Միայն ու միայն Հայաստանում ապրող ժողովուրդը պետք է որոշի երկրի ապագան: Ոչ քաղաքացին, ոչ սփյուռքահայը, ոչ էլ նշանակված պաշտոնյան: Հատկապես` դրսում հաստատված Հայաստանի քաղաքացիությունը պահպանած թե չպահպանած հայերը: Այո, բոլորն էլ մտահոգ են` քիչ թե շատ: Այո, բոլորն էլ կարող են կարծիքներ հայտնել կամ խորհուրդ տալ, ինչ որ մի կերպ նպաստել հայրենիքի զարգացմանն ու կայունությանը, բայց որոշումը մնում է Հայաստանում ապրող քաղաքացուն: Այսօր և միշտ, որքան էլ դրսից նեցուկ կանգնենք, տան հոգսն ու բեռը մնում է տանն ապրողի ուսերին: Դժվար է պահանջել, երբ երբ տանը չես` անկախ հանգամանքներից: Կրկին չակերտները շատացան, կրկին կուլիսային նախապատրաստումներ...
Հիմա` ավելի քան երբևէ գաղտնիքներ պահելն անիմաստ է: Ամեն ինչ բացահայտվում է կայծակնային արագությամբ: Հարկավոր է Հայաստանի ժողովրդին բացահայտ ներկայացնել ամեն ինչ` առանց չակերտների: Հարկավոր է հնարավորութուն տալ, որպեսզի ժողովուրդն իր որոշումը կայացնի: Դրա համար լծակներ կան, և շատ: Շարունակ ժողովրդին բերել հանկարծակի և կտրուկ փոփոխությունների պայթունավտանգ է: Ոչ ոք կամ խումբ իրավունք չունի որոշելու երկրի ապագան: Միայն ժողովուրդը:
Հարգելի իշխանավորներ. ամեն ինչ պարզ ու կոնկրետ ներկայացրեք ժողովրդին` բոլոր մտահոգություններն ու բոլոր տարբերակները: Ժողովուրդն է երկրի տերը, և նա էլ պիտի որոշի իր անելիքը: Անցածն անցած է: Ժողովրդի կամքին հակառակվել կնշանակի շատ վատ բան: Լսեք ժողովրդի` Հայաստանի ժողովրդի մեծամասնության որոշումը և կատարեք: Չէ որ դա հենց ժողովրդի համար է ? Որևէ ուրիշ բան պարզապես կնշանակի դավաճանել սեփական ժողովրդին: Սա նաև միակ տարբերակն է` թե պարզ ճակատով ապրելու, թե ժողովրդի կամքը իրականացնելու:
Առաջին անգամ թույլ տվեք ժողովրդին իր սրտի ուզածն անել` ինչ էլ որ լինի: Վստահեք ժողովրդին, քանի որ ուրիշ տարբերակ էլ չկա: Վերջ իվերջո ժողովուրդն է երկրի տերն ու պահապանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել