Ռուսաստանի կազմաքանդման միջոցով նրա հարստություններին տիրանալու արևմտյան ՛՛տեխնոլոգիաներում՛՛ թուրանականությանը մեծ դեր է հատկացված: Այս առումով մեծ նշանակություն է ձեռք բերում անդրկովկասը և Ռուսաստանի համար հայկական պլացդարմի գոյությունն անուրանալի է: Ռուսաստանը, փայլուն օգտագործելով Հայոց Մեծ Եղեռնից եկող մեծ թուրքերի հետ մեր լարվածությունները և ժամանակ առ ժամանակ թեժացնելով ՛՛կրակը՛՛փոքր թուրքերի սահմանին, հասել է նրան, որ մեր մտքովն անգամ չի անցնում Հայ-թուրք հարաբերությունների բարելավման որևէ գաղափար: Ակներև է, որ հայ-թուրք հարաբերությունների չնչին բարելավումը, չասենք համապարփակ փոխշահավետ ինչ որ պայմանագրի կնքումն ու դրանից բխող կոնկրետ գործողությունները, մահացու են ռուսաստանի համար: Այսինքն, ռուսն առանց մեծ ՛՛ծախսերի՛՛, ՛՛թրքական վտանգնի՛՛ առկայությունը մեր մեջ բորբոքելով, եղբայրության ու ռազմավարական գործընկերության մասին սին գաղափարներով, ոչինչ տվող, ավելին, մեր ազգային արժանապատվության հետ խաղացող կառույցներում մեզ ընդգրկելով, մեզ միշտ պահում է առկախ վիճակում: Այս տրամաբանության սահմաններում, մեզ ոչինչ չի մնում, քան գտնվել պերմանենտ պատերազմական վիճակում և մեր հայրենիքի պաշտպանության համար, խորքում, առաջին հերթին ռուսի շահի համար, պատրաստ լինել կռվել մինչև վերջին փամփուշտը:

Փորձե՞լ են արդյոք մեր քաղաքական էլիտաները գնահատել, թե ի՞նչ դերակատարում կարող է ունենալ Հայաստանը աշխարհաքաղաքական հայտնի ուժերի համար, ովքեր ռուսաստանի հարստություններին տիրանալու նպատակով փորձում են օգտագործել թուրանականության գործոնը: Եվ իրոք, ի՞նչ կստանա նա, ով կովկասի բանալիները սկուտեղի վրա կմատուցի այդ նույն ուժերին, ինչը թույլ կտա նրանց, առանց մեկ փամփուշտ անգամ կրակելու ողջ կովկասի տերը դառնալ:

Մեր ուզածը մի մեծ բան չէ: Մենք ոչ փող ենք ուզում, ոչ ռուսիո հարստություններց մասնաբաժին, ոչ ներդրումներ, ոչինչ: Մեր ուզածը, մեր հայրենիքում խաղաղ ապրելն է: Եվ մենք, դրա երաշխիքները ստանալու պարագայում, պատրաստ ենք համապատասխան գործողությունների:

Նկարագրելիքս ընդամենը մի մոդել է, որտեղ առկա են բազում պարզամտություններ և առաջին հայացքից աբսուրդի հասնող գաղափարներ: Սակայն մեկ բան է կարևոր: Մենք պիտի զարգացման նոր ուղություններ փնտրենք, գուցե խելքից, մտքից դուրս նոր լուծումներ գտնենք, քանզի այս ոչ խաղաղություն, ոչ պատերազմ վիճակը ձեռնտու լինելով բոլորին, այդ թվում մեզ իր եղբայրն ու ռազմավարական գործընկերը հայտարարող ռուսաստանին, կործանարար է մեզ համար:

Հայ –Թուրքական հարաբերություններ.
1. Հայաստանն ու Թուրքիան հայտարարում են Հայ- Թուրքական ՀԱՄԱՏԵՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ստեղծման մասին: Սա գլխավոր գաղափարն է և եթե կա երկուստեք շահավետ գերգաղափար, ապա լուծելի են բոլոր հարցերը, մանավանդ, ինչպես ասացի, դրանում խիստ շահագրգռված են բոլոր գերտերությունները, բացի ռուսաստանից: Այս լույսի ներքո, թուրքերը, օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ կատարվածը ճանաչում են որպես ցեղասպանություն, ներողություն են խնդրում, ինչ որ սիմվոլիկ փոխհատուցում են տալիս և որպես բարի կամքի արտահայտություն Հայաստանի սահմաններին կից, հայերի համար պատմա-մշակութային նշանակություն ունեցող ինչ-ինչ տարածքներ են զիջում կամ չեն զիջում, կարևոր չէ: Փոխարենը, Հայաստանը հաստատում է իր տարածքային պահանջների բացակայության մասին բարձր ամբիոններից արած իր հայտարարությունը:
2. Հայաստանը թուրքիայի հետ համատեղ պետություն է կազմում ներկայումս գոյություն ունեցող ղարաբաղյան ստատուս-քվոյի կամ նրան մոտ սահմաններով: Փոխադարձ համաձայնության գալու պարագայում, ղարաբաղյան պաշտպանության գոտու հարավային տարածքները համամասնորեն փոխանակվում են նախիջևանի հետ:
( Թուրքիա ասելով պետք է հասկանալ արևմուտքը և առաջին հերթին ԱՄՆ և այս առումով նրանք ամեն բան կանեն Հայ –թրքական համատեղ պետության գաղափարը հնարավորինս արագ իրականացնելու համար: Այս գաղափարին կսատարեն ու այն իրենց ուշադրության կիզակետում կպահեն բոլորը, քանզի այն նպաստում է ռուսաստանի կազմաքանդմանը: Էրդողանական Թուրքիայի համար այս գաղափարը ևս չափազանց գայթակղիչ է, քանզի այն հնարավոր է դարձնում առանց մեծ ջանքերի ՛՛իրենով անել՛՛ կովկասյան տարածքները:)

Թուրքիայի ձեռքբերումները.
• Վերջնականապես կլուծվի ՛՛հայկական հարցը՛՛ և թուրքիան կազատվի մշտապես բոլորի կողմից ի վնաս իրեն օգտագործվող այս ՛՛մահակից՛՛ և արևմուտքի հետ հավասարը հավասարի խոսելու մեծ հնարավորություն կստանա
• Թուրքիան կուժեղացնի իր ազդեցությունը անդրկովկասում (փաստորեն անդրկովկասի տիրակալը կդառնա) և ռուսաստանի դեմ քայլեր ձեռնարկելու աննախադեպ հնարավորություններ ձեռք կբերի
• Կուժեղանա թուրքիայի ազդեցությունը վրաստանի և ադրբեջանի վրա, մանավանդ, որ մեր օրինակով թուրքիան իրավասու կլինի սրանց ևս ստիպել մտնել ՛՛իր կազմի՛՛ մեջ
• Կնվազեն վրաստանի, ինչպես նաև ադրբեջանի ազդեցությունները թուրքիայի վրա, քանզի առաջինը կզրկվի ՛՛հայերին լավություն անելը՛՛ թուրքիայի դեմ որպես շանտաժի միջոց օգտագործելով նրանից արտոնություններ կորզելուց, իսկ ադրբեջանը ստիպված կլինի այսքան տարի իրեն անվերապահ աջակցող թուրքիայի ՛՛լավության տակից՛՛ դուրս գալ նավթա-գազային ռեսուրսներով եղբոր հետ կիսվելով
• Ռուսաստանին խեղճացնելու հարավային և միջինասիական ուղղություններում Թուրքիան էլ ավելի կմեծացնի իր դերը
• Թուրքիան մի շարք այլ ձեռքբերումներ ևս կունենա և չի երևում գեթ մեկ կորուստ, ինչը հետ կպահի նրան ՛՛համատեղ պետության՛՛ գաղափարից

Հայաստանի ձեռքբերումները
• Հայաստանը կազատվի պերմանենտ պատերազմ մղելու և մշտնջենական լարվածության մեջ գտնվելու այս վիճակից
• ՛՛Համատեղ պետության՛՛ գաղափարի իրագործման պարագայում Հայ ժողովուրդը իր Պատմական Հայրենիքի հետ ներգրավված կլինի նույն կառույցում և Թուրքիայի հետագա հնարավոր մասնատման դեպքում ձայնի իրավունք կունենա
• Կազատվի ՛՛մշտական բարեկամից՛՛, ով արդեն զզվեցրել է և անվերջ թշնամություն է անում, ու ի դեմս թուրքիայի, գուցե, ձեռք չի բերի բարեկամ, սակայն հստակ կիմանա, թե ում հետ գործ ունի
• Ձեռք կբերի բազմաթիվ բարեկամներ, ովքեր ռուսաստանին իրենց թշնամին են համարում
• ՛՛Համատեղ պետության՛՛ ներսում թուրքիայի կողմից էքսպանսիան բացառվում է, քանզի բացակայում են մոտիվները. Ցեղասպանության փաստը ճանաչված է, տարածքային պահանջները մեր կողմից բացակայում են:
• Հայաստանը մի շարք այլ ձեռքբերումներ ևս կունենա որոնցից գլխավորը իր հայրենիքում խաղաղ ապրելն ու արարելն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել