Կա Հայաստան, ում բոլորս անխտիր ցանկանում ենք «փրկել», և Հայաստան, որն ինքն է փրկության ձեռք մեկնում իրեն «փրկել» ցանկացողներին:
Հայաստան, ում ամեն գնով երազում ենք տեսնել բարգավաճ, ապահով, բարեկեցիկ, եվրոինտեգրված, և Հայաստան, ով ցանկանում է հնարավորինս ինքնաբավ լինել և ներդաշնակության մեջ ապրեցնել իր զավակներին:

Հայաստան, ում լճերն ու գետերը, ընդերքն ու բնությունը` մարմինն ու հոգին վերջապես, ով հասնի բզկտել ու մաս-մաս անելով ցանկապատել ու իրենով է արել, և Հայաստան, ում զավակներն իրենք իրենց ընկալում են որպես երկրից անբաժան ու անխզելի, երկիրը դիտում են ոչ որպես պարզ բնակատեղի ու ապրուստի միջոց հայթայթելու միջավայր, այլ որպես հզոր էներգոինֆորմացիոն մի համակարգ, իրենց գոյությունն իմաստավորող, ուժ ու զորություն պարգևող միջոց, սեր ու հոգածություն ցուցաբերելով նրա նկատմամբ:
Հայաստան, ում կառավարման համակարգերում ընդգրկված յուրաքանչյուր ոք, ի վիճակի չլինելով որևէ ռացիոնալ գործողության, զբաղված է միայն իր «բիզնես տարածքների» ընդլայնումով, իր բալիկների ականջներից բռնած «վեր» քարշ տալով, կոշտ ու կոպիտ միջոցներով ինքնապահպանման, ինքնավերարտադրման խնդիր լուծելով, և Հայաստան, ում սիրասուն որդիները վերջապես կգտնեն միջոցները և կհաստատեն ճշմարիտ ազգային գաղափարների վրա հիմնված, «իր ընդոծին բնակիչների» էությունից բխող և նրանց սեփական ինքնությանը համապասասխանող կյանքով ապրելու համար լավագույն պայմանները, քանզի միայն այս պարագայում է, որ հանրության յուրաքանչյուր անդամ կարող է լավագույնս ինքնադրսևորվել, առավելագույն օգուտ բերել ընդհանուր գործին և անկախ իր գրաված դիրքից և ունեցած սոցիալական վիճակից՝ հոգեպես բավարարված ու երջանիկ կզգա իրեն՝ գիտակցելուվ իր գործունեության, իր գոյության կարևորությունը…
Հայաստան, որ… Համեմատությունների այս շարքն անվերջ կարելի է շարունակել, սակայն ինչ օգուտ: Այսօր այս ամենն արդեն ոչ ոքի կարծես չի հետաքրքրում:
Այս երկու Հայաստաններից առաջինը Հայաստան պետություն է, երկրորդը` Հայաստան Հայրենիքը: Ճշմարիտ համակարգն այն է, երբ այս երկուսը մեկտեղված են, միաԲան են, մեկը մյուսի օրգանական շարունակությունն է, մյուսի լրացնողն ու զարգացնողը: Ճշմարիտ մոտեցման պարագայում այս երկուսը գտնվում են կատարյալ ներդաշնակության վիճակում, հավերժ միասին են, նույնի արտահայտություններն են տարբեր` ոգեղեն և ֆիզիկական հարթություններում:
Արդեն քսան տարի շարունակ մենք պետություն ենք կառուցում, որտեղ Արարչաստեղծ մարդուն վայել բոլոր հատկանիշները մոռացության են մատնված ու արհամարհված են: Հակառակն, առաջ են մղված խոսքով մերժելի, սակայն մարդկանց, հատկապես երիտասարդության, մատաղ սերնդի մեջ ընչաքաղցության հատկանիշներ սերմանող ու փարիսեցիական բնավորության գծեր դաստիարակող, մարդուն ամեն ինչի նկատմամբ անբացատրելի ագրեսիվության մղող գաղափարներ: Արդյունքում, այսօրվա մարդը, մոռացության մատնելով Հայրենիքի գաղափարը, առաջնայնացրել է պետություն հասկացությունը: Այսպիսով, մենք հոգևոր Հայրենիքի սպառման ու կորստյան հաշվին ինչ-որ անհասկանալի պարամետրերով պետություն ենք շինում, որն առնչություն չունի մեր ազգային էության հետ, հետևաբար այս Հայաստան պետություն կոչվածը նպաստում է Հայ տեսակի, մեր սեփական ինքնության վերացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել