Tert.am-ը գրում է.

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե ինչ ընթացքում է ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված և վիրավոր զինծառայողների սոցիալական վիճակի ուսումնասիրությունը:

«ԼՂՀ և ադրբեջանական զորքերի շփման գծում 2016 թվականի ապրիլի 1-ից  5-ը տեղի ունեցած ռազմական բախումների հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական հարցերի ուսումնասիրության իրականացման և ընտանիքների կարիքների համակողմանի գնահատման նպատակով ՀՀ վարչապետի 2016 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Պաշտպանության,  և Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների ներկայացուցիչներից, որի կողմից մշակվել և հաստատվել է զոհված զինծառայողների կարիքների գնահատման համապատասխան մեթոդաբանություն և կազմակերպվել են աշխատանքները»,-տեղեկացրեց Արտեմ Ասատրյանը:

Ըստ նրա՝ աշխատանքները կազմակերպվել են՝ հաշվի առնելով ժամանակի սղությունն ու իրավիճակի առանձնահատկությունները:

«Ընտանիքների սոցիալական կարիքների նախնական գնահատումը վերաբերել է ընտանիքի կազմին, ընտանիքի անդամների առողջական խնդիրներին, ուսման հետ կապված խնդիրներին, ինչպես նաև  զբաղվածության առկա իրավիճակին և հնարավոր զարգացումներին, միաժամանակ ուսումնասիրվել են բնակարանային, կոմունալ և այլ տվյալներ: Ուսումնասիրվել են ապրիլի 1-ից 4-ը զոհված 64 զինծառայողների ընտանիքներ, ըստ բնակության վայրի՝ Երևան և իննը մարզեր»,-հաղորդեց նախարարը՝ ներկայացնելով  մանրամասները:

Արտեմ Ասատրյանի խոսքով՝ անչափահաս՝ մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքների թիվը 17 է, ուսանող ունեցող ընտանիքներ ևս կան:

«Զբաղվածության և աշխատանքի կարիք ունեցող ընտանիքների անդամներից ոմանք ցանկություն են հայտնել գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելու: Առողջական խնդիրներ ու բժշկական օգնության հետ կապված՝ զոհված զինծառայողների որոշ ընտանիքների անդամներ ունեն բժշկական հետազոտության կարիք, ինչպես նաև հոգեբանական ծառայության կարիք»,-տեղեկացրեց Արտեմ Ասատրյանը՝ նշելով, որ մի մասն ունի նաև վարկային պարտավորություններ:
Երեք զոհված զինծառայողների եղբայրներն էլ պարտադիր զինվորական շարքային կազմի ծառայողներ են:

«Ուզում եմ նաև տեղեկացնել, որ նշված ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված հարցերը ի սկզբանե գտնվել են մարզպետարանների , Երևանի քաղաքապետարանի և ՏԻՄ-երի ուշադրության կենտրոնում, իսկ Պաշտպանության նախարարության և Պաշտպանության բանակի կողմից, ինչպես նաև մեր բազմաթիվ հայրենակիցների և կազմակերպությունների կողմից նշված ընտանիքներին տրամադրվել և շարունակվում են տրամադրվել դրամական օժանդակություններ»,-ասաց Արտեմ Ասատրյանը:

Նա նշեց նաև, որ օրենսդրությամբ սահմանված է նաև 2 մլն դրամ ապահովագրական վճար մարտական գործողությունների ժամանակ զոհվելու դեպքում, ինչպես նաև 1 մլն 400 հազար դրամ հուղարկավորության կազմակերպման և 700 հազար դրամ գերեզմանի բարեկարգման համար, որոնք վճարվում են ՀՀ ՊՆ-ի կողմից:

Իսկ ընտանիքների անաշխատունակ անդամներին նշանակվում է ամսական վճարվող կենսաթոշակներ և պարգևավճարներ՝ օրենսդրությամբ սահմանված չափերով:

«Այս ընթացքում մեր բազմաթիվ քաղաքացիներ և կազմակերպություններ շարունակում են պատրաստակամություն հայտնել օգնության ձեռք մեկնել նշված ընտրանքներին, և այս գործընթացները առավել նպատակային դարձնելու համար առաջարկում ենք դնել համակարգային հիմքերի վրա ընդգրկելով սոցիալական աշխատողի ինստիտուտը»,-հաղորդեց նախարարը:

Անդրադառնալով աշխարհազորայինների հետ կապված խնդիրներին, նախարարը նշեց, որ քննարկումների արդյունքում նախատեսում են համապատասխան որոշման նախագիծ դնել շրջանառության մեջ։ Միաժամանակ նախնական ուսումնասիրություն է կատարվել նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված և տարբեր բուժհաստատություններում բուժվող զինծառայողների կարիքների շրջանում, որի շրջանակներում կատարվել է այցելություն 7 հիվանդանոց:

«Նրանք բոլորն էլ ստանում են բարձրակարգ ծառայություններ մեր առողջապահական հաստատություններում և մեր ուշադրության կենտրոնում կպահենք նրանց հետագա սոցիալական ծառայությունների տրամադրումը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար»,-եզրափակեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
Վարչապետի խոսքով՝ այս ուսումնասիրության արդյունքների շրջանակներում նախապատրաստել են վարչապետի մի շարք հանձնարարականներ, որոնք գրավոր կուղարկվեն բոլոր նախարարություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել