ԵԽԽՎ-ի անատամ բանաձևը կարդացե՞լ եք։ Մերոնք այնտեղ ճառեր էին կարդում, պատմում էին, թե ինչ մասշտաբի ագրեսիայի հետ ենք գործ ունեցել, ինչ վայրագություններ են տեղ գտել խաղաղ բնակչության ու զինվորականների նկատմամբ, դիակապտության ինչ զարհուրելի դրվագներ են գրանցվել Ադրբեջանի կողմից, և արդյունքում ի՞նչ է ասում ԵԽԽՎ-ն. կողմերին կոչ են անում հարգել ՄԽ-ն, խաղաղությունը, քաղաքական կամք դրսևորել և, առհասարակ, սիրել զմիմյանս։

Սա է համաշխարհային հանրության իրական դեմքը, ու նեղանալ ոչ ոքից պետք չէ։ Ո՛չ 100 տարի առաջ, ո՛չ էլ հիմա, համաշխարհային հանրություն կոչվածը անատամ հայտարարություններից ու հռչակագրերից զատ ոչինչ էլ չի անելու մեզ, կամ էլ ցանկացած այլ բանանային ռեսպուբլիկայի համար։ Ի՜նչ էլ լինի, միևնույն է, հայտնվելու ենք այն պարզ իրականության առջև, որտեղ սեփական գլուխդ պետք է քորես սեփական եղունգով։ Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ առավել ևս Եվրոպան դա չեն անելու քո փոխարեն։

Չեն անելու նաև հանուն Ադրբեջանի, եթե դա չբխի իրենց շահերից, այնպես որ բնավ պետք չէ ծանրաբեռնել մեր ուշադրությունը՝ ԵԽԽՎ-ի պես բուտաֆորիկ կառույցի վրա կենտրոնանալով։ Պետք չէ նաև պետբյուջեն ծանրաբեռնել՝ այդ բուտաֆորիկ կառույցում պաթետիկ ճառեր կարդալու համար պատվիրակներ ուղարկելով, որոնց գործուղումների վրա քիչ գումարներ չեն ծախսվում, որոնք հանգիստ կարելի էր ծախսել, այդ թվում, նաև բանակին ուղղելով, ու ԵԽԽՎ-ի տուսովկաների մասնակցության վրա հատկացվող միջոցները միայն կաթիլ են այն անիմաստ ծախսերի ծովում, որոնք առկա են մեր պետությունում։

Չենք լրջանում էլի, հո զոռով չի՞։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել