Պատերազմն ինձ համար պապիկս ա: Պապիկը, որը մի օրվա մեջ կորցրեց երկու հարկանի տունը ու անվերջ թվացող այգին, խնամքով հետևած անասուններին Մարտակերտում: Որը լինելով հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ, տղաներին ճանապարհեց մարտի դաշտ, մի գիշերվա մեջ վերցնելով մորաքրոջս, հղի հարսին ու տատիկին ռմբակոծության տակ բերեց հասցրեց Երևան ու սկսեց շուկայում միրգ վաճառել, որովհետև երբեք իրեն թույլ չէր տա ուրիշի ձեռքին նայել: Միրգ էր վաճառում, գալիս ինձ դպրոցից վերցնում էր, տառերն էր սովորեցնում, շունչս կտրվելու աստիճան ինձ փշուր-փշուր սիրահարվացնում գրականությանը, հետս խաղում, տանը եթե վերանորոգելու բան կա՝ սարքում, ու գնում հետ՝ շուկա:
Տատիկս ամեն անգամ հրավառության ձայն լսելուց վեր ա թռնում, հետո աչքերը լցնում. ցանկացած նմանատիպ աղմուկ իր համար ռմբակոծության հետ ա ասոցացվում: Երբ պապիկը կար, ռիսկ չէր անում լացել: Հենց վեր էր թռնում, ձեդոս խիստ հայացքով դեմքին էր նայում, գլուխը կախում էր ու քարանում:
Որովհետև ղարաբաղցուն լացել չկա: Որովհետև լացն իր ետևից էլի լաց ա բերում: Ուզում ես լաց լինել՝ թաքուն լացի, միայնակ լացի, ցավի, ոռնա, բայց չհամաձրակվես արցունքներդ ուրիշի վզով փաթաթել: Դրա համար երբ պատերազմական կադրեր էին ցույց տալիս, ձեդոն նայում-նայում էր, հետո մի պահ սենյակից դուրս գնում: Իր մահից հետո տատիկը երբեմն սկսել էր լաց լինել հրավառության ձայներից: Բայց հիմա, երբ իրավիճակը սրվել ա, ու երբ գալիս ա մեր տուն ու փորձում եմ հետը խոսել, սահմանի վիճակից պատմել, զգում եմ, որ խոսքս չավարտած սենյակից դուրս ա գալիս: Ու ես իրեն չեմ հետևում: Որովհետև ինձ պապիկիս հետ կապում ա գրելը, իսկ իրեն՝ պապիկի պահվածքը՝ անգամ էսքան տարի հետո նույն կերպ կրկնելը: Ու կան ցավեր,որոնց չի կարելի ձեռք տալ՝ եթե դրանք բուժելու ձևը չգիտես:
Պատերազմը պապիկիս դանդաղ սպանեց: Երբեք չխոսեց գյուղից փախնելու օրվա մասին, երբեք չնշեց, որ կարոտում է իր տետրերն ու դասարանները, ոչ մի օր չտրտնջաց, չբողոքեց, չպահանջեց արդարություն, չչարացավ: Բայց էդքան ցավը ներսից կերավ ու կերավ իրեն: Չլիներ պատերազմը, երևի հիմա հատակին նստած ու ծնկներին հենված էս տեքստն իր համար կարդայի: Բայց էդքան բախտավոր չեմ:
Պատերազմն ինձ համար պապիկս ա, որովհետև պատերազմն իր պահվածքի նման են հաղթում. կոնկրետ գործողություններ անելով, չնահանջելով, քայլ առ քայլ սեփականը կերտելով, ուժեղ կողմերը զարգացնելով՝ մոռանալով թույլերի մասին:
Հիմա երբ զանգում ենք մեր բարեկամներին, որոնք էլի իրենց տներից դուրս են եկել, տպավորություն է, թե պապիկիս նույն՝ խիստ հայացքի տակ են խոսում: Ոչ մի նվնվոց, դժգոհություն: Ուղղակի չոր ու ցամաք փաստերի ընկալում: Իրավիճակը սա ա: Ու լացել չկա: Որովհետև լացելու ժամանակ չկա: Ճաշ պետք ա եփվի, ծառ պետք ա ջրվի: Թե ինչ ա կատարվում ամեն մեկի հոգում հիմա՝ երևանյան իմ տաք ու հարմարավետ սենյակում նստած դժվար պատկերացնեմ: Երևի պետք էլ չի: Թե ինչքան անհանգստություն ու թաքուն ցավ կա մեր մեջ էս օրերին՝ էս հարմարավետ գոտում ապրելով հանդերձ, էդ էլ մենք գիտենք: Բայց գլխներիս հրաման կա. լացել չկա: Բողոքել չկա: Ոչինչ, դու ներքուստ կաղկանձի ցավից, բայց ժպտա, դա ցանկություն չի, դա պահանջ ու պարտականություն ա: Որովհետև դեռ ոչ մի պատերազմ սենտիմենտալ դրսևորումներով չեն հաղթել:
Улыбайтесь, господа! Սահմանի տղերքի հրամանն ա մեզ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել