Մի թագավոր իր երազում տեսավ, որ եկել է իր մահը: Նա տեսավ երազում մի կանգնած ստվեր ու հարցրեց.

— Ո՞վ ես դու:

Ստվերն ասաց.

— Ես քո մահն եմ և վաղը մայրամուտին ես կգամ քո հետևից:

Թագավորը ուզեց հարցնի, թե ի՞նչ ճանապարհով կարելի է փրկվել, սակայն չկարողացավ, որովհետև այնպես էր վախեցած, որ քունը խանգարվեց: Ստվերն անհետացավ: 

Թագավորը դողում էր, և նրա շնչառությունը ծանրացել էր: Գիշերվա կեսին նա կանչեց իր իմաստուններին ու ասաց.

— Գտեք այս երազի իմաստը: Իմաստունները գնացին իրենց տներով և հետ եկան՝ բերելով իրենց մեկնաբանությունները: Դրանք հաստ բազմահատոր գրքեր էին: Եվ նրանք սկսեցին խորհուրդներ տալ ու վիճել, քննարկել ու կռվել միմյանց հետ, ապացուցել: Լսելով նրանց՝ թագավորն ավելի ու ավելի էր հիասթափվում՝ նրանք ոչ մի հարցում ընդհանուր հայտարարի չէին գալիս, նրանք տարբեր սեկտաների էին պատկանում, ինչպես դա հաճախ է լինում իմաստունների հետ: Նրանք իրենք իրենց չէին պատկանում, այլ պատկանում էին մեռած ավանդությանը՝ մեկը հինդուիստ էր, մյուսը՝ մահմեդական, երրորդը՝ քրիստոնյա: Յուրաքանչյուրն իր հետ բերել էր իր ուսմունքը և փորձում ու փորձում էին, և երբ սկսեցին վեճի բռնվել, խելագարվեցին, ու սկսեցին ավելի ու ավելի վիճել:

Թագավորն անչափ տագնապած էր, քանի որ արևն արդեն բարձրանում էր: Նա փորձում էր ընդհատել նրանց, սակայն իմաստունները պնդում էին.

— Մի ընդհատիր մեզ, քանի որ սա շատ լուրջ հարց է: 

Մի ծերունի, ով ծառայում էր թագավորին իր ամբողջ կյանքի ընթացքում, մոտեցավ նրան և շշնջաց ականջին.

— Ավելի լավ է փախչես, քանզի այս մարդիկ ոչ մի եզրահանգման էլ չեն գալու: Նրանք քննարկելու և վիճելու են այնքան, մինչև չգա իրենց մահը, սակայն ոչ մի վերջնական որոշում էլ չեն ընդունելու: Ինձ թվում է, որ եթե մահը զգուշացրել է քեզ, ապա ավելի լավ է չքվես այս դղյակից: Փախիր ինչ-որ տեղ, արագ:

Այս առաջարկությունը շատ հրապուրիչ էր՝ երբ մարդը չի կարող ինչ-որ բան անել, նա մտածում է փախուստի մասին: Թագավորը մի շատ արագընթաց ձի ուներ: Նա թամբեց այդ ձին և փախուստի դիմեց: Նա իրեն երջանիկ էր զգում, իսկ ձին ավելի ու ավելի արագ էր վազում, կարծես կյանքի ու մահու հարց լուծեր: Նորից ու նորից նա հետ էր նայում, որպեսզի տեսնի, թե հո չի մոտենում իրեն այն ստվերը, սակայն ոչ մի ստվեր էլ այլևս չէր երևում: Նա երջանիկ էր՝ մահը չկար, նա հասցրել էր փախչել: Մայրամուտին, նա արդեն մայրաքաղաքից մի հարյուր միլ հեռու էր: Նա կանգ առավ մի բանյանի ծառի տակ, իջավ ձիուց և շնորհակալություն հայտնեց նրան՝ ասելով.

— Դու փրկեցիր իմ կյանքը:

Սակայն այդ պահին նա զգաց նույն այն ձեռքի հպումը, որը նա զգացել էր երազում: Նա հետ նայեց: Այն նույն ստվերն էր: Եվ մահն ասաց՝

— Ես էլ եմ երախտապարտ քո ձիուն, որ նա այդքան արագ է: Ես մի ամբողջ օր է սպասում եմ այս բանյանի ծառի տակ և արդեն մտահոգվում էի, թե կկարողանա՞ս դու այստեղ հասնել, թե՞ ոչ: Հեռավորությունը փոքր չէ, սակայն այս ձին իրոք հոյակապն է: Դու հասար հենց այն պահին, երբ դու այստեղ պետք ես:

www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել