Հերմինե Նաղղդալյանն է հիմա էլ հայտնվել համազգային պարսավանքի թիրախում, որովհետև ենթադրում եմ, որ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցի մեսսիջը չհասկանալով, փութացել էր հանրապետականություն անել։ Արդյունքում թացն ու չորը խառնել էր իրար, անզգուշություն էր ունեցել և փորձվել էր հիմնվել «Աղդամը մեր հայրենիքը» չէ Սարգսյանի թեզի վրա, և ստացվել էր այն, ինչ ստացել էր։ Դրա համար, հանրապետականություն անելուց առաջ, պետք է մեր հանրապետականները անկեղծ լինեն իրենք  իրենց հետ  և կողմնորոշվեն, թե որքանո՞վ է իրենց խելքի բանը՝  նման թեմաների լուրջ վերլուծություն անելն ու գնահատական տալը։

Հող հանձնելու թեման՝ ինչպես ես եմ այն հասկանում

1․ Ազատագրված շրջանները ի սկզբանե չեն դիտարկվել մեր քաղաքական ղեկավարության կողմից՝ որպես այդպիսին։ Ընդհանրապես, «ազատագրված տարածքներ» եզրույթը պոպուլյարություն ձեռք բերեց Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի նախօրեին, իսկ մինչ այդ դրանք դիտարկվում էին որպես բուֆերային տարածք ու անվտանգության գոտի։

2․ Հետագայում, բոլոր այն մոդելներում, որոնք քննարկվել են բանակցություններում, առնվազն 5 շրջանների վերադարձի մասին կետը մշտապես առկա է եղել, պարզապես մեր իշխանությունները միշտ գերադասել են առանձնապես չտարածվել այս թեմայով, որովհետև լավ էին հիշում, թե ինչ եղավ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։

Փոխարենը, ընդհանուր ու պոպուլիստական հայտարարություններ ու մեսսիջներ էին հղվում հասարակությանը, իսկ բանակցությունների մանրամասները մնում էին մեծ հաշվով անհայտ։ Բամբասանքներն այսօր էլ ավելի շատ են, քան փաստերը, և սա ձեռնատու էր իշխանություններին՝ մինչև վերջերս։

3․ Շուրջ 20 տարի տևած այս կուլիսային խաղերի ու դրանք քողարկելու համար արվող պոպուլիզմը բերեցին անխուսափելի կողմնակի արդյունքի․ ժողովուրնդ իրոք հավատաց, որ ոչ մի թիզ հող հետ չենք տալու առանց կռվի։ Անձամբ ես ուրախ եմ նման անսապասելի արդյունքի համար, որովհետև այն ամրագրված է նաև գործնական պատրաստակմությամբ։

4․ Տարածքների հանձնման պահը երբեք ինքնանպատակ չի եղել, պարզապես Ադրբեջանը ինչ-ինչ պատճառներով ի վերջո չի գնացել փոխզիջման՝ տարբեր տարիներին։ Ըստ էության, բանակցություններում 5 շրջանների վերադարձի դիմաց հայկական կողմը ակնկալում էր ստանալ ԼՂԻՄ-ի տարածքի+Լաչինի և Քարվաճառի տարածքների ճանաչում ու/կամ ՀՀ-ի հետ վերջնական միացում։

5․ Վերջին 5 տարիներին, և մասնավորապես` վերջին 2 տարում, իրավիճակը այնքան շեշտակի է փոխվել, որ ի հայտ են եկել բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններ, որոնք անհնար են դարձնում տարածքների վերադարձ՝ ինչ տեսքով էլ լինի այդ պրոցեսսը։ Հատկապես 4-օրյա պատերազմից հետո, ոչ մի ողջամիտ իշխանություն չի հանդգնի անգամ նման բան քննարկել, որովհետև դա կլինի քաղաքական (գուցե՝ ոչ միայն քաղաքական) ինքնասպանություն։

6․ 5-րդ կետը հստակ հասկանում է նաև Սերժ Սարգսյանը, ինչը պարզ երևում է նրա հարցազրույցից, որտեղ Սարգսյանը փաստացի ասում է հետևյալը․ «Մենք տարբեր բաներ ենք քննարկել, այդ թվում նաև 2011-ին։ Մենք տարբեր հարցերում զիջումների գնալու պատրաստակամություն ենք հայտնել, բայց ինչ-ինչ պաճառներով, այդ պայմանավորվածությունները ձեռք չեն բերվել։ Սակայն այդ ամենն էական չէ այլևս, որովհետև նոր իրականությունում բոլոր այդ պայմանավորվածությունները, զիջումներն ու պատրաստակամությունն անցյալում են և այլևս ակտուալ չեն։ Այսուհետև Հայաստանի հետ բանակցություններ վարելու պարտադիր նախապայմանը ուժ չկիրառելու երաշխիքներն են։ Ընդ որում, անգամ նման երաշիքների առկայության դեպքում, բանակցությունները չեն սկսում այն կետից, որով ավարտվել են, այլ նոր էջից են սկսում՝ նոր իրականության պայմանները հաշվի առնելով։ Եթե Ադրբեջանը դեմ է, ապա թող պատերազմական գործողությունները վերսկսի, կամ էլ սպասի, թե երբ մենք կսկսենք»։

Եզրահանգում

Այս ամեն ինչը դեռ դեկլարատիվ ու հիպոթետիկ մակարդակում է։ Հասկանալի է, որ Սարգսյանի ու մեր իշխանությունների վրա հսկայական ճնշում են գործադրելու դրսից, բայց բոլոր այդ ջանքերը ի չիք են, քան դեռ ժողովուրդն էլ ներքին ճնշում է գործադրում ու հավատարիմ է մնում «Ոչ մի թիզ հող» հայեցակարգին։ Այնպես որ, ոչ մեկ էլ հող չի հանձնելու, քանի դեռ մենք կուռ ենք ոււ վճռական։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել