10 անհետաձգելի քայլեր, որոնք պետք է անի մեր կառավարությունը.

ներկայացնում եմ Հայաստանում հրատապ տնտեսական քայլերի իրականացման իմ պատկերացումները: Նպատակ ունեմ ինչ որ կերպ օգնել ՀՀ կառավարությանը, նայեք բովանդակությանը, այլ ոչ թե ով կամ ինչպես է գրված:
1. Զոհված զինծառայողների ընտանիքի անդամներից մեկին (Կին, քույր, զավակ) հրամանագրի պետական համակարգում, գոնե 120-150հզ. դրամ մաքուր աշխատավարձ ենթադրող հաստիքի: Սա նրանց սոցիալական խնդիրի լուծման ամենաարագ ու երկարաժամկետ քայլը կլինի, հետո կարող է սա ամրագրվել օրենքով: Թշնամու դիմաց կանգնած տղեքը պետք է վստահ լինեն, որ, ինչ էլ լինի, իրենց ընտանքները կապահովվեն: Չասեք՝ տեղ չկա. հայեցողական պաշտոնները շատ են, կամ 40-50հզ դրամ ամսավճարը բավարար համարողները թող այդքան գումարով փորձեն իրենց տունը պահել:
2. Հայաստանի ամենաաղքատ շրջաններում՝ Ամասիա, Վարդենիս և այլ, ստեղծել ազատ տնտեսական գոտիներ, որտեղ կիրականացվի երկրորդային շուկայից ձեռք բերված ավտոպահեստամասերի և անվադողերի վաճառք: Կարճ ասած՝ մերոնք հազարներով այլևս չեն գնա Վրաստանից գնումներ անելու, և տվյալ շրջաններում կսկսվի տնտեսական աշխուժություն, մարդիկ սկսում են նորմալ ապրել ու չարտագաղթել: Կզարգանա փոքր բիզնեսը՝ բիստրոներ, ռեստորաններ, խանութներ, հյուրատներ։
3. Հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որով կստեղծվի մեկ հիմնադրամ, այն իր մեջ կմիավորի ՀՀ պաշտպանության ամրապնդման համար ստեղծված բոլոր հիմնադրամները, օրինակ՝ «Մարտիկը»: Կսահմանվի այսպես կոչված պաշտպանական հարկ, որտեղ մարդիկ կամավոր սկզբունքով կկարողանան փոխանցել իրենց աշխատավարձերից որոշակի տոկոսներ: Փոխանցում անելու մեխանիզմը պետք է լինի հնարավորինս հեշտ՝ նույնիսկ փողոցներում տեղադրված տերմինալներով: Այս հիմնադրամը պետք է ղեկավարի հասարակության կողմից սիրված մարդ, օրինակ՝ Արթուր Մեսչյանը կամ Հենրիխ Մխիթարյանը, Վազգեն Սարգսյանի եղբայրը, Կարեն Դեմիրյանի կինը:
4. Պետք է ստեղծել համահայկական ցանց, օրինակ՝ հայ բժիշկների բոլոր տվյալները, գտնվելու վայրերը ու կոնտակտային տվյալները պետք է կամաց-կամաց հավաքի ու շատ գաղտնի պահի Բժշկական համալսարանը, հայ զինվորականների տվյալները՝ Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտը, հայ ծրագրավորողներինը՝ պետական մասնակցությամբ ստեղծված IT ընկերություններից մեկը և այսպես շարունակ: Տվյալների բազան չպետք է կենտրոնացված լինի մեկ տեղում, սա շատ կարևոր է: Աշխարհում հիմա հաղթում են ուժեղ ցանցեր ունեցողները: Մենք պետք է իմանանք, թե աշխարհի որ քաղաքում քանի հայ է ապրում և ինչով է նա զբաղված: Թերևս, սրա առավելությունների մասին մանրամասն խոսելու կարիք չկա:
5. Օրվա հրամայական է նաև Համահայկական հեռուստատեսության հիմնադրումը, այն սկզբնական փուլում կարող է լինել ինտերնետ հեռարձակմամբ, ապա մտնել արբայնակային ցանց: Համահայկական հեռուստատեսությունը պետք է լուրեր տա հայկական գաղթօջախներից. սկսած ԱՄՆ ի արևմտյան ափից, վերջացրած Սինգապուրով, Մոսկվայով ու Եգիպտոսով: Ցանկալի է, որ այն աշխատի հիմնականում անգլերեն լեզվով: Մենք պետք է ունենանք հայկական BBC կամ CNN. սա շատ հավանական է։
6. Տնտեսական զարգացման նախարարությունը պարտավոր է հնարավորինս արագ ուսումնասիրել ու կազմել Հայաստան ներկրվող ապրանքների ցանկը, դրանից հետո բիզնես ծրագրեր առաջարկի ներդրողներին, ովքեր պատրաստ կլինեն ներմուծվող ապրանքն արտադրել ՀՀ ում: Մյուս տարբերակն էլ այն է, որ հարկային արտոնություններ տրվեն այն մարդկանց, ովքեր կսկսեն արտադրել նշյալ ապրանքները: Թերևս, այստեղ ևս պետք չի բացատրել, թե ինչ օգուտ է, երբ ապրանքը արտադրվում է երկրում ու չի ներմուծվում: Տղեք ընդունեք, որ գոնե հավ, ձու, զուգարանի թուղթ, օղի, գինի, քաղցավենիք և շատ ու շատ ապրանքներ կարելի է արտադրել ՀՀ ում, ու բավարարել ներքին պահանջարկը: Առաջարկում եմ Արծվիկ Մինասյանին շաբաթը մեկ անգամ անձնական մոնիտորինգ իրականացնի սուպերմարկետներում:
7. Գործուն քայլեր ձեռնարկել ամուսնություների խրախուսման համար: Որպես ամուսնությունների թվի անկման կամ դժվար աճի պատճառներից մեկը հանդիսոցող բնակարանների խնդիրը՝ կարելի է լուծել: Պետությունը կառուցում է բնակարն ու 10 տարի մարման պայմանով տալիս է իր երիտասարդներին: Բանկերին արանքից հանել է պետք, նրանք ուղղակի թալանում են երիտասարդ ընտանիքներին: Կարևորը սկսելն է, գոնե երկու-երեք բազմաբնակարան կարելի է կառուցել, այսպես կոչված, չեղած տեղից:
8. Եթե ուսումնասիրեք հասարակական կածիքը, ապա կտեսնեք, որ դժգոհությունների հիմնական պատճառներից մեկն այն է, որ ՀՀ քաղաքացին չգիտի, թե ուր է գնում իր երկիրը ու ծնողական բնազդով փորձում է հեռու պահել իր երեխային անհայտությունից: Պետք է պատկերավոր ու հասկանալի ձևով բացատրել քաղաքացուն, թե ինչպիսի Հայաստան ենք տեսնում 10 տարի, 20 տարի հետո: Սա շատ կարևոր է, հակառակ պարագայում՝ մենք նմանվում ենք գիշերը փոքր լապտերով անտառ դուրս եկած մարդու, ով չի տեսնում գրեթե ոչինչ:
9. Հասարակությանը տեսանելի եղանակով դադարեցնել ներկայացուցչական, գործուղումների ու պարգևավճարների համար նախատեսված գումարները՝ դրանք ուղղելով աղքատ շրջանների զարգացմանը: Տղեք ջան, որպեսզի ավելի պատկերավոր ասեմ, մի քանի ծառայողական մեքենայի ու մի քանի պաշտոնյաների գործուղումների գումարներով կարելի կլինի դատակրվող Բերդում փոքր արտադրամասեր բացել: Եթե կասկածում եք՝ գնացեք Այրումի գործարանը նայեք, կարող եմ կոնտակտներ ևս տալ՝ BSC ընկերությանը դիմեք:
10. Տղե´ք, ինչ եղել է՝ եղել է, ով ինչ արել է՝ արել է… Հիմա Հայրենիքն է վտանգի մեջ, դիրքերում տղեքի վրա չեն կրակի, եթե տեսնեն ուժեղ Հայաստան, արեք այս երկրի համար այն, ինչ արել եք ձեր ընտանիքների համար: Բանաձևը պարզ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել