Tert.am-ը գրում է.

Սևամորթ ամերիկացին ազատվել է ամերիկյան Լուիզիանա նահանգում գտնվող բանտից, որտեղ 41 տարի է անցկացրել ավելի ուշ հակասահմանադրական ճանաչված դատավճռի պատճառով։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով 57-ամյա Գերի Թայլերի և նրա ընտանիքի հայտարարությունը:

1974 թվականին Թայլերը դատապարտվել է մահապատժի 13-ամյա սպիտակամաշկ Թոմաս Ուեբերի սպանության համար։ Ոստիկանությունը, հիմնվելով միայն սպիտակամաշկ երեխաների ցուցմունքների վրա, ձերբակալել է Թայլերին՝ նրան սպանության մեղադրանք ներկայացնելով։ Գործը քննել է միայն սպիտակամաշկ ատենակալներից կազմված խումբը, որը միաձայն մեղավոր է ճանաչել աֆրոամերիկացուն։ 1976 թվականին Թայլերի մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։

ԱՄՆ-ի վերաքննիչ դատարանը, քննելով 1974 թվականի դատավարությունը, ատենակալների վճիռը հակասահմանադրական է ճանաչել։ Դատարանը վճռել է, որ 16-ամյա դեռահասին դատել են չափահասի նման և, բացի այդ, մերժել են անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Այնուամենայնիվ, նրան թույլ չեն տվել հասնել վերաքննության։

Նա կարողացել է բանտից դուրս գալ միայն այժմ՝ Լուիզիանայում անչափահաս հանցագործների համար ցմահ ազատազրկման պատժամիջոցի վերացման շնորհիվ։ Այդ հանգամանքը թույլ է տվել դատական նիստ անցկացնել, որտեղ Թայլերն ընդունել է իր մեղքը և դատապարտվել 21 տարվա ազատազրկման: Քանի որ նա կրկնակի շատ է մնացել բանտում, նրան անմիջապես ազատ են արձակել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել