Lragir.am-ը գրում է.

Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զինված ուժերի ժամկետային զինծառայող, ականանետի նշանառու, շարքային Հարություն Բադալյանին է հանձնել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար Սերժ Սարգսյանի հրամանագրով նրան շնորհված «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանը: Քառօրյա պատերազմի շատ մասնակիցներ նույնպես մեդալներ կստանան, որովհետեւ ցուցաբերել են բացառիկ արիության օրինակներ:

Այս ֆոնին, արժե նշել, թե ՀՀ պաշտոնյաներից ու պատգամավորներից ովքեր են ստացել ՊՆ պարգեւներ ու մեդալներ: Ցուցակն ամբողջական չէ:

Սուրիկ Խաչատրյան (Լիսկա), Սյունիքի մարզպետ. Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան, ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ։ ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալ։ Մարտական ծառայության մեդալ: Ուշագրավ է, որ նա Մարտական խաչը ստացել է 2012-ին, այսինքն Ղարաբաղյան առաջին պատերազմի ավարտից 18 տարի անց: Պատերազմի ժամանակ նա եղել է Գորիսի գումարտակի հրամանատարը, 1994-ին Հորադիզի մոտ մարտական գործողությունների ժամանակ լքել է գումարտակը, որը հայտնվել է կրակի տակ ու մեծ թվով զոհեր տվել: Հորադիզի կայարանի հանձնումը՝ մոտ 20 կմ նահանջով, կապված է հենց այս հանգամանքի հետ: Այս մասին պատմում են հարավային ճակատի հրամանատարները: Մեդալները երեւի ստացել է դրա համար:
Հերմինե Նաղդալյան, ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանի պատվիրակության ղեկավար: Պարգեւատրվել է  «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով (1997թ.), «Մարշալ Բաղրամյան» (2005թ., ՊՆ) մեդալով: Նա հայտնի է որպես բնակարանային կոռուպցիոն սկանդալների «հերոսուհի», խոշոր բիզնեսմեն, որի ընկերությունը պարբերաբար ստանում է Հայաստանի մայրուղիների վերանորոգման պետպատվերները: Վերջերս աչքի է ընկել Ադրբեջանի օգտին հայտարարություններով, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ում չի կարողացել կանխել Սարսանգի ջրամբարի վերաբերյալ հակահայ բանաձեւը, ինչը քառօրյա պատերազմի պատճառներից մեկն է:

Էդուարդ Շարմազանով, ԱԺ փոխնախագահ, բանակում չի ծառայել: Պարգեւատրվել է  «Գարեգին Նժդեհ» (2006թ., ՊՆ), «Անդրանիկ Օզանյան» (2008թ., ՊՆ) մեդալներով:

Տարոն Մարգարյան, Երեւանի քաղաքապետ, բանակում չի ծառայել: ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պարգեւատրվել է «Գարեգին Նժդեհ» (2008թ.) և «Անդրանիկ Օզանյան» (2011թ.) մեդալներով, ԼՂՀ պաշտպանության նախարարի կողմից՝ «Պաշտպանության բանակ» հուշամեդալով (2014թ.):

Մհեր Սեդրակյան (Թոխմախի Մհեր). Պարգեւատրվել է «Մայրական երախտագիտություն» (ԼՂՀ, 1996թ.), ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» (2004թ.) մեդալներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել