Վերջերս Իրանի Արևելյան Ազարբայջան նահանգի նահանգապետ Ահմեդ Ալիռեզաբեյգին ԻՌՆԱ-ի թղթակցին տված զրույցում նշել է, որ ԻԻՀ Արևելյան Ազարբայջան նահանգի և ՀՀ Սյունիքի մարզի միջև համագործակցության չորս համաձայնագրեր են ստորագրվել: Հիշեցնենք, որ Իրանի Արևելյան Ազարբայջան նահանգում բնակվում են թրքախոս իրանցիներ, իսկ Ադրբեջանն այդ տարածաշրջանը Հարավային Ադրբեջան է համարում և ինտենսիվ գործունեություն է ծավալում այդ շրջանում:

Հատկանշական է, որ հայկական կողմից այս իրադարձությունը երկար ժամանակ որևէ կերպ չէր մեկնաբանվել, և մանրամասները հայտնի չէին, մինչդեռ իրանական կողմը մի շարք հարցազրույցների ժամանակ նշել էր այդ մասին: Մեդիադաշտում բազմաթիվ քննարկումներից հետո Սյունիքի փոխմարզպետ Արա Դոլունցն ասել է, թե վերջերս մարզպետը եղել է Իրանում, բայց նման պայմանագիր չի կնքվել, ինչը բացարձակապես հակասում է իրանական մի շարք աղբյուրների հաղորդած տեղեկատվությանը, որը ներկայացվեց հայկական լրատվամիջոցներով: Փոխմարզպետի խոսքերին հակասում են նաև նույն մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Սամվել Թանկյանի` 168.am-ի հետ զրույցում ասածները, ով նշել էր, որ ծրագրավորվում է արոտավայրեր տրամադրել Իրանին: Իրանական աղբյուրներից նաև տեղեկանում ենք, որ առաջին փուլում Սյունիքի մարզի 50 հազար հեկտար առաջնակարգ արոտավայրերի վարձակալությունից հետո անասնապահությամբ զբաղվող գյուղական համայնքներից այնտեղ կտեղափոխվի 50 հազար գլուխ անասուն, իսկ դրա դիմաց հայկական կողմին գյուղատնտեսական տեխնիկա կտրամադրվի:

Քանի որ գործարքի բացակայության մասին չի կարելի վստահորեն ասել, ստորև կներկայացնենք նմանատիպ պայմանագրի հնարավոր վտանգների մասին:

Ճիշտ է, Իրանը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է, սակայն այս համաձայնագիրը մի շարք պատճառներով անհանգստության առիթ է տալիս:

Նախ՝ վտանգավոր է թվում հայկական կողմի լռությունը, երկրորդ՝ Իրանի Արևելյան Ազարբայջան նահանգի տարածքը մոտ երեք անգամ ավելի մեծ է ՀՀ ողջ տարածքից, իսկ բնաշխարհը շատ նման է Հայաստանի Հանրապետության՝ Սյունիքի մարզի բնաշխարհին: Այս պարագայում հարց է առաջանում, թե ինչպե՞ս ստացվեց, որ ՀՀ-ից երեք անգամ մեծ նահանգը փոքրիկ Սյունիքի մարզի արոտավայրերի կարիքն ունի: Բացի այդ ոչինչ հայտնի չէ գործարքից հայկական կողմի հնարավոր շահերի մասին: Մամուլում նշվում է, որ հողերի վարձակալման դիմաց Արևելյան Ազարբայջանը հայկական կողմին տրամադրելու է գյուղատնտեսական տեխնիկա, պարարտանյութեր, սակայն հայտնի չէ, թե այդ ամենը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ինչպես կտնօրինի՝ կվաճառի դրանք երրորդ երկրի՞ն, կվաճառի կամ վարձով կտա գյուղացիների՞ն՝ գումարը դնելով իր գրպանը, թե՞ գյուղատնտեսական տեխնիկան անվճար կտրամադրի տեղի գյուղական համայնքներին:

Վերոնշյալ համաձայնագրի վտանգները կարելի է բաժանել երկու խմբի՝ բնապահպանական-գյուղատնտեսական և աշխարհաքաղաքական-դեմոգրաֆիկ:

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել