Tert.am-ը գրում է.
Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը պատրաստ է եղել Ադրբեջանի Պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, թե կռմբահարեն Ստեփանակերտը:  Այս մասին Atsakhtimes-ին տված հարցազրույցում նշել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
 
«Իմ  հաջորդ հրամանն է եղել` դուրս բերել կրակային դիրքերին մեր զենիթահրթիռային և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը , մեր հրթիռային համակարգերը և նման քայլի դեպքում մեր պատասխանը կլիներ համարժեք»,-ասաց Բակո Սահակյանը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իրատեսական էր դիտվում Ադրբեջանի նման սպառնալիքը, որ կգնային Ստեփանակերտի ռմբահարելու քայլի:

«Այլևս կասկածի առնել կնշանակի, որ մենք շարունակում ենք մնալ մոլորվածի կարգավիճակում։ Դպրոցում սպանված մեր 12-ամյա երեխան, մեր գլխատված տղաների մարմինները, իրենց բնակարանում սպանված մեր 90-ամյա ծնողները, մյուս վայրագությունները վկայում են այն մասին, որ նրանք հերթական անգամ գալիս էին գլխատելու մեզ  բոլորիս, հոշոտելու մեր նախնիների գերեզմանները, բռնաբարելու մեր կանանց և երեխաներին»,-հավելեց ԱՀ նախագահը և ամփոփելով` նշեց, որ այո, Ստեփանակերտը, պարտավոր էր  համարժեք որակումներ տալ նրանց գործողություններին՝ «և մեր հետագա բոլոր գործողություններն իրականացնել` ելնելով այդ դաժան ճշմարտությունից»:

Պատասխանելով հարցին, թե Արցախյան հերոսամարտն էր համարվում առասպելներ ծնող ժամանակաշրջան, սակայն ապրիլյան քառօրյան վկայեց, որ զավակները չեն զիջում ծնողներին, Բակո Սահակյանը նկատեց, որ դժբախտ են այն  ժողովուրդները, որոնց  կյանքը չի ուղեկցվում առասպելներով և  նշեց, որ մեր այս տղաները նոր առասպելներ հյուսեցին և հպարտության տեղիք տվեցին այնպես, ինչպես մենք հպարտանում ենք Սասունցի Դավթի ու մյուս հերոսների  մասին  առասպելներով:

Ըստ Բակո Սահակյանի` սա վերաբերում է ինչպես մեր երիտասարդ  զինվորներին, այնպես էլ   մեր կամավորականներին:

Նա նշեց, որ Ադրբեջանի գործողություններին միջազգային հանրությունն ավելի դիպուկ գնահատականներ պետք է տա,քանի որ Ադրբեջանի վայրագությունները  ոչ միայն հայերին  ու Արցախին է սպառնում, այլ նաև միջազգային հանրությանը:

«Բավարարված չենք նրանց հայտարարություններից ու գործողություններից, որովհետև միջազգային հանրությունը նման դեպքերում կիրառում է նրանց կարգի հրավիրելու բոլոր միջոցները»,-հավելեց ԱՀ նախագահը:

Պատասխանելով հարցին, որ Ապրիլյան պատերազմը Հանրապետության տարեգրությունը բաժանեց մինչև և հետո շրջափուլերի։ Հարցազրույցի պահին Բակո Սահակյանը  քաղաքացիական հագուստով է և արդյո՞ք դա նշանակում է, որ պատերազմական ու հետպատերազմական փուլերը հաղթահարվա՞ծ են, նա ասաց.« Այս օրերի ընթացքում ես լինում եմ ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական համազգեստով: Պահանջն է այդպիսին: Կապված հարցի հետ, թե հաղթահարված են խնդիրները, ես կասեի, որ ոչ թե հաղթահարված են, այլ գտնվում ենք հաղթահարման շրջանում: Մեր խնդիրներին գումարվել են նոր խնդիրներ և այս պահի դրությամբ մենք աշխատանքներ ենք իրականացնում վերադառնալու բնականոն կյանք»։

Բակո սահակյանը նշեց, որ  արդեն Արցախի կրթական հաստատություններում, մշակութային օջախներում  ստեղծված են անհրաժեշտ պայմանները` բնականոն կյանքի վերադառնալու:
 
«Մենք աշխատանքներ ենք իրականացնում գյուղատնտեսական ոլորտում, գտնվում ենք գարնանացանի ժամանակաշրջանում և մեր հացի մշակները, հողօգտագործողներն  իրականացնում են համապատասխան աշխատանքներ: Միջոցառումներ ենք իրականացնում  մեր արդյունաբերական հատվածի հետ կապված և այս աշխատանքները իրականացնում են ոչ միայն կառավարման համակարգի պատասխանատուները, այլ այս գործընթացին մասնակցում են մեր քաղաքացիները , արհեստավորները, մեր բժիշկները, մեր արվեստագետները»,-շարունակեց  Արցախի նախագահը:

Նա նշեց, որ  այս գործընթացին իրենց ազդեցիկ մասնակցությունն են բերում Մայր Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերն ու եղբայրները:

«Ստեղված են բոլոր նախադրյալները և մենք ամեն կերպ նպաստելու ենք, որ  այդ բնականոն կյանքին վերադառնալու հնարավորինս կարճ ժամկետում»,-հավաստիացրեց Բակո Սահակյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել