Tert.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խումբը պատերազմից հետո մի տեսակ ձեռքերը լվաց-գնաց՝ հարցի կարգավորումը թողեց ռուսներին, չնայած Ռուսաստանն ասում է, որ ամեն քայլ համաձայնեցված է: Բայց ակնհայտ է, որ հիմա կարգավորմամբ Ռուսաստանն է ավելի ակտիվ զբաղվում։


Այս մասին Tert.am-ին հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը` ի պատասխան հարցի, թե ինչո՞վ է բացատրում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լռությունը, երբ Ադրբեջանի զինտեխնիկայի հարվածներին է ենթարկում խաղաղ բնակչությանը։


Ըստ որում, Մանվել Սարգսյանն ընդգծեց, թե Մինսկի խմբի լռությունը պատահական չի համարում և կրկնեց, որ «լռում են, որ Ռուսաստանը կարգավորի, որի մոտեցումը մի քիչ տարբերվում է»: Ըստ քաղաքագետի՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե պահպանվում է անժամկետ զինադադարը և հղումը 1994 և 1995 թթ. պայմանագրերին, մեծ հարված հասցրեց Բաքվին, քանի որ դա նշանակում էր, որ եթե սկսվեն բանակցություններ, ապա չեն կարող անցկացվել առանց ԼՂՀ մասնակցության:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտնել էր, որ երբ Բաքվում կազմակերպվում են միջազգային տարբեր ֆորումներ, որում հանդես են գալիս տարբեր քաղաքական գործիչներ և Ադրբեջանը ներկայացվում է որպես «հանդուրժողականության» օրինակելի պետություն, դրանից հետո, իհարկե, Բաքուն կրակելու է:

«Եվ պետք է շատ զգույշ լինել ֆաշիստական պետությանը նման գովաբանություններ անելուց, որովհետև սա արտահայտվում է սպանություններով, կտրված ականջներով, գլխատված մարմիններով: Եվ պետք է եվրոպացիներին ցույց տալ՝ ում են նրանք գովաբանում»,-ասել էր Դավիթ Բաբայանը:


«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնալով թեմային ասաց, որ միջազգային դիտորդների լռությունը պայմանավորում է ՀՀ-ի պակաս հետևողականությամբ:

«Ես համոզված եմ, որ Հայաստանը պետք է ոչ թե զուտ հայտարարություններ անի, այլ գործընթաց սկսի, նույն գործադիր մարմնի ներկայացուցիչները՝ լինի ՄԱԿ-ում, թե ԵԱՀԿ-ում, ԵՄ-ում, որտեղ ներկայացված ենք ինչ-ինչ պլատֆորմում, այդտեղ պետք է հետևողական աշխատանք տանեն: Այսինքն, որ այդ խնդիրները դառնան քաղաքական օրակարգի հարց»,- նշեց Լարիսա Ալավերդյանը՝ չբացառելով, իհարկե, որ համապատասխան աշխատանք տարվում է, բայց արդյունքները դեռ տեսանելի չեն:

Լարիսա Ալավերդյանի բանաձևն է, որ պետք է անել ավելին ու դա չանել միայնակ, այլ աշխատել այն պետությունների հետ, որոնք Երևանում դեսպաններ ունեն:


Իրավապաշտպանը, ով համամիտ է Դավիթ Բաբայանի այն դիտարկման հետ, որ խնդիրը այլևս քաղաքական չէ, այլ՝ քաղաքակրթական ու բարոյական, երբ թշնամի պետությունը կտրում է մարդկանց գլուխներ, ականջներ, դրանք տարածում համացանցում, ընդգծեց, որ այդ մասին առաջինն ինքն է խոսել, որ հարցը, այլևս, պետք է դիտել որպես քաղաքակրթական մարտահրավեր, որովհետև «ամենամարդկայնացված դաշտը քաղաքականությունն է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել