Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովում այսօր շարունակվում է «Ընտրական օրենսգրքի»  նախագծի շուրջ պատգամավորների ելույթները: «Հայ Յեղափոխական Դաշնակություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ իրենք ընտրական օրենսգրքի փոփոխությունների իրենց առաջարկներում մաքսիմալիստական, այսինքն` անիրականանալի պահանջներ չեն դրել, աշխատել են փաստարկ-հիմնավորումներով և հասել են որոշակի արդյունքների:

Նա ներկայացրեց այն առաջարկները, որոնք ընդունվել են և նշեց, որ իրենց առաջարկությամբ ամրագրվել է ընդդիմության՝ խորհրդարանում առնվազն մեկ երրորդ ձայներ ունենալու հնարավորությունը, ընտրություններին մասնակցած անձանց անունների հրապարակման նաև իրենց պահանջը ինչ-որ մի՝ խնդիրը լուծող տարբերակով ընդունվել է, ինչպես նաև ընդունվել են այլ առաջարկներ:

«Այո, մեր ոչ բոլոր առաջարկություններն են ընդունվել, բայց մենք այդպիսի պատրանքներ չենք էլ ունեցել։ Բնական է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ նաև իր շահերով է առաջնորդվելու: Ամեն դեպքում, կարծում եմ, որ աշխատելու մեր տարբերակն ավելի արդյունավետ է, քան վերջնագրեր ներկայացնել ու մերժողական կեցվածք ընդունելը»,-ասաց նա և նշեց, որ այդպիսիններն այսօր նոր սահմանադրության պայմաններում են ապրում, վաղն էլ նոր ընտրական օրենսգրքով են մասնակցելու ընտրություններին:

«Մեկ բան մեզ համար ակնհայտ է՝ նոր Սահմանադրությունից բխող նոր ընտրական օրենսգիրքը ընտրական համակարգի հանդեպ հանրության գերակշիռ մասի գրեթե զրոյական վստահությունը էապես մեծացնելու հնարավորություն տալիս է: Բայց սա ամենը չէ, կա հանրահայտ ճշմարտություն՝ լավ ընտրություններ կարելի է անցկացնել վատ օրենքով, և ամենալավ օրենքով էլ կարելի է անցկացնել խայտառակ ընտրություններ»,-ասաց նա:

Աղվան Վարդանյանը նշեց, որ իրենց համար այս առումով հիմնարար հարցեր են մնում վարչական ռեսուրսի անսահմանափակ չարաշահումը և ընտրակաշառքը, և որևէ օրենք կոռուպցիան, ընտրակաշառքը չի բացառելու: Ըստ նրա՝ այստեղ այլ լուծում է պետք:

«Ես այսօր Դաշնակցության անունից առաջարկում եմ՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավից առաջ մասնակից բոլոր քաղաքական ուժերը ստորագրում են ջենտլմենական համաձայնագիր, որ ո՛չ իրենք, ո՛չ էլ իրենց տարածքային թեկնածուները ընտրակաշառք չեն բաժանելու, նաև վերահսկման մեխանիզմներ են սահմանում: Կարծում եմ, որ սա կլինի պատասխանատու, համարժեք դիրքորոշում՝ երկրի դիմագրաված մարտահրավերներին, կլինի երկրում արմատական փոփոխություններ կատարելու, նոր որակի իշխանություն ձևավորելու նախապայման: Անկախության սերնդի, այսօր մեր հայրենիքի սահմանը պաշտպանող, թիկունքն պահող սերնդի առաջ մենք պարտք ունենք՝ թույլ տալ,  որ նրանք ազատ ընտրությունների միջոցով կառուցեն ուժեղ, արդար, բարեկեցիկ Հայաստան»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել