Tert.am-ը գրում է.

Երեկ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորների և ՀՀԿ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հանդիպմանը բազմաթիվ հարցեր են քննարկվել մեր հետագա աշխատանքի վերաբերյալ. այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Ըստ նրա, կարևոր նախագծի տապալման համար որևէ մեկը նկատողություն չի ստացել:

«Ոչ թե մարդկանց պատժելու հավաք էր, այլև փորձել հետագայում ավելի բարեկիրթ աշխատել»,-ասաց նա, սակայն համաձայնեց՝ այս ընթացքում արձանագրվել են բացթողումներ:

Նշենք, որ ՀՀԿ խմբակցությունը նախորդ օրը տապալել էր երկու ընթերցում անցած «Հրազդան Ցեմենտ» գործարանին արտոնություններ տալու նախագիծը: ԱԺ նախագահը նշեց, որ եթե ՀՀԿ խմբակցության պատգամավորները ներկա լինեին, ապա նախագիծը կընդունվեր:
 

Գալուստ Սահակյանը, անդրադառնալով սահմանում տիրող լարվածությանը, նշեց, թե Ադրբեջանը զենք է բարձրացրել, որպեսզի գրավի ԼՂՀ որևէ տարածք:

«Այս պատերազմական գործողությունների ընթացքում մեր բանակը կարողացել է կայուն պահել իրեն, հարձակումը, ինչի շնորհիվ, չի եղել»,- նշեց ԱԺ նախագահը:

Հարցին, թե հաշվի առնելով ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունները, հնարավո՞ր է՝ առաջիկայում նոր պաշտոնանկություններ լինեն, Գալուստ Սահակյանը նշեց, որ նման խոսակցություններ չկան: 

Ինչ վերաբերում է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի այն հայտարարությանը, թե այդ հողերը մեզ պետք չեն, Գալուստ Սահակյանը նշեց, թե երևի թե Նաղդալյանն այլ բան է նկատի ունեցել:

«Ո՞նց կարող այդ տարածքները մերը չլինեն: Ես չեմ լսել, որպեսզի իմանամ՝ ինչն ինչպես է»,- եզրափակեց Սահակյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել