Tert.am-ը գրում է.
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով շարունակվող սահմանային լարվածությանը, նշեց, որ Ադրբեջանը որևէ կերպ չի հարգում հրադադարը պահպանելու բանավոր պայմանավորվածությունը:
 
Ինչ վերաբերում է քաղաքական բանակցություններին՝ ապա նա ասաց, որ այս իրավիճակում դրանք, բնականաբար չեն կարող լինել: «Պետք է լինի ինչ-որ հանդարտեցում, կրակոցները դադարեն, երկրորդը՝ պետք լինի հստակ գնահատական տեղի ունեցածի հետ կապված նոր դրանից հետո կարելի է մտածել կամ խոսել քաղաքական գործընթացներից»,- ասաց նա:
 
Կարեն Բեքարյանը նկատեց, որ հիմա Մինսկի խումբը փորձեր է անում վերականգնել քաղաքական գործընթացը: «Դրանցից ամենաթարմը Ֆրանսիայի համանախագահի արած հայտարարությունն է, որ հիմա իրենք փորձ են անում կազմակերպել նախագահների մակադրակի հանդիպում, աշխատում են այդ ուղղությամբ: Այն, որ ցանկություն ունեն քաղաքական գործընթացը տեղից շարժելու, երևում է»,-ասաց նա:
 
Խոսելով Ադրբեջանի սանձազերծած գործողություններին միջազգային հանրության արձագանքին, ապա նա ասաց.«Ցավով արձանագրում ենք, որ անգամ այսքան բանից հետո միջազգային կառույցների արձագանքների մեջ էական փոփոխություններ չկան: Այսինքն՝ նույն համահարթեցնող, ընդհանրական ձևակերպումներն են, ոչ մի տարբերություն չկա, ձեռագիրը նույն է»։
 
Կարեն Բեքարյանը նկատեց նաև, որ Ադրբեջանի  ձեռագիրը ևս  շարունակում է մնալ նույնը՝ սրել իրավիճակը և փորձել դրանում մեղադրել ղարաբաղյան կողմին: «Այս դեպքում ադեկվատ պատասխանն անխուսափելի է, քանի որ երբ որ դիմացինդ իրեն այդպես է պահում, դա բերելու է ադեկվատ պատասխանի: Որևէ այլ կերպ պատկերացնել, թե Ադրբեջանին ինչը պետք է զսպի, գոնե այսօր չի երևում»,-ասաց նա: 
 
Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանի նպատակը դարձյալ մնում է նույնը՝ ամեն ինչից շեղել ուշադրությունը, փորձել ստեղծված իրավիճակից քաղել քաղաքական դիվիդենտներ և փորձել  դրանով ազդել երբևէ սկսվելիք նաև քաղաքական գործընթացի վրա:
 
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ՀՀ պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյաներին աշխատանքից ազատելը վկայում է այն մասին, որ իրոք եղել են սխալներ ապրիլյան պատերազմում՝ նա ասաց.«Ես ինքս ռազմական փորձագետ չեմ, այդ դաշտում ինչ-որ բաներ ասել կամ գնահատական տալ կդժվարանամ և չեմ համարում կոռեկտ: Եթե կա գործընթաց և մենք տեսնում ենք դրա դրսևորումները, ուրեմն պարզ է այդ գործընթացը ինչ-որ հիմքերի վրա է նստած»:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել