում էի աշխատում,  մայորի կոչում ունեմ, Պուտինը դադարեցրեց ֆիանսավորումը, ես ժամանակավոր տեղափոխվեցի հայկական զորամաս՝ որպես խոհարար, քանի որ մասնագիտությամբ խոհարար եմ, սակայն 1 ամիս առաջ կրկին կրճատման տակ ընկա»,- ասաց տկն Անահիտն ու հավելեց, որ իր առողջական վիճակն էլ լավ չէ, ամիսներ առաջ բարդ վիրահատության է ենթարկվել։

«Մարտի 28–ին զինկոմիսարիատը ծնողներին տանում էր զինվորների մոտ։ Գրիգորն իմացել էր, զանգեց, ասաց՝ մամ ջան, դու չե՞ս գա, զանգահարեցի զինկոմիասարիատ, հարցրեցի՝ ինձ հերթ չի՞ հասել, ասացին՝ մյուս անգամ... ապրիլին պիտի գնայի, չհասցրեցի»,- ասաց տկն Անահիտը, ով որդուն վերջին անգամ տեսել է  դեկտեմբերին, երբ արձակուրդ էր եկել, խոսել է մարտի 31-ին՝ պոստ բարձրանալուց առաջ։ «Պոստ բարձրանալուց հետո մի օր մնում էր, երկրորդ օրը զանգահարում էր, այս անգամ չզանգահարեց, շատ վախեցա։  Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը երազում իր ձայնը  լսեցի՝ օգնության էր կանչում ինձ։ Գոռալով արթնացա, տայիս պատմեցի, հետո հարևանների հետ երեխայի մասին էինք խոսում, պատի ժամացույցը  կանգնեց, սկսեցի ավելի անհանգստանալ։ Տարբեր տեղեր էի զանգահարում՝ նախարարություն, զինկոմիսարիատ, Ղարաբաղ... անընդհատ փնտրում էի որդուս, ապրիլի 11-ին զինկոմիսարիատից եկան  մեր տուն, բերեցին այս լուրը»,- պատմեց մայրը։

Գրիգորի կրտսեր եղբայրը 17 տարեկան է, հաջորդ տարի նա էլ է զորակոչվելու բանակ։ «Գրիգորը պետք է զորացրվեր, նա զորակոչվեր։ Թող տղաս գնա ծառայի, բայց գոնե Ղարաբաղ չգնա, ես էլ չեմ կարող դիմանալ։ Ես էլ եմ պատրաստ ծառայել հայրենիքիս համար, բայց գոնե փոքր տղաս  կողքիս լինի»,- եզրափակեց տկն Անահիտը։ Նրա ավագ եղբայրն ու քույրն արտերկրում են:

Ներկայացնում ենք, թե ինչ պայմաններում է ապրում զինվորի ընտանիքը։

                

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել