Կառավարությունը սահմանել է ՀՀ-ից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգն ու պայմանները: Այն դեպքերում, երբ Հայաստանում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում անհնար կլինի բուժում իրականացնել, զինծառայողների բուժումը կկազմակերպվի օտարերկրյա պետություններում:

Նախատեսվում է, որ առողջապահության նախարարն, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում, Առողջապահության նախարարության, Պաշտպանության նախարարության, Ոստիկանության, ԱԱԾ-ի բժշկական կամ ռազմաբժշկական ստորաբաժանումների, ինչպես նաև դրանց ենթակայության տակ գտնվող բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչներից պետք է ստեղծի Հայաստանի տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման անհնարինության և զինծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում իրականացնելու վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տվող հանձնաժողով:

Պետք է նկատել, որ Հայաստանից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի ֆինսավորումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառարավարության պահուստային ֆոնդից: Սահմանվել է, որ բուժման գումարը զինծառայողի համար ներառում է` օտարերկրյա պետության բժշկական կազմակերպության կողմից վիրահատական միջամտությամբ կամ այլ եղանակով հիվանդանոցային պայմաններում բուժման, ներառյալ` հետվերականգնողական բուժման, ինչպես նաև՝ դեղերի հետ կապված ծախսերը` տվյալ բժշկական կազմակերպության գրավոր տեղեկատվության հիման վրա: Ճանապարհածախսի գումարը զինծառայողի և ուղեկցող անձի համար ներառում է` օտարերկրյա պետություն մեկնելու և վերադառնալու համար տրանսպորտային միջոցի տոմսի արժեքը: Կեցության գումարը զինծառայողի համար ներառում է հիվանդանոցային պայմաններում կեցության հետ կապված ծախսերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել