Երկար-բարակ չեմ վերապատմելու մի բան, որ նոր ինքներդ էիք նայում։ Պարզապես առանձնացնեմ մի քանի առանցքային կետեր, որոնք համենայն դեպս իմ պարագայում՝ աչք ծակեցին։

1․ Լավրովը դիվանագիտորեն ապրիլյան իրադարձություններն անվանեց «բռնության բռնկում»։ Չասեց ագրեսիա, չասեց պատերազմ, չասեց որևէ այլ բան, որը կարող էր դուր չգալ Ադրբեջանին ու առավել ևս՝ միակողմանի երանգով լիներ։

Ոչ մի սարսափելի բան չկա, առավել ևս, որ այդպես էլ կարծում էի, պարզապես ֆիքսենք, որ Ռուսաստանը իր կամքով չի մեղադրելու Ադրբեջանին, եթե Հայաստանը բավարար ճնշում չգործադրի։

2․ Ասուլիսի հիմնական հիշատակվող փաստաթուղթը Կազանինն էր։ Դեռ երեկ գրել ու հիմնավորել էի, թե ինչու այն այլևս ակտուալ չէ․ իրավիճակ է փոխվել։ Հետևաբար, այս փուլում արդեն էական էլ չէ, թե ով է մերժել այն ու ինչու։ Ֆիքսենք միայն, որ Լավրովն ու Նալբանդյանն ուղղակիորեն ասում են, որ մերժողը եղել է Ալիևը։

3․ Լավրովը ակտիվացավ ու հայտարարություններում խրոխտություն մտցրեց միայն Թուրքիայի հիշատակման ժամանակ։ Դա հասականելի է, քանի որ Ռուսաստանը հիմա հակաթուրքական պարադիգմայում է ու Հայաստանում՝ այն էլ Ցեղասպանության տարելիցի նախօրեին, առնվազն պոպուլիզմի տեսանկյունից՝ դա շահեկան թեմա է։

4․ Լավրովն անընդհատ շեշտում էր «վստահության միջոցներ»-ի կարևորության մասին, իսկ մեր սիրելի Նալբանդյանը հեզ-հեզ գլխով էր անում։ Ես ԱԳՆ-ն չեմ, բայց կուզենայի, որ իմ երկրի արտգործնախարարն այդ ժամանակ մատնանշեր, որ ի՞նչ «վստահության միջոցներ»-ի մասին կարելի է խոսել մի երկրի հետ, որի զինված ուժերի ձեռքում հայտնված մեր զինծառայողների մարմիններից մեկը չի եղել, որ ականջ ու քիթ կտրված չլինի, եղել են գլխատված ու անդամահատված մարմիններ։ Եթե նմաններին կարելի է վստահել, ապա ինչո՞ւ Սիրիայում չեն ուզում վստահել ԻՊ-ին, Ջաբհատ ալ Նուսրային ու այլ նմանատիպ խմբավորումներին։

5․ Ի դեպ, Սիրայի մասին․․․ Այ բալամ, եկել՝ Երևան եք հասել ու Լավրովին Սիրիայի՞ց եք հարցնում։ Էլ դարդ ու ցավ, էլ խնդիր չկա՞ր, մենակ Պալմիրայի ականազերծումն ու Սիրիայի պատերազմի հա՞րցն էր կարևոր՝ Լավրով-Նալբանդյան հանդիպման համատեքստում։

6․ Ես գնալով հակվում եմ, որ ի հեճուկս շրջանառվող հիպոթեզի, թե Նալբանդյանն այսքան պասիվ է, որովհետև իրեն չեն թողում ավելի ակտիվ լինել, նա պարզապես լավ նախարար ու լավ պրոֆեսիոնալ չէ։ Գուցե սխալվում եմ, բայց մարդը մինչև հիմա չի հասկանում, որ երբ իրեն մեղադրում են անգործության մեջ, դա չի նշանակում, որ ակնկալում են, որ ինքը լիքը պատվիրակությունների հետ հանդիպի, այդ թվում՝ Իսրայելի Կնեսսեթի ու Սինգապուրի, որովհետև դրանք հիմա ակտուալ չեն։ Ավելին ասեմ․ երբ մեղադրում են անգործության մեջ, միայն իր անձնական գործողությունները չեն քննարկում, այլ իր ղեկավարած ողջ գերատեսչության, և այդ համատեքստում, շա՜տ-շատ բաներ կան, որ ՊԵՏՔ էր անել և դեռ չի արվել։

7․ Ինձ մոտ լուրջ տպավորություն էր, որ մեր ԱԳՆ-ը ցենզուրա էր կիրառել ու թույլ չէր տվել լրագրողներին տալ այն հարցերը, որ ուզեցել են։ Ինչ-որ ոչ կարևոր, անատամ ու անիմաստ հարցիկներ, որոնցից ԱԳՆ-ի հոտն էր գալիս։ Եթե այդպես է, ապա իրոք պետք է փակել մեր ԱԳՆ-ը, որովհետև նման հարցերի դեմը ոչ թե ցենզուրայով են առնում, այլ սեփական երկրի շահերը պաշտպանելով, հստակ ու հոդաբաշխ գործողություններ ձեռնարկելով։ Ոչինչ, թող Լավրովն էլ մի քիչ նեղանար հարցերից․ տենց էլ կարող է լինել՝ սեփական երկրի շահերը պաշտպանելիս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել