Իրանական լրատվամիջոցներն այսօր հաղորդեցին, որ երեկ՝ Բաքվի ժամանակով ժամը 11:00-ին, երեք բարձրաստիճան շիա հոգևորականներ են ձերբակալվել Ադրբեջանական Հանրապետության Լենքորան քաղաքում: Ձերբակալվածներից երկուսը` Սեյյեդ Նազեմը և Քյարբալայի Ղեսմաթը, «հոջջաթ օլ-էսլամի» աստիճան ունեն: ԻԻՀ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երեկ առավոտյան Ադրբեջանի ռազմական ոստիկանությունը ձեռնարկել է հատուկ մշակված օպերացիա, որի արդյունքում, մտնելով նշված անձանց բնակարաններ, ձերբակալել է նրանց: Հաղորդվում է այն մասին, որ Աշուրայի օրը 20.000-ից ավել մարդիկ Լենքորանում դուրս էին եկել փողոց, և Բաքվի իշխանությունները սա չեն մոռացել: Կարծիքներ են հնչում, որ սա Նարդարանյան դեպքերի շարունակությունն է:

Սա տեղի է ունենում Ստամբուլում տեղի ունեցած ԻՀԿ (Իսլամական համագործակցություն կազմակերպություն) 13 -րդ գագաթնաժողովից ընդամենը 3 օր անց, որտեղ Ալիևը «ներկայացնում էր» Ադրբեջանական Հանրապետության շիա բնակչության շահերը:
Այս ամենի համատեքստում նողկալի է թվում Իրանի հյուսիսային շրջանների որոշ հոգևորականների որոշ հայտարարություններ` հեղեղված «իսլամական Ադրբեջան» կամ «շիայական Ադրբեջան» արտահայտություններով, որոնք արվեցին հայ-ադրբեջանական քառօրյա պատերազմի օրերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել