Tert.am-ը գրում է.

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը չի ընդունում իր դեմ հնչեցրած քննադատությունները, որ ԼՂ քառօրյա պատերազմի ժամանակ իր գերատեսչությունը բավարար աշխատանք չի կատարել:

Tert.am-ի հետ զրույցում Հրանուշ Հակոբյանն ասաց, որ նման գնահատականներ հնչեցնողները ամենևին էլ մասնագետներ չեն՝ «թող իրենց խնդիրներով զբաղվեն, նախարարությունն առաջին իսկ օրվանից, առաջին ծանր վայրկյանից, ամեն ինչ արել է, ամեն օր կապի մեջ է եղել տեղի ու սփյուռքի բոլոր կառույցների հետ»:

Նախարարի խոսքով՝ քառօրյա պատերազմի օրերին ինքը ԱՄՆ-ում է եղել, հանդիպել հայ համայնքի հետ, ընդունել շուրջ 20 համայնքի ղեկավար միայն ՌԴ-ից, մասնակցել դրամահավաքի կազմակերպման աշխատանքներին:

Հարցին՝ բավարա՞ր է դա, Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Եթե Ձեզ թվում է, որ մենք պետք է սփյուռքին հանձնարարություն տանք… եթե ունեք ասելիք, օգնեք: Մենք օգնել ենք կազմակերպել ցույցեր, գրեթե միաժամանակ 54 երկրներում միաժամանակ ցույցեր են անցկացվել, մոտ 84 հայտարարություն ու նամակ է ուղարկվել տվյալ պետությունների կառավարություններին, իշխանություններին, մոտավորապես 40 հայ հայտնիների ենք դիմել, որ նրանք հայտարարություններով հանդես գանք: Այդ բոլորն իրեն-իրե՞ն է լինում: Օրվա մեջ հեռախոսները չեն լռում»:

Ինչ վերաբերում է քննադատություններին, որ Ռուսաստանում հայ համայնքը որևէ միջոցառում, ակցիա, բողոքի ցույց Ադրբեջանի դեսպանատան դիմաց չանցկացրեց, Հրանուշ Հակոբյանը շեշտեց, որ քննադատություններն այս առնչությամբ չի ընդունում:

«Ես չեմ ընդունում: Ռուսական համայնքն իր հնարավորություններով միայն 73 մեքենա է բերել-հասցրել Արցախ մեր միջոցով: Այնպես որ, մենք ճշտում ենք, թե Ղարաբաղին ինչ է անհրաժեշտ, կապվում ենք ռուսական մարզի այս կամ այն ղեկավարության հետ, ովքեր գումարների հանգանակության արդյունքում որոշում էին՝ «ՎԱԶ» առնել, «ԿԱՄԱԶ» առնել, թե «Ուրալ»»:

Դիտարկմանը, թե Վրաստանում հայ համայնքն էլ պասիվ էր, նախարարն արձագանքեց՝ ասելով, որ համաձայն չէ, քանի որ նրան «գյուղ առ գյուղ գումարներ են հավաքել»՝ չնայած իրենց սոցիալական վատ պայմանների. միայն մի գյուղը 1000 դոլար ու մի մեքենա սնունդ բերել է Սլոյանների ընտանիքներին:

«Ինչո՞ւ եք մեկին լսում, որը կարող է պատվեր կատարել, դրա համար քննադատել, կամ ինչ-որ երկրի պատվեր կատարել: Նրանք ուզում են Սփյուռքի ու նախարարության մեջ սեպ խրել: Եկեք մտեք նախարարություն տեսեք՝ շուրջօրյա հերթապահություն է: Մեր հեռախոսները չեն լռել: Հիմա ի՞նչ ասեմ՝ ոնց ենք տանում աշխատանք իսլամական պետություններում ապրող հայերի հետ: Բաներ կան, որ չենք ասում: Այս օրերին հոգիդ թույլ էլ չի տալիս, որ վեր կենաս էկրանից խոսես: Մենք ամեն օր հատուկ մեսիջներ ենք ուղարկել Սփյուռքին, որ Արցախի անկախությունը ճանաչեն: Սփյուռքն իմ աշխատողները չեն, որ հրաման ուղարկեմ: Դուք երբևէ տեսե՞լ եք, որ այսքան կազմակերպված լինեն, ոտքի կանգնած…»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել