Tert.am-ը գրում է.
Հակառակորդի ՄԻ-24G ուղղաթիռը 30 մետր բարձրությունից նռնականետով ոչնչացրած բարձրաշենցի Նարեկ Մալխասյանը դեռևս 5-րդ դասարանում շարադրություն է գրել, որտեղ նկարագրել է, թե ինչպես է հայ զինվորը խոցում թշնամու տանկը,  ապա՝ հայոց եռագույնը ձեռքին կանգնում:
 
Նարեկ Մալխասյանի պապը՝ Սերգեյ Թովմասյանը, Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե թոռը նեղսրտել էր, որ խոցված ուղղաթիռի անձնակազմին չեն կարողացել գերի վերցնել և ստիպված կրակել են:

«Մենք Մուշից ենք գաղթել, հորիցս ստացել եմ այն դաստիարակությունը, որ եթե նույնիսկ մեկ օր ապրեմ, պետք է ապրեմ մշեցի, ապրեմ տղամարդ, ապրեմ ազգ սիրող մարդ: Թոռներիս էլ դաստիարակել եմ նույն ոգով: Երևի թե այդքան տարիների ասածս Նարեկս վերցրել է: Շատ եմ լավ զգում, հպարտանում, որ այսպիսի թոռնիկ ունեմ: Չէի էլ կասկածում, որ Նարեկն այդպիսի տղա պետք է լիներ, իր պարտականությունները փայլուն կատարեր»,-ասաց Նարեկի պապը:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին ԼՂՀ ՊԲ շարքային Նարեկ Մալխասյանը խոցել է ադրբեջանական ռազմաօդային ուժերին պատկանող ՄԻ-24G հարվածային ուղղաթիռը, որը ռազմական թռիչք էր իրականացնում ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ժամանակ: 
Նշենք նաև, որ ադրբեջանական ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկը տեղում մահացել էր, մյուս երկուսը փորձել էին փախչել, սակայն Նարեկն ու իր ծառայակից ընկերը՝ Արայիկ Գրիգորյանը, հասցրել էին ոչնչացնել նաև նրանց:

Նարեկի պապը պատմեց նաև, թե թոռը շատ էր նեղսրտել, որ իրենց չի հաջողվել գերի վերցնել ուղղաթիռի անձնակազմին:

Tert.am-ի հետ զրույցում Բարձրաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Գոհար Թովմասյանն ասաց, որ բացառիկ հայրենասիրական հատկություններով օժտված Նարեկը երազում էր Արցախում ծառայել, որպեսզի պիտանի լինի հայրենիքին:

Երբ ասել են, որ մի տղա նռնականետով հակառակորդի ուղղաթիռ է խոցել, ինչը հազվադեպ երևույթ է, տնօրենը մտածել է՝ կարո՞ղ է մեր Նարեկն է խոցել, որովհետև, ըստ նրա, Նարեկը շատ սրատես է, և ինչպես տնօրենն է ասում՝ օդից ծիտ է բռնում:

«Փառք Աստծո, որ դա մեր Նարեկը եղավ: Այնքան շնորհակալ եմ Աստծուն, որ Նարեկս կարողացավ թշնամուն այնպիսի հարված տալ, որ ոչ ոք չէր կարող նույնիսկ պատկերացնել»,-ասաց դպրոցի տնօրեն Գոհար Թովմասյանը:

Ի դեպ, տնօրենը Tert.am-ին ներկայացրեց նաև դեռևս 5-րդ դասարանում Նարեկ Մալխասյանի գրած շարադրությունը՝ «Ես ատում եմ պատերազմը» թեմայով:

«Ես ատում եմ պատերազմը և չեմ ուզում, որ մարդկանց դեմքերը լինեն տխուր, իսկ աչքերը՝ արցունքով լի»,-շարադրության մեջ գրել է Նարեկ Մալխասյանը՝ ապա շարունակել. «Պատերազմի ժամանակ լինում են շատ ավերածություններ, որոնց վերականգնելը տարիներ է պահանջում»:

Տնօրենի ներկայացմամբ՝ շարադրության թղթի հետևի էջում Նարեկը տանկ է նկարել, կողքին զինվոր՝ հայոց եռագույնը ձեռքին: «Երևի Նարեկը մտածում էր, որ մի տասը տարի հետո դա ինքն է լինելու»:

Բարձրաշենի միջնակարգ դպրոցում այսօր Նարեկ Մալխասյանի նկարներով զարդարված անկյուն կա, որտեղ ներկայացված են նաև Նարեկի դպրոցական տարիների աշխատանքները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել