Tert.am-ը գրում է.
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Հայաստանում Ինդոնեզիայի դեսպան Նինիեկ Կուն Նարյաթիին (նստավայրը՝ Կիև):

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց Նինիեկ Կուն Նարյաթիի գործունեությունը Հայաստանում Ինդոնեզիայի դեսպանի պաշտոնում՝ ընդգծելով, որ այդ ընթացքում կայացավ Ինդոնեզիայից առաջին բարձրաստիճան այցը Հայաստան՝ Երևան այցելեց Ինդոնեզիայի խորհրդարանի Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունը, Ինդոնեզիան վերացրեց մուտքի արտոնագրի պահանջը ՀՀ քաղաքացիների համար, Հայաստանում տեղի ունեցան Ինդոնեզիայի մշակույթի օրեր։
 
Շնորհակալություն հայտնելով իր գործունեությանը Հայաստանի ԱԳՆ կողմից ցուցաբերած աջակցության համար՝ դեսպան Նարյաթին նշեց, որ Ինդոնեզիան կարևորում է Հայաստանի հետ տարբեր բնագավառներում համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումը, և ընդգծեց, որ իր առաքելության ընթացքում փորձել է առավելագույն ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։
 
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգային հարցերի շուրջ, կարևորեցին իրավապայմանագրային դաշտի ամրապնդումը։
 
Հաջողություն մաղթելով դեսպանին հետագա գործունեության ընթացքում՝ Էդվարդ Նալբանդյանը՝ ի նշանավորումն հայ-ինդոնեզական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի, Նինիեկ Կուն Նարյաթիին պարգևատրեց ԱԳՆ պատվո մեդալով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել