Ամերիկացի միսիոներները՝ 1915-ի Վանի հերոսամարտում... Այսօր տեղեկատվություն տարածվեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հաջողվել է ձեռք բերել 1915 թվականի հազվագյուտ մի լուսանկարի բնօրինակ, որտեղ պատկերված են Վանի հերոսամարտի հայ մարտիկները: Այդ նկարը արված է եղել Վանում գտնվող ամերիկացի միսիոներների կողմից: Հայտնի է, որ Վանում գործող ամերիկյան միսիան հումանիտար և բժշկական մեծ աջակցություն է ցուցաբերել վանեցիներին 1915-ի հերոսամարտի ընթացքում, իսկ միսիայի շենքը Վանի Քաղաքամեջ թաղամասում վեր էր ածվել ինքնապաշտպանության գլխավոր հոսպիտալի:

Մեր կողմից ներկայացվող այս նկարում ամերիկացի միսիոներ ամուսիններն են՝ Էլիզաբեթ Բերոուզ Աշերը և բժիշկ-միսիոներ Կլերենս Դուգլաս Աշերը, ինչպես նաև նրանց տունը Վանում, որը նույնպես հերոսամարտի ընթացքում հոսպիտալ էր դարձել: Էլիզաբեթ Աշերը դասավանդում էր Վանի աղջիկների դպրոցում՝ զբաղեցնում էր դպրոցի երաժշտական բաժնի ղեկավարի պաշտոնը, և նրա միջնորդությամբ օթևան էր տրվում բազմաթիվ հայ որբ մանուկներին և այրի կանանց: Նա նաև հոգում էր, որ նրանք հնարավորություն ունենան արհեստներ սովորել: Կլերենս Աշերը աշխատում էր Վանի ամերիկյան միսիայում որպես բժիշկ, և բացի իր աշխատատեղից՝ Վան քաղաքից, բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մշտապես այցելում էր նաև երկրամասի գյուղեր:

Երբ սկսվում է Վանի 1915-ի ապրիլյան հերոսամարտը՝ Աշեր ամուսինները Վանում էին: Նրանք հսկայական օգնություն ցուցաբերեցին Վանի գաղթական հայերին՝ բազմաթիվ ընտանիքների ապաստան տալով և բուժօգնություն ցուցաբերելով իրենց տանը։ Աշեր ամուսինները Վանի պաշտպանների հետ հավասարապես տարան քաղաքի պաշարման բոլոր զրկնանքները՝ իրենց տունը դարձնելով հոսպիտալ: Այդ օրերին Էլիզաբեթն իր անձնական օրագրում գրի էր առնում ամենօրյա դիպվածների մասին, որը հետագայում հրատարակվում է նրա հոր, Ջոն Օտիս Բերոուզի կողմից` «Արարատի երկրում» վերնագիրը կրող գրքում։

Էլիզաբեթն իր դժվար առաքելության ընթացքում հիվանդանում է բծավոր տիֆով, որը բռնկվել և արագորեն տարածվել էր գաղթականների շրջանում։ Նա մահանում է 1915-ի հուլիսին և թաղվում Վանում։ Կլերենս Աշերը հետագայում հրատարակում է «Ամերիկյան բժիշկը Թուրքիայում. պատերազմի և խաղաղության միջև» հուշագրական աշխատությունը, որը մինչ օրս համարվում է Հայոց ցեղասպանության առավել մանրամասն գրված վկայություններից մեկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել