Կառավարությունը երեկվա նիստում անդրադարձել է չափազանց կարեւոր եւ հասարակությանը խիստ հուզող հարցի՝ պատերազմական վերջին գործողությունների ընթացքում զոհված մեր զինծառայողների ընտանիքներին պետական աջակցություն ցուցաբերելուն:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հիշեցրել է օրենքով նախանշված որոշակի հատկացումների մասին, մասնավորապես սահմանված է 2 մլն դրամ ապահովագրական վճար` մարտական գործողությունների ընթացքում զոհվելու դեպքում, ինչպես նաեւ՝ 1,4 մլն դրամ հուղարկավորության կազմակերպման եւ 700.000 դրամ՝ գերեզմանների բարեկարգման համար, որոնք վճարվում են պաշտպանության նախարարության կողմից, իսկ ընտանիքների անաշխատունակ անդամներին նշանակվում են ամսական վճարվող կենսաթոշակներ եւ պարգեւավճարներ` օրենսդրությամբ սահմանված չափերով:

Նախարարի խոսքով, այս ընթացքում մեր բազմաթիվ քաղաքացիներ եւ կազմակերպություններ շարունակում են նշված ընտանիքներին աջակցելու պատրաստակամություն հայտնել: «Այս գործընթացները առավել նպատակային եւ հասցեական դարձնելու համար առաջարկում ենք դնել համակարգային հիմքերի վրա` ընդգրկելով «սոցիալական աշխատողի» ինստիտուտը»,- ասել է Ա.Ասատրյանը։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նշել է, որ նախապատրաստվել են մի շարք հանձնարարականներ, որոնք գրավոր կուղարկվեն բոլոր նախարարություններին, գերատեսչություններին:
Դե ինչ, այս ամենը, ինչ խոսք կարեւոր է: Նմանապես կարեւոր է, որ մեր զոհված զինծառայողների ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը իսկապես համակարգված եւ արդյունավետ լինի: Սակայն թույլ տանք մեզ նկատել, որ կատարվող կոնկրետ գործողությունների առումով որոշակի դանդաղկոտության տպավորություն կա: Հնարավոր է՝ դա խաբուսիկ տպավորություն է եւ ավելի շատ պայմանավորված է ընդհանուր հասարակական տրամադրությամբ:
Հասկանալի է, իհարկե, որ ինչ էլ հիմա արվի, մեզ քիչ է թվալու: Բայց նմանապես հասկանալի ու, վստահ ենք, անկախ դիրքից, պաշտոնից կամ կողմնորոշումներից, բոլորի համար ընդունելի է, որ Հայրենիքի համար իրենց կյանքը անվարան նվիրաբերած մեր հերոսների ծնողներն ու զավակները սեփական երկրում չպետք է գլխահակ մնան: Եվ սոցիալական ապահովության առումով էլ չպետք է որեւէ նեղվածություն ունենան:
Մի անգամ արդեն նման մի սխալ թույլ ենք տվել մեր բազմաթիվ ազատամարտիկների ու պատերազմի վետերանների հանդեպ: Երկրորդ անգամ նման սխալ կրկնելու ոչ մի իրավունք չունենք:
Հարկավ ասվածը ենթադրում է, որ ժամանակի ընթացքում, հատկապես այս՝ տակավին ընթացող պատերազմական գործողությունների ավարտից հետո, հարկ է վերադառնալ Արցախի ազատամարտի մասնակիցների հանդեպ եւս պետության սոցիալական պարտավորությունները վերագնահատելու խնդրին: Դա չափազանց կարեւոր է, եւ ամենից առաջ կարեւոր է մեզ համար:
Եվ այս համատեքստում չես կարող անհույզ ու առանց նեղսրտելու անդրադառնալ այն փաստերին, որ այս վերսկսված պատերազմի հերոսներից լեյտենանտ Արգիշտի Գաբոյանի՝ Մեծ Մանթաշ գյուղում ապրող ընտանիքը պատսպարվում է մի շինության մեջ, որ նախկինում գյուղական ճաշարան է եղել ու տակավին զուրկ է, այսպես ասենք՝ նորմալ կենցաղային պայմաններից:
Կամ մի՞թե կարող ես անտարբեր մնալ գյումրեցի փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հոր վրդովված խոսքը լսելուց հետո: Այս դեպքում էլ ընտանիքին «SOS Գյումրի» ծրագրին նվիրաբերված բնակարաններից մեկն է առաջարկվել, սակայն Առաքելյանների ընտանիքը նշում է, որ այդ բնակարանը, նախ, բավական հեռու է հայրական օջախից, երկրորդ՝ այն լուրջ վերանորոգման աշխատանքների կարիք ունի:
Ու հարց է ծագում: Չի կարող չծագել: Լավ, մի՞թե պետության ու հասարակության մասշտաբով այդքան մեծ ու բարդ հարց է կոնկրետ երկու ընտանիքի բնակարանային արժանապատիվ պայմաններով ապահովելը, պարզ ասած՝ մարդկանց նորմալ, տեղը տեղին բնակարան (տուն) տրամադրելը: Չենք կարծում, թե անլուծելի կամ շատ երկար ժամանակ պահանջող հարց է, մանավանդ երբ ունենք մեր հայրենակից ու նույնպես այս պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի ընտանիքին ցուցաբերված ընդգրկուն աջակցության օրինակը:
Եվ սրանք հարցեր են, որոնք արագ ու հստակ պետք է լուծվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել