Շատերը օրհասական խնդիր են համարում կուլակաթափությունը, շատերը լուծում տեսնում են մեծահարուստների կողմից նվիրատվությունների ավելացման մեջ, իսկ ոմանք էլ ավելի խորն են նայում հարցին և հասկանում են, որ արատներով համակարգը ֆունկցիոնալ դարձնելն ավելի կարևոր է և ավելի իրատեսական է, քան վերոնշյալ խնդիրները։

Ավելի կարևոր է ու ավելի իրատեսական, որովհետև ավելի հարատև արդյունքներ է խոստանում ու ավելի դյուրին է՝ քաղաքական կամքի առկայության դեպքում։ Սա իհարկե չի նշանակում, որ առաջին երկու կետերը բացարձակ ակտուալ չեն և օրակարգից դուրս են, բայց պետք չէ դրանց ավելի մեծ առաջնահերթություն տալ, քան հարկն է։

Իմ կարծիքով, առաջնային նշանակությունը նախ պետք է տրվի պետական ծախսերի արդյունավետ մենեջմենթին․ պետք է հնարավորինս մինիմիզացնել բյուջետային միջոցների քամուն տալու դրսևորումները։

- Պարտադիր գործուղումների պարագայում, մեր պաշտոնյաները պետք է ճամփորդեն միայն էկոնոմ դասով։ Բացառություն կարելի է անել թերևս միայն նախագահի ու շատ-շատ վարչապետի պարագայում։

- Պետական գնումների համակարգում պետք է շատ չոր մոնիտորինգ անել՝ ատկատներն ու գերծախսերը բացառելու համար։

- Կտրուկ պետք է կրճատել ծառայողական մեքենաների ավտոպարկը, ինչպես նաև ծառայողական աշխատասենյակների և այլ տարածքների վերանորոգումների ու նյութատեխնիկական ապահովման համար հատկացվող ծախսերը։

- Պետք է կրճատել տարբեր պետական գերատեսչությունների հաստիքները։ Մեր չինովնիկական ապպարատը ուռճեցված է, և հանգիստ կարելի է մի քանի հազար աշխատատեղ կրճատել այդ համակարգում, իսկ պետական կառավարման մեխանիզմը չի տուժի դրանից։

Եթե միայն այսքանն արվի ինչպես հարկն է, ապա տասնյակ, եթե ոչ հարյուրավոր միլիոն դոլարների խնայողություններ կանենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել