«Միշտ էլ փողն է հարցեր լուծել, և այս անգամ կեղտոտ հարց է լուծում։
Ես և ընտանիքս անծանոթ չենք մամուլի կեղտերին, սակայն սովորել ենք դրանք արհամարհել։ Ստերը լավ վերնագրեր են դառնում, լավ վերնագրերը՝ հոյակապ կազմեր, լավ կազմերը վաճառում են ամսագրերը։ Բայց երբ լսեցի Wall Street Journal-ի մի ամբողջ էջ գովազդի մասին, որտեղ ժխտում են Հայոց Ցեղասպանությունը՝ չկարողացա ուղղակի արհամարհել ու անցնել։
Գովազդի համար վճարվում էր թուրքական հարթակից։ Չեմ ուզում այժմ հերթով թվարկել այդ բոլոր վեբ կայքերը, որպեսզի չխթանեմ իրենց գործունեությանը, սակայն դրանք հիմնականում պնդում են, որ Ցեղասպանության ժամանակ այնքան հայ չի սպանվել, ինչքան պնդում են պատմաբանները և կատարվածում մեղադրում են հայերին։
Wall Street Journal-ի հրապարակած նման հոդվածն ուղղակի անհեթեթություն է, հիասթափեցնող և վտանգավոր։ Մի հարց է, եթե ինչ որ պատահական մի կայք գումար աշխատեր նման նման էժանագին քայլերով, սակայն մեկ այլ հարց է, երբ հենվելով ցեղասպանության վրա՝ այդ գումարն աշխատում է WSJ-ի պես հեղինակավոր հրատարակությունը, ինչն ուղղակի ամոթալի և անընդունելի է։ Ինչի՞ց է, որ ամեն մի քայլ առաջ գնալիս, մենք երկու քայլ հետ ենք գնում։
Հարցրեցինք Wall Street Journal-ին, թե արդյոք ո՞րն է պատճառը, որ նրանք նման գովազդ են տարածում։ Պատասխանն այսպիսին էր․ «Մենք ընդունում ենք տարբեր տեսակի գովազդներ, ներառյալ վիճահարույց տեսակետներ։ Խնդիրներ ծագելու դեպքում մենք վերանայում ենք գովազդը, որի պարունակության համար պատասխանատու է պատվիրատու կողմը»։
Ցեղասպանության ժխտում քարոզելը որևէ երկրի կողմից, ով պատասխանատու է դրա համար, ուղղակի չի կարող «վիճահարույց տեսակետի» մասին հոդված լինել, դա առնվազն ստերի քարոզ է։ Դա բարոյապես անպատասխանատու քայլ է և միաժամանակ վտանգավոր։ Եթե դա Հոլոքոստի ժխտողականության մասին գովազդ լիներ, արդյո՞ք էլի նույնը կասեիք։
Շատ պատմաբաններ պնդում են, որ եթե Թուրքիան առերեսվեր իր անցյալին և պատասխանատվության ենթարկվեր իր կատարած ոճրի համար, ապա հնարավոր էր Հոլոքոստը տեղի չունենար։ 1939թ․ մինչ նացիստների հարձակումը Լեհաստանի վրա, Հիտլերը մի առիթով ասել է «Ո՞վ է այսքանից հետո հիշում հայերին» - Մենք ենք հիշում։ Մե՛նք պետք է հիշենք։ Պետք է խոսենք այնքան ժամանակ, մինչև այն ճանաչվի մեր կառավարության կողմից, քանի որ եթե մենք հերքենք մեր անցյալը, մենք վտանգում ենք մեր ապագան։ Երբ մենք թույլ ենք տալիս մեզ լռել փողի համար, վախից կամ ուժի կիրառումից, մենք մեր երեխաներին սովորեցնում ենք, որ ճշմարտությունն անտեղի է։ Մենք պետք է պատասխանատու լինենք, թե ինչ ենք փոխանցում մեր սերունդներին։ Մենք պետք է հարգենք մեր պատմության ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, այսպիսով պաշտպանելով մեր ապագան։ Մենք պետք է ձգտենք ավելի լավին»։

© Kim Kardashian West -ի նոր գրառումը իր պաշտոնականկայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել