Tert.am-ը գրում է.
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Tert.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Բաքվում հստակ որոշում կա՝ ԼՂ խնդիրը լուծելու համար չգնալ բանակցային ճանապարհով: Նա ընդգծեց, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ հիմա Բաքուն մի նախապայման է դնում, որին երբեք չի համաձայնելու հայկական կողմը՝ դուրս հանել հայկական բանակը Արցախի սահմաններից:

«Միանշանակ այդպիսի բան չի լինելու և կարծում եմ, որ եթե անգամ Ադրբեջանը վերադառնա բանակցային սեղանի շուրջ, կլինի ձևական՝ հանդիպում հանդիպման համար: Իրենց  մոտեցումը այսքան տարիներ անփոփոխ է և այս պատերազմից հետո՝ առավել ևս: Հետևաբար բանակցությունները կլինեն ինքնանպատակ»,- ասաց նա:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ ստեղծված իրավիճակում հայկական կողմից քաղաքական քայլեր են անհրաժեշտ, մասնավորապես՝ Արցախի անկախության ճանաչումը:

«Պետք է սկսել այդ գործընթացը, որից հետո եվրոպական երկրները աստիճանաբար կարող են ճանաչել Արցախի անկախությունը: Կարծում եմ, որ այս պահի դրությամբ, սա Հայաստանի միակ քաղաքական քայլն է, որ կարող է կյանքի կոչվել ու որևէ արդյունք տալ»,-ասաց նա:

Քաղաքագետն ընդգծեց, որ բանակցային ճանապարհով, միևնույն է, որևէ խնդիր այս պահին չի կարող լուծվել, այդ շրջանը Ադրբեջանը նորից կօգտագործի սպառազինությունը մեծացնելու նպատակով:

«Ի վերջո, այս պայքարի ամբողջ նպատակը Արցախի ներկայիս կարգավիճակը հաստատելն է, Ադրբեջանի կողմից կոնստրուկտիվ մոտեցումների պետք չէ սպասել, քանի որ ակնհայտ է, որ դա չի լինելու: Հիմա այն փուլն է, երբ ադրբեջանական կողմը փորձում է սահմանին լուծել ապրիլի 2-ին թույլ տված սխալները, իսկ հայկական կողմը լավ հնարավորություն է տեսնում հարցը մեկընդմիշտ լուծելու համար… Կա նաև արտաքին ճնշում, մասնավորապես Ռուսաստանի կողմից, որի համար պատվի հարց է դարձել իր միջնորդությամբ լուծել խաղաղության պահպանման խնդիրը, այդ է պատճառը, որ ներկայումս զսպվում է պատերազմի երկրորդ փուլի վերսկսումը»,- ասաց նա:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ եթե ՀՀ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումից հետո Ադրբեջանն սկսի նորից հարվածել Արցախի սահմաններին, ապա լավ առիթ կլինի հարցերը վերջնականապես լուծել ռազմի դաշտում, եթե չհարվածի, դարձյալ կլուծվի Արցախի կարգավիճակի հարցը: «Դրանից հետո կարելի է նստել թեկուզ 100 տարի բանակցել»,- ասաց նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել