Վերջին շրջանում անընդհատ ականջիս է դիպչում՝ «հույսներս պետք է դնենք միայն մեզ վրա» չափազանց հերոսական և ոգևորող արտահայտությունը, ինչի արդյունքում սակայն շատ հաճախ «տրամաբանորեն» ենթադրվում է, թե մենք դաշնակիցներ ձեռք բերելու ուղղությամբ չպետք է իզուր ռեսուրսներ վատնենք:

Կասկած չկա, որ առանց դաշնակիցների գործելու շռայլություն աշխարհում իրենց կարող են թույլ տալ լոկ մատների վրա հաշված երկրներ, որոնք, որպես կանոն, գրեթե երբեք այդպես չեն վարվում՝ նույնիսկ սեփական ահռելի ներուժի պայմաններում, այսուհանդերձ պարբերաբար փորձելով ստեղծել զանազան դաշինքներ և միավորումներ:

Այս առումով, առավել ևս մեր «տրամաչափի» երկրները չեն կարող առաջնորդվել նման ակնհայտ անտրամաբանական և շատ դեպքերում վտանգավոր մտայնությամբ, քանի որ ցանկացած կայացած պետություն և ազգ լուծում է ոչ թե հերոսանալու, այլ հնարավոր քիչ կորուստնեով համոզիչ հաղթանակ տոնելու խնդիր:

Ուստի հույսներս միայն մեզ վրա պետք է դնենք նաև բոլորովին նոր և միգուցե անսպասելի ուղղություններով դաշնակիցներ և գործընկերներ փնտրելու, ինչպես նաև զուգահեռաբար մեր հակառակորդներին դաշնակիցներից զրկելու գործում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել