Նախօրեին՝ առավոտյան, Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան պաշտոնական կայքում ամերիկյան քաղաքացիներին ուղղված նախազգուշացական հայտարարություն էր տեղադրվել՝ զբոսաշրջիկների համար կարևորություն ունեցող Թուրքիայի շրջաններում ահաբեկչական հարձակումների սպառնալիքի վերաբերյալ:
Եվ ահա, այսօր Թուրքիայի Բուրսա քաղաքում կին մահապարտ ահաբեկիչի կողմից իրականացված հարձակման հետևանքով, նախնական տվյալներով, 1 մարդ զոհվել է, 6-ը` վիրավորվել. ենթադրաբար, այս ահաբեկչության հետևում կանգնած է քրդական ծայրահեղ արմատական կառույցներից որևէ մեկը:
Իսկ այսօր արդեն Ստոկհոլմում ԱՄՆ-ի դեսպանատունն է Շվեդիայի իր քաղաքացիներին նմանօրինակ նախազգուշացում արել՝ կոչ անելով խուսափել մարդաշատ վայրերում հայտնվելուց:
Հայտնի է, որ անցած երեքշաբթի Շվեդիայի անվտանգության ոստիկանությունը՝ SÄPO-ն, տեղեկատվություն է ստացել այն մասին, որ գաղթականների շարքերում ահաբեկչական 7-8 հոգանոց խումբ է շարժվում դեպի իրենց երկիր: Նշվում է նաև, որ Իրաքի հատուկ ծառայություններն իրենց շվեդ գործընկերներին հետախուզական բնույթի տեղեկատվություն են տրամադրել առ այն, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն ահաբեկչական հարձակումներ է ծրագրում Ստոկհոլմում, իսկ դրանց իրականացումը հանձնարարվել է «Ալ-Կաիդայի» ազգությամբ իրաքցի մի քանի նախկին անդամների. ի դեպ, ահաբեկիչների մի խումբ էլ Շվեդիա էր հասել դեռևս 2015թ. այս երկիր ժամանած ներգաղթյալների հոսքերի հետ:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ ահաբեկչական հարձակումների պոտենցիալ սպառնալիքի մասին նախազգուշացումներն արվում են այն ժամանակ, երբ Շվեդիան պատրաստվում է տոնելու Կարլ Գուստավ XVI թագավորի 70-ամյա հոբելյանը, որը տեղի կունենա ընթացիկ շաբաթվա վերջին: Բացի այդ, Ստոկհոլմում աստիճանաբար նախապատրաստվում են նաև ընդունել «Եվրատեսիլ 2016» երաժշտական մրցույթի մասնակիցներին ու հանդիսատեսին:
Այս համատեքստում, կարծես թե պարզ է նաև ահաբեկչական կառույցների նպատակն՝ առավելագույնը վնասել Շվեդիայի զբոսաշրջկային ոլորտին, նվազագույնը՝ վախի և անհանգստության հոգեբանական մթնոլորտ ստեղծել տարվա կարևորագույն երաժշտական միջոցառումներից մեկին ներկա գտնվել ցանկացող հազարվոր մարդկանց շրջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել