Tert.am-ը գրում է.
Զարմացած եմ, որ ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի ֆորումն այս տարի գումարվում է Բաքվում: Tert.am-ի հետ զրույցում ասաց Բաշկիրիայի Ազգային ժողովի փոխնախագահ, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովը՝ նշելով, որ քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը Հայաստանի կողմից համարժեք պատասխան ստացել է: Ըստ նրա՝ եթե Արցախում տարածք հանձնվի, ապա պատերազմն անխուսափելի է։

- Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած քառօրյա պատերազմի արդյունքում Հայաստանում շատերի ակնկալիքները Ռուսաստանից՝ որպես դաշնակցային պետության, չարդարացան: Ավելին, պարբերական քննադատությունները հակառակորդ կողմին զենք չվաճառելու մասին, ռուսական իշխանությունների կողմից այդպես էլ մնացին անպատասխան: Ինչո՞ւ:
 
- Կարող եմ մեջբերել միայն Ռուսաստանի պաշտոնական տեսակետը, որը հնչեցվեց մեր նախագահի՝ Վլադիմիր Պուտինի կողմից, որ ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով, առանց զենքի կիրառման: Իսկ մնացածը, նկատի ունեմ զենքի վաճառքը, շատ սուր քաղաքական հարց է ու ես չէի ցանկանա մտնել դրա մեջ:
 
- Ձեր կարծիքով՝ ինչո՞վ են պայմանավորված զենքի վաճառքի շուրջ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հակասական հայտարարությունները: Մի կողմից ՌԴ ԱԺ փոխնախագահի հայտարարությունը, որ զենք վաճառել այլևս պետք չէ ու մյուս կողմից փոխվարչապետ Ռոգոզինի պնդումները, թե ՌԴ-ն շարունակելու է զենք վաճառել:
 
- Առաջին հերթին, զենքի վաճառքը, միջազգային երևույթ է, այն բնորոշ չէ միայն Ռուսաստանին: Ցավոք, բոլորը զենք վաճառում են, զենք գնում են: Հասկանում եք, իրավիճակն այնպիսին է, որ Ռուսաստանը չի կարող կողմերից մեկի օգտին հանդես գալ, դրա համար փորձում է ավելի չեզոք դիրք գրավել: Միայն փաստը, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, ՀԱՊԿ անդամ-պետություն է, զսպող հանգամանք է դառնում սուր հայտարարություններ հնչեցնելու համար:


- Շատ են կարծիքներն այն մասին, որ երբ ռուս-թուրքական հարաբերությունները լարվեցին, Հայաստանն առաջինն էր ու, ըստ էության, միակը, որն ամբողջապես աջակցեց ՌԴ-ին, բայց Ռուսաստանն այդպես չվարվեց ՀՀ պարագայում: Ի՞նչը խանգարեց:
 
- Ոչ, ոչ, ամեն ինչ այնքան վատ չէ, որքան դուք եք ներկայացնում, որքան կարծում են մարդիկ, ում տեսակետը դուք մեջբերեցիք: Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, միակ դաշնակիցը՝ հետխորհրդային պետությունների շարքում: Իհարկե, Հայաստանը պետք է աջակցեր Ռուսաստանին՝ հաշվի առնելով հենց պատմական հարաբերությունները, որոնք ունի թուրքական աշխարհի հետ: Ամեն դեպքում, վստահ եղեք, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի արյուն չթափվի, պատերազմ չլինի: Ցավոք, վերջին օրերին արյուն թափվեց, ինձ՝ որպես ոչ ռազմական գործչի, որևէ բան չի կարող սփոփել, երբ երիտասարդի  կյանք է վտանգված: Գիտեք, ես շատ զարմացած եմ, որ ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի ֆորումն այս տարի գումարվում է Բաքվում: Սպանել են, մարդիկ են սպանել, ու հիմա…
 
- Մտահոգիչ չէ՞, որ ռուսական չեզոքությունը հանգեցնում է Հայաստանում հակառուսական տրամադրությունների:

- Իհարկե, մտահոգիչ է: Քաղաքականության մեջ չկա լիարժեք հարաբերություն, 100 տոկոսանոց համաձայնություն լինել չի կարող, պետության մեջ լինում են մարդիկ, որ կողմ են, մյուսները՝ դեմ… Պարզապես Հայաստանում այս մասին պետք է հասկանան, չտրվեն պահին: Ադրբեջանը ստացել է իր ադեկվատ պատասխանը Հայաստանի կողմից, սա է, ավելին ասել չեմ կարող: Մնացածը մեր նախագահը արտահայտել է, մենք կողմ ենք խաղաղ կարգավորմանը: Դիվանագիտությունը պետք է առաջնային լինի, ռազմական գործողությունները պետք է անգամ չքննարկվեն որպես տարբերակ: Բանակցությունները պետք է ընթանան, դրա համար կա ՄԱԿ-ը, կան համանախագահ պետությունները: Ամեն ինչ պետք է արվի՝ ցանկալի խաղաղությանը հասնելու համար: Պատերազմը ցանի պես մի բան է, կտարածվի, երբ սկսվի: Սերգեյ Լավրովը եկավ չէ՞ Երևան, սա արդեն ուղերձ է իր մեջ պարունակում:

- ՌԴ ԱԳ նախարարի այցը որևէ բան փոխե՞ց:

- Գուցե, ինչ իմանանք, դիվանագիտությունը փողոցում չի ընթանում, փակ դռների հետևում են պայմանավորվածությունները ձեռքբերվում:

- Խոսվում է այն մասին, որ ՌԴ-ն կարող է ճնշման միջոցով տարածքային զիջումներ պարտադրել: Հնարավոր համարո՞ւմ եք:

- Ոչ: Չեմ կարծում: Եթե տարածք տրվի, պատերազմ կլինի, իսկ պատերազմը տարածաշրջանին պետք չէ, մեզ խաղաղություն է պետք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել