Երևանի Արշակունյաց պողոտայի 46 և 46/1 շենքերի բնակիչներն արդեն մեկ շաբաթ է՝ պայքարում են իրենց բակում կառուցվող շինությունն ապամոնտաժելու համար։ Նրանք դիմում են ներկայացրել տարբեր պետական ատյանների՝ բողոքելով Մուրադ Դաղարյանի դեմ։ Նրանց դիմումում նշվում է, որ պահանջում են վերջինիս կողմից վերոհիշյալ շենքերի բակում (Արշականյաց պող. և Ֆրունզե փող. խաչմերուկ) սույն թվականի ապրիլի 21-ից ապօրինաբար կառուցվող շինությունն ապամոնտաժել և հանրային սեփականություն հանդիսացող կանաչապատ տարածքը վերականգնել։

 

BlogNews-ի հետ զրույցում բնակիչները նշեցին, որ շինությունը փակում է առաջին, երկրորդ հարկի բնակիչների տուն ընկնող արևի լույսը, բացի այդ՝ տարածքում գտնվում էր գեղեցիկ զրուցարան, որը կառուցվել էր շենքի բնակիչների կողմից։

«Մուրադ Ղագարյանը բնակվում է Արշականյաց 46 շենքի 75 բնակարանում։ Այստեղ բնակության հաստատելուց հետո նախ նրա կողմից ոչնչացվեց զրուցարանի գույքը, այնուհետև կտրատվեցին տասնյակ տարիներ առաջ տնկված խաղողի վազերը, իսկ ապրիլի 21-ից այդ կանաչապատ տարածքը ցավոք վերածվեց շինհրապարակի։ Երկաթյա, ահռելի չափսերով տձև շինությունը կառուցվում է ապօրինի կերպով։ Այն խոչընդոտում է արևային լույսի ներթափանցմանը բագմաթիվ բնակարաններ, կառուցվում է հանրային սեփականություն հանդիսացող կանաչապատ տարածքում, որտեղ գտնվում էր կանաչապատ և խնամված զրուցարանը»,- ասված է բնակիչների բողոքում։

Բնակիչներն ասում են, որ դիմել են թաղապետարան, քաղաքապետարան և այլ պետական ատյանների, սակայն իրենց դիմումն անպատասխան է մնացել։ «Փոխարենը թաղապետարանի երկու աշխատակից այցելել են մեր բակ, հյուրընկալվել Մ. Ղագարյանի տանը և քիչ անց հեռացել։ Քաղաքապետարան հանձնված դիմումը և քաղաքապետարանի թեժ գծին ուղղված բագմաթիվ գանգերն ապարդյուն են եղել։ Նշենք նաև, որ Մ. Ղագարյանի կինը՝ Գայանե Անտոնյանը, աշխատում է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունում։ Նա, չարաշահելով իր պաշտոնը, թույլ չի տալիս, որպեսզի քաղաքապետարանում ընթացք տան բագմաթիվ բնակիչների բողոքներին։ Ավելին, ապօրինի շինարարական աշխատանքների սկսվելուց ի վեր բնակիչներն ահաբեկվում են։ Հարցը հասել է նրան, որ բողոքող քաղաքացիներին սպառնում են աշխատանքից հեռացնելով, ցանկացած պատեհ և անպատեհ առիթ օգտագործվում է բանկիչներին համոզելու համար, որ հետ վերցնեն իրենց բողոքները»,- նշում են բնակիչները։

Բնակիչները նաև ասում են, որ Մուրադ Դազարյանի ընկերները հսկում են ապօրինի կառույցը, անհարգալից արտահայտություններ անում՝ ուղղված բակի կանանց։ 

     

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել