Հետաքրքիրն այն է, որ մեր պատմաբանները և «պատմաբանները» շատ անգամ խոսում են Հայոց Ցեղասպանության հանցագործության մեջ Ռուսաստանի կամ Գերմանիայի հանցակազմի մասին, բայց ոչ մի անգամ` Մեծ Բրիտանիայի... Թեև այդ երկու երկրները բացել են և բոլոր արխիվները, և ճանաչել ու դատապարտել են այն` նախագահների ու օրենսդրական մարմինների մակարդակով, ինչ չի արել անգլիական վերնախավը։ Իսկ ինչո՞ւ: Իրական մեղսակիցը, թերևս հենց Լոնդոնն է։

Նախ, երբ 1878 թվականին Ռուսստանը Սան Ստեֆանոյում բարձրացրեց հայկական վիլայեթներում բարեփոխման հարցը, ընդհուպ մինչև ինքնավարությանն տալը` հենց Մեծ Բրիտանիան նախաձեռնեց Բեռլինի համաժողովը, որը զրկեց Ռուսաստանի հովանավորությամբ հայկական նահանգներին որևէ ինքնավարության հնարավորությունից։ Դրանով սկիզբ առավ տխրահռչակ գլուխկոտրուկը, որն անվանվեց Հայկական հարց։ Այդ օգնության համար Միացյալ Թագավորությունն Օսմանյան կայսրությունից ստացավ Կիպրոսը։ Ավելին, հենց բրիտանական դեսպաններն էին, որ Աբդուլ Համիդին համոզում էին հայերի «դավաճանական ռուսամետ» կեցվածքի մեջ։
Արդյունքում, արդեն 1878 թվականից, սկսվեցին հակահայկական առաջին ելույթները, խտրական վերաբերմունքը, որը փաստում են բոլորը...

1890-ականներին, երբ կրկին բրիտանա-ռուսական հարաբերությունները բարդանում են` Աբդուլ Համիդը ձեռնարկեց հայկական առաջին կոտորածները... 1908 թվականին սրվում է Բալկանյանն հարցը, Լոնդոնն ու Ս.Պետերբուրգը, թեև արդեն միասնական դաշինքում են, չեն թաքցնում թշնամանքը։ Ռուսաստանը փորձում է հաստատվել Արևելյան Միջերկրածովքում` սպառնալով Կիպրոսին և Եգիպտոսին։ Արդյունքում` 1909 թվականին անգլիամետ երիտթուրքական իշխանությունները կազմակերպում են Կիլիկիայի հայության ջարդերը։ Ավելին, բրիտանական և երիտթուրքական կառավարող շրջանների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվում, որ ներկայիս Հորդանանի, Պաղեստինի և Իրաքի տարածքով Եգիպտոսից Հարավային Իրան և ապա` Բրիտանական Հնդկաստան երկաթգիծ կառուցվի, որը կկապի բրիտանական հսկայածավալ կայսրության երկու խոշոր մասերը։ Բնականաբար` այդ ծրագրին կարող էին խանգարել ռուսամետ հայերը, մանավանդ, որ 1912 և 1914 թվականներին Ռուսաստանի նախաձեռնությամբ առաջ է քաշվում հայկական երկու նահանգ ստեղծելու հարցը: Մի նահանգապետ պետք է լիներ Հոլանդիայից, մյուսը` Նորվեգիայից... Երկու չեզոք երկիր։

Առաջին աշխարհամարտի տարիներին երիտթուրքերը թերևս զարգացրեցին Լոնդոնից առաջարած գաղափարը` Գերմանիային համոզելով, որ կառուցվի Բեռլին - Սոֆիա - Ստամբուլ - Բաղդադ - Բասրա երկաթգիծը, որը պետք է անցներ նաև հայկական տարածքներով։ Իսկ հայերը պետք է արտաքսվեին Միջագետք, կամ հենց` երկաթգծի շինարարությանը։ Այդպես ներկայացվեց Գերմանական կայսերը, և դրա համար բոլոր հաղորդումները, թե հայերին կոտորում են, Բեռլինում բնութագրվում էր որպես «անտանտյան գործակալների» ապատեղեկատվություն, քանի որ նրանք համոզված էին, որ «հայերին տեղափոխում են Դեր Զոր, Ռաքքա` երկաթգիծ կառուցելու, իրենց ընտանիքներով»...

1918 թվականի հոկտեմբերի 30-ին Մուդրոսում Թուրքիայի կապիտուլյացիան ընդունելով` անգլիական զորքերը շտապեցին Ռուսաստանից անկախացած Անդրկովկաս, որտեղ ոչ միայն չվերացրեցին երիտթուրքերի կողմից ստեղծված «Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետությունը», այլևս` հակառակը, պահանջեցին Արցախի Ազգային ժողովին ընդունել դրա տիրապետությունը... Անգլիական վերնախավին խիստ հարմար էր, որ ստեղծվեց բուֆերային մի երկիր, որը կկարողանա հեռվացնել ապագայում հզորությունը վերականգնած Ռուսաստանին` Իրանից, ապա և` Պարսից ծոցից և Եգիպտոս - Հնդկաստան կապից։ Փարիզում կայացած Օսմանյան կայսրության վերաբաժանումով Հորդանանը, Պաղեստինը և Իրաքն վերջիվերջո անցան Միացյալ Թագավորությանը, և Եգիպտոսից Հնդկաստան ցամաքային կապը դարձավ իրականություն, մանավանդ որ Հարավային Իրանը օկուպացված էր բրիտանայկան զորքերի կողմից:

Լոնդոնն էր, որ սանձազերծեց վրաց-հայկական պատերազմը, իսկ դրա ավարտին ստեղծեց Լոռվա նահանգապետությունը` անգլիացի նահանգապետով։ 1919 թվականին Շուշիում տեղի ունեցած հայկական մեծ կոտորածի ժամանակ բրիտանական զորքերը` Շուշիի բերդից զուտ դիտում էին, թե ինչպես են այրվում հայկական թաղամասերը և ոչ մի գնդակ չէին էլ արձակում։ Դիզրայելի հայտնի «բրիտանական նավերը լեռներ չեն բարձրանում» արտահայտությունը, թերևս երևի գործում էր հենց հայերին չօգնելու համար, քանի որ 1890-կաններից անգլիական զորքերը պատերազմ էին վարում ավելի բարձրալեռ Աֆղանստանում, որպեսզի այնտեղ չհաստատվի Ռուսաստանի ազդեցությունը։ Չմոռանամ հիշեցնել, որ հենց անգլիական զորքերը կործանեցին բոլշևիկա-դաշնակցական «Բաքվի կոմունան», ձեռբակալեցին 1918 թվականի սեպտեմբերին բոլոր կոմիսարներին, նաև Ստեփան Շահումյանին, գնդակահարեցին։ Իսկ քաղաքը հանձնեցին քաղաքը պաշարող թուրքական զորքերին, որի արդյուքնում ոչնչացվեց Բաքվի երբեմնի ծաղկող հայկական համայնքը։ Թեև դա նորություն չէր։ 1905-1907թթ հենց անգլիական բիզնես շրջանակների կողմից հրահրված հայ-թաթարական բախումների արդյունքում հայ բուրժուազիան կորցնում է Բաքվի նավթային ոլորտում իր մենաշնորհը և այստեղ հաստատվում է Ռոդշիլդների և Բրիտիշ Պետրոլիումի տիրապետությունը։

Գերմանիային և Ռուսաստանին մեղադրելու, մեղսակից դարձնելու նախաձեռնությունը բրիտանական պատմագիրներին է։ Եթե չկա որևէ այլ պատճառ, ինչու՞ մինչ օրս բրիտանական գահը չի բացել արխիվները, չի ճանաչել Ցեղասպանությունը... Դա չի արել նաև բրիտանական թագավորական ընտանիքի անմիջական կառավարման տակ գտնվող ոչ մի երկիր։ Կրկին ավելին... Գահաժառանգ Չարլզը նախընտրևեց մասնակցել Գալիպոլիի ճակատամարտի ` բրիտանական և նրա ենթակա երկրների զորքերի ոչնչացման 100-ամյակին նվիրված միջոցառմանը, քան գալ Ծիծեռնակաբերդ, ինչպես Անտանտի իր դաշնակիցներ Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները...

Եթե հետևողական նայենք, թե ով է հիմնականում ավելի շատ բարձրաձայնում Ռուսաստանի կամ Գերմանիայի մեղասկից լինելու մասին, կտեսնենք, որ այդ անձանցից մեծ մասը կապ ունի բրիտանական համալսարանների, հիմնադրամների հետ։ Նույնիսկ այն, որ ԱՄՆ նախագահը դեռ չի արտաբերել «Ցեղասպանություն» բառը, ևս դրա վառ ապացույցն է, քանի որ Վաշինգտոնն ավանդաբար դեռ գտնվում է անգլիական վերնախավի ազդեցության տակ: Տեսեք, թե որ 7 նահանգներն են, որ դեռ չեն ընդունել հայոց ցեղասպանությունը։ Դրանց բնակչության մեծագուն մասը հենց անգիական ծագում ունի, անգլիկանական եկեղեցու հետևորդներն են։

Ճիշտ է, 2015 թվականին թե Նյու Յորքում և թե Լոնդոնում անգլիկանական եկեղեցու կողմից կազմակերպվեցին Ցեղասպանության զոհերի հիշատակման պատարագներ, որոնց մասնակցեց ՀՀ նախագահը, սակայն դրան այդպես էլ չմասնակցեց Մեծ Բրիտանիայի թագուհին։ Մի մոռացեք, որ Մեծ Բրիտանիան միապետություն է, նույնիսկ սահմանադրություն չունեցող, իսկ թագուհին նաև անգլիկանական եկեղեցու իրավական ղեկավարն է։ Ոչ թե Չարլզը կամ Քենթեմբերիի եպիոկոպոսը։ Նրա չմասնակցությունն իրավաբանորեն չի լեգիտիմացնում այդ երկու արարողակարգերը։

Կրկին անգամ`ավելին: Տեսեք, թե ով է առաջ քաշում հակահայկական բանաձևերը ԵԽԽՎ-ում, ինչ ազգության են հիմնականում։ Ովքեր են սատարում Անկարային ու Բաքվին` Մինսկի խմբում։ Հիշեք պաշտոնական Լոնդոնի արձագանքը նաև ապրիլյան դեպքերի կապակցությամբ։ Ով և ինչ ռանգի էր..

Որպես ամփոփում հարցնեմ, իսկ ի՞նչ եղան Սինգապուրի, Բիրմայի, Թաիլանդի, Ցեյլոնի հայկական համայնքները, որոնք ամենահնագույն էին և բազմաշատ ու ունեին նույնիսկ եկեղեցիներ, տպարաններ, ո՞ւմ անցան այդ եկեղեցիները, ինչո՞ւ թուլացավ Հնդաստանի հայկական համայնքը։ Որտե՞ղ է Մուդրոսի հայությունը։ Հոմ թե պատմության մեջ դրանց հետքերը երևացող են։

Հ.Գ. Սա ռուսամետության կամ գերմանամետության դրսևորում չէ։ Շուշիի ջարդերի ժամանակ անգլիական զորքերի չմասնակցության, դավաճանական նահանջի, Արցախը` Ադրբեջանին հանձնելու փաստերը ամրացված են 2012թ լույս տեսած «Հայաստան» հանրագիտարանում ( էջ 982- 983... ): Մնացած փաստերը ևս հանրամատչելի են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել