Tert.am-ը գրում է.

Արցախյան պատերազմի առաջին օրերին  պաշտպանության բանակի զոհված սպաներից երկուսը՝ Հովսեփ Կիրակոսյանը և Աշոտ Շահբազյանը «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամի կամավոր դոնորներ էին:

Այս մասին հայտնում են Շահբազյանը «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամից։

Հովսեփ Կիրակոսյանը և Աշոտ Շահբազյանը որպես ՈԴՀՌ կամավորագրվել են ռեեստրին 2006- ից 2010 թթ., Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կազմակերպված ամենամյա դոնորագրումների ժամանակ:

«Յուրաքանչյուր հայ զինվորի կորցրած կյանք շատ մեծ վիշտ է մեր բոլորի համար, - ասել է Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի նախագահ Դր. Ֆրիդա Ջորդանը,- այսօր, երբ մենք պարզեցինք, որ Հովսեփ Կիրակոսյանը և Աշոտ Շահբազյանը եղել են մեր հիմնադրամի կամավոր դոնորներ, մեր վիշտը ավելի խորն է, իսկ հիացմունքը նրանց անձնուրացության և հերոսության հանդեպ էլ ավելի մեծ: Մեր զինվորները դեռ ուսանողական տարիներից պատրաստ են եղել փրկել մարդկային կյանքեր ոչ միայն ռազմի դաշտում`պաշտպանելով մեր հայրենիքը, այլ նաև խաղաղ պայմաններում`օգնելով արյան քաղցկեղից տառապող հիվանդներին: Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհված զինվորների և սպաների ընտանիքներին»։

Ամեն տարի «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ինչպես նաև Հայաստանի և Արցախի տասնյակ այլ հաստատություններում, բուհերում, համայնքային կենտրոններում և ՀԿ-ներում անցկացնում է դոնորագրումներ:

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ամենամյա ներդրումը ՈԴՀՌ հիմնադրամի ընտանիքի կայացման գործում շատ մեծ է և կարևոր: Հայ զինվորները և սպաները կազմում են մեր կամավորների ստվար մասը:

Նրանք ոչ միայն կամավորագրվել են ՈԴՀՌ հիմնադրամին, այլև նրանցից երկուսը՝ Արտակ Լազյանը և Հովհաննես Ալիխանյանը փրկել են մարդկային կյանքեր՝ նվիրաբերելով իրենց ցողունային բջիջները փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել