Վերջին շրջանում ինչպես մեդիա հարթակներում, այնպես էլ տեղական փորձագիտական հանրույթի որոշ ներկայացուցիչների շուրթերից հնչեցվում են կարծիքներ, թե հավանաբար ռուսների կողմից այս սրացումների ներքո այնպիսի առաջարկներ են արվելու մեզ, որոնք նախ՝ ԼՂ լուծման գործընթացի ներքո չեն բխում մեր շահերից, և երկրորդ՝ որոնցից մենք, պատերազմի վերսկսման սպառնալիքի ներքո, չենք կարողանալու հրաժարվել: Նման դիտարկումների հիմք հավանաբար ծառայում են ապրիլյան սրացումների ժամանակ ՌԴ-ի հարաբերականորեն զուսպ գնահատականները իրավիճակի մեղավորների վերաբերյալ, ինչպես նաև հրապարակային հարթականում Բաքու-Մոսկվա «ջերմացման» արտաքին ցուցիչները:

1994թ-ից ի վեր՝ ամեն անգամ, երբ որոշակի սրացումից հետո Մինսկի խմբի համանախագահ երկրներից որևէ մեկն այցելել է Հայաստան, կամ հանդիպումներ են տեղի ունեցել այլ երկրներում, հանրային ու վերլուծական հանրույթի մակարդակում նման անհանգստություններ միշտ եղել են: Դա գործընթացի օրինաչափություն է: Ի դեպ, այդ անհագստությունը ձևակերպվում էր հետևյալ կերպ. մեզ «վատ» առաջարկ են անելու, որից մենք չենք կարողանալու հրաժարվել: Չմոռանանք, որ մենք անցել ենք Լիսաբոնյան գագաթաժողով, ունեցել ենք Պրահայի գործընթաց, Փարիզյան, ապա նաև Մադրիդյան սկզբունքներ և եկել հասել են Կազանում ներկայացված առաջարկներին: Իրականության մեջ վերոնշյալ բոլոր առաջարկներն այս կամ այն մասով կրկնում են միմյանց. միայն որոշակի շեշտադրումներն են փոփոխվել: Այնպես որ, համանախագահ երկրի ԱԳ նախարարի հերթական այցից լարվել պետք չէ:

Երբ համանախագահ երկրները նշում են, որ խնդրի լուծումը կողմերի ձեռքում է, կարծում եմ՝ անկեղծ են, քանի որ պետությունների ու հասարակությունների մոտ առկա կոնֆլիկտի լուծման կամքն է, որ ունակ է ընտրել մի կողմից՝ փոխզիջումների, մյուս կողմից՝ պատերազմի միջև իր համար առավել հարմար ու շահեկան տարբերակը: Այլ հարց է, որ խնդրի չլուծումից օգտվում են բոլոր կողմերը, և հատկապես՝ միջնորդները: Ուստի, իրականում, հենց կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն լուծման համար. դա լավ հասկանում են ինչպես Բաքվում, այնպես էլ Երևանում: Այլ հարց է, որ Բաքվի համար կոնֆկլիկտի առաջնային նշանակությունն այլ տիրույթում է:

Վերջին մեկ շաբաթվա կտրվածքով ռուսական մեդիաները, որոնք Կրեմլին մոտ կանգնած տեղեկատվության տարածման ենթադրելի հարթակներ են, ակտիվորեն շեշտադրում են ՌԴ-ի միջնորդական առաքելության սպասվող քայլերի մասին, անգամ շրջանառության մեջ են դնում որոշ առաջարկների վերաբերյալ «հավաստի» տեղեկատվություն: Սա, բնականաբար, համարժեք արձագանք է գտնում հասարակական տարբեր հարթակներում, որոնք լարված սպասում են իրավիճակի հետագա զարգացումներին: Սակայն ինտրիգայնությունը և զգացմունքայնությունն այս հարցում բավական վտանգավոր է:

Հաճախ մեզ թվում է, եթե մեզ ոչ շահեկան առաջարկ արվի, ապա մենք չենք կարող դրանից հրաժարվել: Մեկ անգամ չէ, որ մեզ տարբեր առաջարկներ արվել են, ու մենք միանշանակ ու երբեմն նաև շատ խիստ մերժել ենք այդ մոտեցումները: Այդ առաջարկներն, ի դեպ, եղել են ինչպես ՌԴ-ի, այնպես էլ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի կողմից: Եվ դա իրականում չի նշանակել, թե համանախագահ այդ երկրներն Ադրբեջանի շահերից են խոսում: Մենք բանակացային գործընթացում ունեցել են բազմաթիվ բարդ պահեր, որոնք հաղթահարվել են:

Անհասկանալի ներքին պարտվողականությունը, որ բույն է դրել մեր մեջ այս օրերին, շատ վտանագավոր է մեր իսկ համար: Ի դեպ, երբ խոսում ենք խնդրի լուծման մասին, այդ լուծման տարբերակներից է նաև ռազմական տարբերակը. հասկանալի է, որ ամենա ոչ ցանկալին է, սակայն, այնուամենայնիվ, տարբերակ է: Ու փաստ է նաև, որ հենց այդ տարբերակում մենք միշտ հաղթող ենք դուրս գալիս, այնպես որ տրտնջալու ու անինքանվստահ լինելու հիմքերը բացակայում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել