Այս օրերին, երբ Արցախում մոլեգնում է պատերազմը, Սփյուռքի մեր ազգային կազմակերպություններն իրենց առջև պետք է խնդիր դնեն՝ հայապահպանությունից անցնել հայապաշտպանության․ բառի ամենաբուն իմաստով։ Իրենց գործունեության էպիկենտրոնը պետք է ուղղվի Հայաստանին ու Արցախին, և խոսքը միայն նյութական աջակցության մասին չէ։ Հայրենիքն այսօր կարիք ունի նրանց, առավել ևս՝ գերտերությունների մեր համայքների, դիվանագիտական, իրավական ու բարոյական գործուն աջակցության։ Այլապես որևէ արժեք չունեն տասնամյակներ տևած՝ հայապահպանության ջանքերը, եթե այսօր շուրջ 10մլն հայությունը լուռ պետք է հետևի, թե պատմական Հայրենիքի իրենց հայրենակիցներն ինչպես են դիմադրում հերթական մարտահրավերին, որում բառացիորեն վճռում է Արցախի, ամբողջ Հայաստանի, և ըստ այդմ՝ համայն Հայության ճակատագիրը։

Սփյուռքի ճանաչված գործիչներն իրենց հեղինակությունը պետք է կիրառեն՝ ներկայացնելու աշխարհին վերջին ագրեսիայի ու դրա կասեցմանն ուղղված՝ մեր զինվորների խիզախումների մանրամասները, պատճառներն ու դրանց հետևանքները։ Դա անհրաժեշտ է անել դիվանագիտական ու ինֆորմացիոն ամենատարբեր խողովակներով, այդ նպատակի համար հրավիրված հատուկ ընդունելությունների միջոցով և իհարկե՝ անձամբ Հայաստան ու Արցախ այցելելով։

Որքան էլ մեր ռազմական գերակայությունը շփման գծի ողջ երկայնքով, մանավանդ վերջին օրերին, ակնառու է, և այն քաջ հայտնի է նաև համաշխարհային ուժի կենտրոններին, սակայն մենք կարիք ունենք արդարացիորեն շահելու նաև համաշխարհային հանրության համակրանքն ու իրավական աջակցությունը, որը հետագայում մեզ համար քաղաքական կապիտալի կվերածվի՝ բանակցությունների սեղանին այլևս որևէ զիջման կամ "հողեր վերադարձնելու" ցանկացած ճնշում չեզոքացնելիս։ Այդ գործն իր վրա պետք է վերցնի հայկական Սփյուռքն ու նաև դրանով սատար կանգնի Հայրենիքին։

Սա կենաց և մահու պայքար է, սա Հայի ու Հայաստանի լինելիության հարցն է, որը համազգային ջանք է պահանջում՝ թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում, և թե՛ դիվանագիտական ու ինֆորմացիոն ճակատներում։

Սփյուռքն այսօր իր ուժը պետք է վճռականորեն ի ցույց դնի՛, դա հզորագույն աջակցությունն է առաջնագծի մեր զինվորին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել