Նախ՝ ինչո՞ւ սիրողական։ Թեկուզ նրա համար, որ ո՛չ ՊՆ-ի պաշտոնատար անձ եմ, ո՛չ կրտսեր սերժանտ հալովս հավակնում եմ ռազմական փորձագետ լինելուն, ո՛չ էլ ինչ-որ անոնիմ բարձրաստիճան աղբյուրներ ունեմ։ Պարզապես փորձում եմ հասկանալ վերջին երկու օրերի իրադարձությունները՝ ինչպես առաջնագծում, այնպես էլ աշխարհաքաղաքական դաշտում։

Այսպիսով, մի քանի դիտարկումներ․

1․ Պատերազմի առաջին շոկային-էյֆորիկ փուլը անցանք և հիմա թևակոխում ենք մի նոր փուլ, որտեղ շատ նրբություններ կան։ Օրինակ՝ Ադրբեջանի հանրության զգալի մասը արդեն հասցրել է մարսել իրենց քարոզչությունը, համաձայն որի, իրենց քաջարի բանակը ջախջախել էր Արցախի բանակին։ Հրաշալի է, որովհետև նույն այդ քարոզչամեքենան պետք է հիմա բացատրի իրենց ժողովրդին, թե այդ դեպքում ինչպե՞ս է «ջախջախված» հայկական բանակը երկու օր շարունակ սիստեմատիկ հողին հավասարեցնում շփման գծից մինչև 25-30 կմ խորության վրա գտնվող ադրբեջանական բնակավայրեր։

2․ Ըստ ամենայնի, մենք իրոք հետ ենք վերցրել կորցված դիրքերը։ Առնվազն՝ հյուսիսային ճակատում։ Ինչո՞ւ դա այդքան հեշտ կարող էր ստացվել մեզ մոտ և ինչո՞ւ դա չեն հաստատում պաշտոնապես։

- Ինչպես դեռ ակտիվ բախումների օրերին էի նշել, որ դիրք ասվածն անառիկ ամրոց չի և դիրքը կարելի է կորցնել, իսկ հետո հետ վերցնել։ Ընդ որում, մեր կորցրած դիրքերը հետ վերցնելը ավելի դյուրն է, որովհետև հասկանալի է, որ դրանք հարմարեցված էին դեպի հակառակորդի կողմը կրակային արդյունավետ ազդեցություն իրականացնելու համար․ խրամաբջիջներ, դոտեր, դզոտեր և այլն։ Հարմարեցված են, որովհետև եղել են մերը, իսկ մենք դեպի մեր կողմ ուղղված խրամաբջիջ հո չէի՞նք կառուցել։ Հակառակորդը՝ գրավելով դրանք, չէր կարող պարզապես վերցնել ու շրջել դրանք, այլ պետք է նորերը կառուցեր, ինչի համար ո՛չ բավարար ժամանակ ուներ, ո՛չ էլ՝ շատ մեծ հանարվորություններ։ Բացի դրանից, մեր հրտեանին հրաշալի տիրապետում է տեղանքին, այդտեղի կոորդինատներին և շատ ավելի արդյունավետ կարող է գործել այն բնագծերի վրա, որոնք 20 տարի շարունակ մանրամասն դիատրկել է, քարտեագրել է և չափագրել է։

- եթե անգամ մենք փառապանծ կերպով ազատագրել ենք բոլոր կորցված դիրքերը, պաշտոնական մակարդակով դա հայտարարելը խնդրահարույց է, որովհետև դիվանագիտական ճակատում բարդ կլինի բացատրել, թե ինչպես ենք դիրք վերցնում՝ հրադադարի ռեժիմ պահելով։ Փոխհրաձգությունները և հրետանային հարվածները ստատիկ գործոններ են, որոնք շփման գծի կոնֆիգուրացիայի փոփոխություն չեն ենթադրում, իսկ այ դիրք վերցնելն արդեն կոնկրետ զորաշարժ է, որը չի կարելի իրականացնել՝ առանց հարձակվողական գործողություն վարելու, իսկ դա արդեն խնդիր է։ Խնդիր է այնքանով, որքանով առնվազն պետք չէ դրա մասին պաշտոնապես հայտարարել։

3․ Էդքան բողոքում ենք նրանից, որ մերոնք անհամաչափ հարվածներ չեն հարցնում խոստացվածի պես։ Կրկին անգամ նայեք նախորդ կետին։ Միրբաշիր-Տերտերը էլ չկա, ինչը չեն թաքցնում անգամ ադրբեջանցիները։ Հրետակոծվում են բազմաթիվ այլ բնակավայրեր։ Ի՞նչ է ասում հայակական կողմը․ հակառակորդը հրետանին տեղակայում է բնակավայրերում, մենք էլ ստիպված խփում ենք։ Ի՞նչ ունենք գործնականում․ հրետակոծված Մարտակերտ, Մատաղիս, Թալիշ ու էլի մի երկու գյուղ, իսկ իրենց մոտ նույնիսկ բացառապես իրենց աղբյուրներից օգտվելով, տեսնում ենք, որ մերոնք հարվածներ են հասցնում այն մաքսիմալ խորությամբ, որը թույլ է տալիս մեր հրետանու հնարավորությունները (չհաշված տակտիակակն հրթիռներն ու չինական հրետանային հեռահար համազարկային կայանները)։ Մի բողոքեք, հասկացեք սա և լուռ ժպտացեք։

4․ Ըստ ամենայնի, դրված է կարճաժամկետ նպատակ՝ վերականգնելու 4-օրյա մարտերում կորցված բոլոր դիրքերը։ Ավելինի մասին տեղյակ չեմ ու կարող եմ միայն ենթադրել, բայց ենթադրել չեմ ուզում։

Առայժմ այսքանը։ Մնում է արդեն որերորդ անգամ կրկնել միայն, որ ռամի դաշտի հաջողությունները պետք է հենված լինեն ամուր թիկունքի վրա, այնպես որ, առաջնագծի վճռական գործողությունները պետք է զուգորդված լինեն թիկունքում ոչ պակաս վճռական ու արմատական փոփոխությունների հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել