Ankakh.com-ը գրում է.

Մուրացանի զինվորական հոսպիտալը վերջին օրերին ուխտատեղի է դարձել: Այնտեղ են շտապում ոչ միայն ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով վիրավորված զինվորների հարազատներն ու բարեկամները, այլև սովորական քաղաքացիներ, որոնք իրենց երախտիքի խոսքն են ուզում հայտնել հայրենիքի պաշտպաններին: Իսկ լրագրողների հոսքի մասին խոսելն ավելորդ է: Այնտեղ ամեն օր լրագրողական խմբեր են այցելում, ինչը մի կողմից լավ է, մյուս կողմից` վատ: Լավ է, որ ամենօրյա լրահոսից մի քիչ նվազել են աստղային ճղճիմ անցուդարձի բոհեմական վերնագրերը, և օրվա հերոսը դարձել է սահմանին կանգնած, վիրավորված ու հայրենիքի պաշտպանության համար կյանքը չխնայած զինվորը: Սակայն վատ է, որ ամենօրյա հարցազրույցները վիրավորներին ճնշում են նաև հոգեբանական տեսանկյունից: Չէ՞ որ նրանք իսկական հերոսներ են, որոնք ավելորդ ուշադրությունից կարմրում են` ի տարբերություն այն ուռճացված կերպարների, որոնք առանց լրագրողների պարզապես ոչնչանում են:

վիրավոր զինվորներ

Տղաները քչախոս են, չեն ուզում պատմել իրենց արարքների մասին, գնահատականներ տալ կամ իրենց հերոս զգալ: Փոխարենը՝ նրանց մասին հպարտությամբ խոսում են հարազատները, որոնց երբեմն-երբեմն ընդհատում են, երբ նրանք անցնում են գովասանքի: Զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժական բաժանմունքում գտնվող 20-ամյա Գևորգին 2 ամիս էր մնացել զորացրվելու համար, երբ սկսվում է քառօրյա պատերազմը: Ապրիլի 4-ին Ջաբրաիլում նա ականի պայթյունից գանգուղեղային ծանր վիրավորվում է ստանում: Վիրահատում են, այժմ վիճակը բավարար է: Սակայն չի ուզում խոսել տեղի ունեցածի մասին: Նրա մայրը` Տիկին Ասյան, հիշում է. «Ապրիլի 2-ն էր, ժամը 12-ի կողմերը: Տրանսպորտի մեջ էի: Տեղյակ չէի, թե ինչ է կատարվում Ղարաբաղում: Գևորգը զանգեց, թե մամ, եթե հանկարծ լուրեր նայես կամ մի բան լսես, չհավատաս, ինձ մոտ չի, ինձ մոտ ամեն ինչ նորմալ ա: Հասա Աշտարակ, տեսա՝ ամբողջ ժողովուրդն իրար խառնված, թե բա պատերազմ ա: Անհանգստությունս խորացավ, ժամ առ ժամ ավելի վատ բաներ էի մտածում: 5 րոպեն մեկ լուրերն էի նայում, ու անհանգստությունս ավելի էր մեծանում, սպասում էի, որ ուր որ է` մի վատ բան կլսեմ»: Գևորգը շարունակում էր պարբերաբար զանգել մորը, հանգստացնել, հորդորել, որ վատ բաներ չմտածի: Անգամ, երբ զգում է, որ մոր ձայնը գնալով նվաղում է, ավելի առույգ տոնով է ասում, որ հանկարծ չանհանգստանա. «Ինքն ընդհանրապես էս 1 տարի, 9 ամսվա ընթացքում ինձ ոչ մի նեղություն չի տվել, միշտ ասել ա, որ իր մոտ ամեն ինչ շատ լավ է: Էդ օրն էլ զանգեց, ասաց, որ հնարավոր է` չկարողանա զանգել, չանհանգստանամ: Այդ խոսակցությունից 2 ժամ հետո, փաստորեն, վիրավորվել էր: Երբ գիշերը ժամը 2-ին իր հեռախոսից զանգ եկավ, ուրախացա, մտածեցի` հիմա նորից կլսեմ ձայնը: Հեռախոսը վերցրեցի, մի անծանոթ կին էր: Ասաց` Ձեր տղան վիրավոր է, Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում է»: Տիկին Ասյան 3 աղջիկ ունի, Գևորգը մինուճար տղան է: Ասում է, որ բանակ գնալուց հպարտորեն ճանապարհել է, իսկ որդին իրեն երբեք տխրելու առիթ չի տվել, անգամ ամենածանր պահերին ամեն ինչ արել է, որ մայրը չզգա, թե ինչ վիճակ է, ու չանհանգստանա: Գևորգի սենյակակիցը` 19-ամյա Սասունը, ղարաբաղցի է: Նա էլ Գևորգի նման չխոսկան է: Ոչինչ չի ուզում պատմել դեպքերի մասին: Ստիպված հարցս ուղղում եմ մորը. «Եթե ձեր որդին լրիվ ապաքինվի ու կրկին նրա կարիքը սահմանում զգացվի, կցանկանա՞ք, որ նա նորից գնա առաջնագիծ»: «Մեկ է, ես էլ չուզեմ՝ ինքը գնալու է»,- պատասխանում է մայրը: Սասունը վիրավորվել է ապրիլի 3-ին: Գլխի, ձեռքի լուրջ վնասվածքներ ունի: Հարցնում եմ` ի՞նչ էիր մտածում էդ պահին, երբ դեպքը տեղի ունեցավ: Ծիծաղելով ասում է. «Ուշքս գնաց, շա՞տ եմ հասկացել` ինչ ա կատարվում, որ մի հատ էլ մտածեմ»:

վիրավոր զինվորներ

Հաջորդ հիվանդասենյակում հանդիպում ենք Հովիկին: Բարձր տրամադրությամբ, իսկական գյումրեցի է` իր ողջ համուհոտով: Գրկին էլ մի փոքրիկ աղջիկ է, բայց իրենը չէ, բարեկամի երեխան է: Եկել են իրեն տեսակցելու: Իսկ ինքն անգամ սիրած աղջկան չի թողնում, որ գա հիվանդանոց: Վիրավորվել է Մարտակերտում, երբ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը տագնապ էր հայտարարվել, և իրենք զինծառայողներ տեղափոխող զինվորական բեռնատարով շտապում էին դիրքեր: Միայն հիշում է, որ հակառակորդի գնդակոծություններից բեռնատարը շրջվեց ու դեպի ձորն էր գլորվում, երբ ինքը հասցրեց իրեն դուրս նետել: Հովիկը գանգոսկրի լուրջ վնասվածք է ստացել, բայց հիմա վիճակը բավարար է: Ասում է, որ բեռնատարում եղած մյուս տղաները լավ են, ոչ ոք չի տուժել: Հովիկը խոստովանում է, որ ծառայությունն իսկապես փոխել է կյանքի նկատմամբ ունեցած նախկին պատկերացումները: Ինչ վերաբերում է մարտական գործողություններին, Հովիկը կարճ է կապում. «Կամանդիրները դուխ կուտան, տղերքն էլ կկռվին»: Թալիշում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ոտքերի բեկորային վնասվածքներ ստացած 20-ամյա Վահեն, որ Վայոց ձորի մարզից է, ասում է, որ բառերով հնարավոր չէ նկարագրել այն, ինչ զգում է զինվորը, երբ հասկանում է, որ թշնամին ուղղակի պատերազմ է հայտարարել: Մյուս կողմից էլ ամեն ինչ այնպես չէ, ինչպես երբեմն ներկայացվում է. օրինակ՝ հակառակորդը ոչ թե Թալիշի բոլոր դիրքերն է գրավել, այլ ընդամենը ամենամոտ գտնվող դիրքից մեկը, որտեղից էլ սողոսկել է գյուղ` հասնելով, սակայն, գյուղի ծայրամասում գտնվող ընդամենը 1-2 տուն:

վիրավոր զինվորներ

Վահեն վստահ է, որ մեր բոլոր զիվորները թե՛ հոգեբանորեն, թե՛ զենք-զինամթերքի տեսանկյունից պատրաստ են դիմակայելու թշնամու ցանկացած հարձակման: «Հակառակորդի դեպքում ավելի շատ տեխնիկան ա գործ արել, մեր դեպքում` զինվորը»,- ասում է նա: Վահեի մայրը` տիկին Արմինեն, պատմում է, որ ինքն ու ամուսինը որդու վիրավորման մասին իմացել են դեպքից օրեր անց, այն էլ` ուրիշներից: Վահեն, անգամ Ստեփանակերտի հիվանդանոցում ծանր պառկած, ծնողների հետ հեռախոսով խոսելիս ասել է, թե ամեն ինչ կարգին է. «Ես շատ եմ հպարտանում իմ տղայով հենց թեկուզ այդ արարքի համար: Ճիշտ է, նա մեզ խաբել է, բայց եթե որոշել է այդպես վարվել, ապա դա է ճիշտը»: Միայն Վահեի հայրը չի կարողանում ներել որդուն: Եվ երբ իմանալով այդ մասին` վրդովվել է: Փոքր որդին, որը նույնպես շուտով բանակ է գնալու, հակադարձել է հորը, թե շատ էլ ճիշտ է արել, ինքն էլ նույն կերպ կվարվեր:

վիրավոր զինվորներ

20-ամյա Նարեկը, որ ընդամենը 3 ամսից պետք է զորացրվեր, ապրիլի 2-ի լուսաբացին Երկու ոտքը ծկից ներքև կորցրած Դավիթը, որի ժպիտը գրավել է ողջ համացանցը, մեր այցելության օրը նույնպես ժպտում էր, սակայն չցանկացավ կրկնել արդեն 100 անգամ պատմած իր դեպքի մանրամասները: Փոխարենը կողքից ընկերը կատակեց, թե Դավիթի լայքերը ֆեյսբուքում ավելի շատ են, քան Մերի Մակարյանինը:

վիրավոր զինվորներ

Հիշեցնենք, թե ինչ էր պատմել Դավիթը. «Մեկ էլ պայթյուն լսվեց: Տեսա՝ ոտքս չկա: Հանեցի համազգեստիս գոտին ու կապեցի, որ չարնահոսեմ: Նոր էի ավարտել կապելը, նորից պայթյուն լսվեց, տեսա՝ մյուս ոտքս կտրվեց: Զինվորական սապոգիս քուղը հանեցի ու մյուս ոտքս կապեցի: Պառկած սպասում էի, որ ընկերներս օգնության գան, գլխիս տակ ինչ-որ կոշտ բան զգացի, նայեցի, տեսա ական է: Ձեռքով փորելով էդ ականը հանեցի գլխիս տակից»: Ու այդ ամեից հետո Դավիթը ժպտում էր, ոչ միայն ժպտում, այլ ասում, որ պետք է շարունակի զինվորական ծառայությունը: 18-ամյա վանաձորցի Տիգրանը վիրավորվել է ապրիլի 3-ին Մատաղիսում: Աջ կոնքազդրն ամբողջովին փշրվել է: Բարդ վիրահատության է ենթարկվել, այժմ վիճակը լավ է: Վիրավոր զինվորի մայրը շնորհակալություն է հայտնում ոչ միայն բուժանձնակազմին, այլև ողջ ժողովրդին, որ իրենց թևութիկունք են եղել: «Սա ցույց տվեց, որ եթե մեր ժողովուրդը ոտքի կանգնի՝ կարող է հասնել ցանկացած հաղթանակի»,- ասում է զինվորի մայրը: Երբ պատերազմի մասին լուրերը հասնում են Վանաձոր, Տիգրանի մայրն էլ բոլոր մայրերի պես վախը սրտում անդադար սպասում է որդու զանգերին: 

վիրավոր զինվորներ

«Ասում էի` ամեն մի զանգը իմ կյանքն է ու իմ հաղթանակը»: Իսկ որդու վիրավորվելու օրը այնքան վատ ինքնազգացողություն է ունենում, որ ընկերներին խնդրում է իր հետ լինեն, իրեն զբաղեցնեն: Նույն օրը երեկոյան որդու վիրավորվելու մասին լուրը հասնում է նրան: Տիգրանը նրա միակ երեխան է: Ասում է, որ բանակ է ճանապարհել հպարտ և ուրախ. «Ասել եմ` ունեմ առողջ տղա, պիտի գնա ծառայելու, Աստված պահապան, և Աստված պահել է: Ես տղայիս նորից եմ գտել»: Տիգրանի ոտքը մխրճված բեկորներից մեկը, վերք դառնալով, խաչի տեսք է ստացել: Մայրը հավատում է, որ դա Աստծո կողմից արված նախանշան է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել