Ինչ հիշում եմ, գրեթե բոլոր քաղաքականություն խաղացողները ձեն ձենի տված հայտարարում էին, թե Ադրբեջանի հետ պատերազմի հավանականությունը շատ փոքր է: Հիմա էլ դեռ նույնն են ասում` չորսօրյա պատերազմը դեռ պատերազմ չհամարելով: Վստահաբար, սա է հիմնական պատճառը, որ հայկական բանակի սպայական կազմը զբաղված էր քար-թուղթ-մկրատ խաղալով, ՊՆ-էլ` որպես փող շինելու բիզնես: Իհարկե, կարելի է կռահել, թե ինչն էր պատճառը այսպիսի վստահության`«Ռուսը չի թողնի»: Պարզ է, որ «չի թողնի», բայց նախ ի՞նչ ենք հասկանում պատերազմ ասելով։ Այսօր ամբողջ աշխարհում գրեթե հողատարածքի համար մղվող պատերազմ չկա, բացի մի քանիսից, որոնցից մեկը մերն է: Հիմա պատերազմները կազմակերպվում են միայն փողի և իշխանության, տնտեսություն զարգացնելու համար՝ «ուժն է ծնում իրավունք» սահմանի մեջ: Հայաստանը գտնվում է տնտեսական պատերազմի մեջ արդեն 25՝ գումարած ևս մի քանի 25 տարի: Իսկ տնտեսական պատերազմների կիզակետը թալանն է այն, ինչի ականատեսն ենք: Տարիներ շարունակ իշխանական օլիգարխիան թալանել է` օգտվելով տնտեսական պատերազմից և շրջափակումից: Կերել են ամեն ինչ՝ փամփուշտ ու գիրք, ասֆալտ ու պատիվ, թոշակ ու խողովակ, ժողովրդի կամքն ու ոգին` դա էլ են կերել:
Ոչ մի անգամ, ոչ մի դեպքում «մեծ ախպերը» փոքր եղբորն չասաց`«ապ ջան, մի քիչ տնեցիքին ուշադրութուն արա, շնորհքի արա»: Միայն ու միայն Կրեմլը լեգիտիմացրեց ամեն տեսակ անօրինականություն և նպաստեց դրա զարգացմանը: 

Հայաստանը շրջափակման մեջ մի կալանավայր է` իր գաղութի օրենքներով, պանյատներով, զոն նայողով ու վեցնոցներով:
Ի՜նչ իմանաս՝ «զակոնը» ինչ կորոշի հաջորդ «սխոդկի» ժամանակ: Մեկ էլ տեսար մի 50 տարով Շենգավիթի մետրոն կտա ուզբեկներին, ու «կաշը» գնաց: Դէ սոված-ծարավ զբաղվեք ազգային ազատագրական պայքարով, մինչև տեսնենք՝ ինչ ենք անում...
Ռուսը սարքեց էս փոքր կոչված պատերազմը, քանի որ Հայաստանում մի տեսակ դնջություն նկատեց: Ահագին շփացան մեր «հերոսները», դղյակներ, օֆշորներ: Հիմա մի քիչ զենք կծախեն, մի քիչ նոր պարտքեր, մի քանի ապտակ, որպեսզի դրանք վերադառնան «ելման դիրքի»: Թե չէ Ադրբեջանը տեղը տեղին մուծվում է զենքի համար: Սրանով Կրեմլը պարզեցրեց, որ ձրի պանիր չկա, բերեք մուծվեք:
Զարմանալի չէ այսուհետ ռուս վերլուծաբանների հոռետեսությունը` կապված Արցախի հակամարտության հանգուցալուծման հետ: Նրանք վստահ են, որ բանակցությունների սեղանը ավելի երկարեց, քանի որ այդպես էր պլանավորված: Ի՞նչ կարող ես անել։ Մեր տկար հիշողությունը բացահայտված է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել