Հետևելով բանակցային գործընթացի շուրջ քննարկումներին, տպավորություն է, որ շատերը միայն ապրիլյան պատերազմից հետո են սկսել հետևել "խաղաղ բանակցությունների" գործընթացին և այդքան էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում բանակցություններից հրաժարվելը և ով է դա արել ու անում:

Եթե ԵԱՀԿ ՄԽն ցանկություն ունենա անկողմնակալ դիտարկել այս` այսօր արդեն տապալված գործընթացը, ապա պետք է արձանագրի, որ Իլհամ Ալիևը այս ողջ ընթացքում զբաղվել է բանակցելու իմիտացիայով` ժամանակ շահելու, զինվելու և հակամարտությունը ուժային եղանակով լուծելու համար: Իսկ ապրիլի սկզբին նա կրակայրիչը մոտեցրեց և այրեց այն բոլոր փաստաթղթերը, որոնց շուրջ բանակցում էր: Ի դեպ, դա քաջ գիտակցում էր հայկական կողմը, ինչի մասին վկայում է մեր կողմից բազմիցս արված հայտարարությունը, թե մենք պատրաստ ենք փոխզիջումների: Քաջ գիտակցելով, թե ինչ թուքումուր կլցվի գլխներին, Հայաստանի ղեկավարները տարբեր ժամանակաշրջաններում բանավոր համաձայնություն են տվել այդ փոխզիջումներին: Բայց այսօր, երբ սեղանին դրված փաստաթղթերի տրամաբանությունը խախտվել է և Ալիևը արդեն անցել է իր` ռազմական ճանապարհով հարցեր լուծելու ծրագրի իրականացմանը, այլևս որևէ փոխզիջում անիմաստ է դառնում:

Փորձեմ բացատրել շատ պարզ օրինակով
Միջազգային "խորհրդատու դատարանի" սեղանին դրված վեճի առարկան ձեր տան մի մասն է, որը հարևանը համարում է իրենը և ուզում է խլել: Հավաքվում են շենքի հեղինակություն ունեցող մարդիկ, կոչ անում չծելել, չսպանել միմյանց և մի թուղթ դնում, որի վրա շարադրում եք հարցը խաղաղ լուծելու ձեր պատկերացումները: Եվ մինչ դուք մտածում եք այդ թղթի մասին, մյուս կողմը ներխուժում է ձեր միջանցք, սպանում ձեր երեխաներին ու հաստատվում միջանցքում դրված աթոռներից մեկի վրա: Սա է տեղի ունեցել ս.թ. ապրիլին:

Հարց. Ինչ արեց հարևանը այն թղթի հետ?
Հարց 2. Ով կլինեք դուք, եթե այսքանից հետո մտածեք թղթում գրվածի մասին
Հարց 3. Ով կդառնան այն հեղինակավոր շենքի տղերքը, ում թուղթը Ալիևը այրեց, եթե որևէ կերպ չպատժեն նրան ու շարունակեն հիշեցնել, թե ինչ էին թղթին գրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել