Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր այցի շրջանակներում հնչեցրած հայտարարություններով, ըստ էության, վերահաստատեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը:
Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ «ղարաբաղյան օրակարգի» շուրջ բավականին հետաքրքրական հայտարարություններ են հնչել:
«Սկսելով լայնամասշտաբ ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի դեմ՝ Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի հետ ոչ մի ընդհանուր բան չի կարող ունենալ:
Կիրառելով ամբողջ զինանոցը՝ Ադրբեջանը, իհարկե, արժանի հակահարված ստացավ: Բայց Ադրբեջանի այդ գործողությունները, իմ կարծիքով, բանակցային գործընթացը մղեցին բավականին հեռու մի կողմ»,- հավելել է նախագահը և ընդգծել, որ «ցավոք, ադրբեջանցիները համարեցին, որ իրենք կարող են անպատիժ խախտել դեռևս 1994-1995թթ. ստորագրված համաձայնագիրը և այն պայմանավորվածությունները, որոնք մենք ձեռք ենք բերել այս երկարատև բանակցությունների ընթացքում»:
Նախագահն ակնարկում է, որ հայկական զինուժն արժանի պատասխան տվեց՝ իր գործն արեց, իսկ ինչ վերաբերվում է միջազգային հանրության ու մինչև այդ եղած ակնկալիքներին, ապա դրանք չարդարացան:
Սերժ Սարգսյան-Սերգեյ Լավրով հանդիպմանը հնչած հայտարարությունները պարզորոշ կերպով ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում Հայաստանը կոշտացնում է իր դիրքորոշումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել