Tert.am-ը գրում է.
Երևանի ավագանու ապրիլի 27-ին տեղի ունեցած նիստում նախքան օրակարգի հարցերին անցնելը Երևանի ավագանու անդամները քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկությամբ նախ մեկ րոպե լռությամբ հարգել են ապրիլի սկզբին  առաջնագծում զոհված զինծառայողների և կամավորների հիշատակը. տեղեկացնում է  Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մինչ նիստի օրակարգի հարցերին անցնելը քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավագանու անդամներին է ներկայացրել նաև այն միջոցառումները, որ իրականացրել և իրականացնում են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը Արցախի մեր հայրենակիցներին ու պաշտպանական բանակին, ինչպես նաև երևանաբնակ զոհված և վիրավոր զինվորների ընտանիքներին աջակցելու ուղղությամբ.

«Անշուշտ, բոլորիս պարտքն է լինել մեր հերոսների ընտանիքների կողքին, սատարել ու աջակցել նրանց և այդ ուղղությամբ մի շարք քայլեր արդեն իսկ ձեռնարկել ենք: Ապրիլի սկզբին Երևանի քաղաքապետարանը 100 տոննա պարենային աջակցություն է ցուցաբերել Արցախին, բացի այդ, 12 վարչական շրջաններն էլ իրենց հերթին անհրաժեշտ գույք, սնունդ, նաև շինանյութ են ուղարկել Արցախի իրենց գործընկեր քաղաքներին ու շրջաններին: Համոզված եմ՝ տեղյակ եք, որ իմ հանձնարարությամբ սոցիալական ապահովության վարչությունն արդեն ուսումնասիրում է երևանաբնակ զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքների առաջնային կարիքները՝ մեր լիազորությունների շրջանակներում և հնարավորությունների սահմաններում դրանց լուծում տալու նպատակով: Նաև հանձնարարել եմ, որ անշարժ գույքի վարչությունն ուսումնասիրի առաջնագծում զոհված երևանաբնակ զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմաններն ու քաղաքապետարանի առկա հնարավորությունների սահմանում ներկայացնի հնարավոր առաջարկներ:  Ու երբ կունենանք արդեն այդ մասով հստակ տվյալներ, կնախապատրաստենք ավագանու համապատասխան որոշման նախագիծ, որն էլ, համոզված եմ, բոլորիդ կողմից կարժանանա հավանության»:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև տեղեկացրել է, որ համապատասխան հանձնարարական է տրվել  հանրակրթության վարչությանը՝ զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնելու նպատակով ուսումնասիրել և ներկայացնել այն դպրոցների ցանկը, որտեղ սովորել են մերօրյա հերոսները՝ տեղերում վերջիններիս հիշատակը հավերժացնող անկյուններ ձևավորելու նպատակով:

Քաղաքապետը նշել է, որ քաղաքապետի տեղակալներ Վահե Նիկոյանին և Արամ Սուքիասյանին էլ հանձնարարվել է քննարկել Երևան քաղաքի 2016թ. բյուջեի մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցների վերանայման և ազատված միջոցները մարտական գործողությունների մասնակից զինծառայողների ընտանիքներին  աջակցության նպատակով օգտագործելու հնարավորությունը:

«Զավակի, ամուսնու կամ հոր կորուստը ոչինչ չի կարող լրացնել, բայց մեր պարտքն է սատար կանգնել մեր զինվորների ընտանիքներին, լինել նրանց կողքին և մշտական ուշադրության կենտրոնում պահել»,- շեշտել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Այնուհետ անցնելով օրակարգի հարցերին՝ Երևանաի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել բժշկական  գիտությունների  դոկտոր,  պրոֆեսոր  Սոս Սիսակյանի, ինչպես նաև դասական  ոճի  ըմբիշ,  մարզիչ  Վահան  Սարգսյանի հիշատակները  հավերժացնող  հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին:

Հաշվի  առնելով  Երևանի  քաղաքապետի  եզրակացությունը,  հիմք  ընդունելով Հայաստանի  նկարիչների  միության  նախագահի գրությունը՝ ավագանին  միաձայն կողմ քվեարկությամբ գույքահարկի գծով արտոնություն է սահմանել նկարիչների միության անդամ 52 արվեստագետների արվեստանոցների մասով:

Նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես արժանացել են ավագանու հավանությանը:

Որոշվել է Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը գումարել մայիսի 25-ին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել