featuredԼատվիացի ժողովուրդը 20-րդ դարի ընթացքում բավականին դժվարին պատմություն է ունեցել: Լատվիան 1918թ. նոյեմբերի 18-ին վերականգնեց սեփական անկախությունը: Այնուհետև՝ 2 տարի անց, Խաղաղության պայմանագիր կնքեց Խորհրդային Ռուսաստանի հետ, որի համաձայն՝ Ռուսաստանը ճանաչում էր Լատվիայի անկախությունը: 1921թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ճապոնիան և Բելգիան ճանաչեցին Լատվիայի անկախությունը։

1921թ. սեպտեմբերին Լատվիան միացավ «Ազգերի Լիգային»: Այնուհետև, 1932 թվականին Խորհրդային Միության հետ կնքեց «Չհարձակման» մասին պայմանագիր: Հետագայում, սակայն, Լատվիան դարձավ «Կարմիր տեռորի» և Նացիստական Գերմանիայի զոհը: Երկրորդ համաշխարհային պատերազմից օրեր առաջ՝ 1939թ. օգոստոսի 23-ին, ԽՍՀՄ արտգործնախարար Մոլոտովը և Գերմանիայի արտգործնախարար Ռիբենտրոպը «Չհարձակման» մասին ակտ ստորագրեցին: Համաձայնագրի գաղտնի մասում կողմերը պայմանավորվածություններ ձեռքբերեցին և ազդեցության գոտիների բաժանում իրակացրեցին: Խորհրդային Միությունը չէր խանգարելու Գերմանիային հարձակվել Լեհաստանի վրա և կիսել այն իրենց հետ: Կրեմլի ազդեցության գոտի էին դառնում Մերձբալթյան երկրները, Բեսարաբիան, Ֆինլանդիան: Այսպիսով, այս պայմանագրից հետո ԽՍՀՄ-ը հնարավորությունը ստացավ օկուպացնել Մերձբալթյան տարածաշրջանը:

1940թ. հունիսի 17-ին Լատվիան օկուպացվեց ԽՍՀՄ կողմից: Մինչ այդ, սակայն, իրադարձությունները զարգացան հետևյալ կերպ. 1939թ. հոկտեմբերի 5-ին կնքվեց Խորհրդային Միության հետ «փոխադարձ օգնության» պայմանագիրը, որի համաձայն՝ Լատվիայում տեղակայվելու էին խորհրդային զորամիավորումներ: Այդ շրջանում ԽՍՀՄ-ը ռազմական ներխուժման սպառնալիքը ուղղակիորեն ստիպեց Բալթյան երկրներին իր հետ նմանատիպ պայմանագրեր կնքել, որոնց համաձայն՝ ԽՍՀՄ-ն իր զորամիավորումները կարող էր տեղակայել այդ երկրներում: Լատվիայում սովետական 25 հազարանոց բանակ տեղակայվեց: Այդ շրջանում ԽՍՀՄ-ը նույնը պահանջեց նաև Ֆինլանդիայից, որը, սակայն, հրաժարվեց ընդունել այդ առաջարկները:

Սկսվեց խորհրդա-ֆիննական դաժան պատերազմը, որը տևեց մինչև 1940թ. մարտ ամիս, և որի արդյունքները սարսափելի էին ԽՍՀՄ համար: Փաստացի, ԽՍՀՄ-ը չկարողացավ օկուպացնել Ֆինլանդիան: Դրան հակառակ՝ Մերձբալթյան տարածաշրջանում օկուպացիայի սկզբնական փուլում նա այդտեղ գրեթե դիմադրության չէր հանդիպում: Այնուամենայնիվ, ԽՍՀՄ-ը ցանկանում էր ավելացնել Լատվիայում առկա իր զինվորական անձանակազմը: Այդ նպատակին հասնելու համար պետք էր սադրանք կազմակերպել: 1940թ. հունիսի 15-ի առավոտյան խորհրդային ՆԿՎԴ-ի զինվորները գրոհ կազմակերպեցին լատվիական սահմանային մի քանի անցակետերի վրա՝ արդյունքում մի քանի պահակի կյանք խլելով: Հաջորդ օրը ԽՍՀՄ ղեկավարությունը Լատվիային մեղադրեց ձեռք բերված համաձայնությունը խախտելու մեջ և պահանջեց, որպեսզի հնարավորություն ընձեռվի 6 ժամվա ընթացքում ավելի մեծ քանակի խորհրդային զորք տեղակայել Լատվիայում: Հունիսի 17-ին սովետական զորքերը մտան Ռիգա և երեք օրվա ընթացքում երկրում ռազմական հեղաշրջում իրականացվեց: Բնականաբար, օկուպացիայից հետո ԽՍՀՄ-ը պետք է ձեռնամուխ լիներ երկրում կոմունիստական կագրերի հաստատմանը: Հուլիս ամսին ֆիկտիվ բնույթ կրող ընտրություններ տեղի ունեցան: Պատգամավորների ցուցակներն արդեն իսկ նախօրոք կազմված էին: Ոչ լեգիտիմ բնույթ կրող ընտրություններից հետո ձևավորված լատվիական Սեյմը դիմեց ԽՍՀՄ ղեկավարությանը` սովետական երկրների շարքը համալրելու համար: 1940թ. օգոստոսի 5-ին Լատվիան պաշտոնապես մտավ ԽՍՀՄ կազմի մեջ: ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը միաձայն որոշում ընդունեց, որի համաձայն ԼԽՍՀ-ն դարձավ ԽՍՀՄ կազմի մեջ մտած 15-րդ երկիրը: Այսպիսով, շանտաժով և ռազմական ինտերվենցիայով տեղի ունեցած օկուպացիան ավարտվեց: Լատվիայի օկուպացիան անմիջականորեն ղեկավարվել է Կրեմլից, խորհրդային ժողկոմխորի տեղակալ Անդրեյ Վիշնևսկու կողմից, ով 1938-39թթ. ստալինյան բռնաճնշումների դատավությունների ժամանակ գլխավոր դատախազն էր: Մինչ ընտրությունները, Կրեմլի կողմից արդեն մշակվել էր ապագայի կառավարության կազմը:

Այդ շրջանում երկրում նաև գործում էր ռուսական 5-րդ շարասյունը, որը փորձում էր փողոցային միջոցառումների միջոցով ապակայունացնել իրավիճակը: Օկուպացիայի ընթացքում իրենց ընտանիքների հետ միասին արտքասման ենթարկվեցին նախագահ Կարլիս Ուլմանիսը և պաշտպանության նախարար Յանիս Բալոդիսը: Օկուպացիայից հետո միջազգային հանրությունը, մասնավորապես, արևմուտքը սկսեց դժգոհություն արտահայտել ԽՍՀՄ վարած քաղաքականության վերաբերյալ: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սամներ Վելլեսը խստորեն դատապարտեց Մերձբալթյան երկրների նկատմամբ ԽՍՀՄ վարվող քաղաքականությունը:

Խորհրդային պատմագրության մեջ նշվում է, որ Լատվիայում տեղակայված խորհրդային զինուժը սատարել է տեղի ժողովրդական հեղափոխությանը, սակայն դա բացահայտ սուտ է, որը դեռևս պահպանում է իր արդիականություն ներկայիս ռուսական քարոզչական հարթակներում: Խորհրդային զինուժը չէր կարող սատարել տեղի հեղափոխությանն այն պարզ պատճառով, որ, այսպես կոչված, խորհրդայնամետ «ժողովրդական հուզումներն» սկսեցին այն բանից հետո, երբ երկրում խորհրդային զորամիավորումներ հայտնվեցին: Ներկայիս Ռուսաստանը չի ընդունում իր նախորդի կողմից Լատվիայի օկուպացիայի փաստը, իսկ ԽՍՀՄ-ը չէր ընդունում «Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի» գաղտնի մասերի գոյությունը: Միայն 1990թ. շրջանի իրադարձություններն են ընդունվել: Ռուսական քարոզչական հարթակներում նշում են, որ այդ շրջանում երկրի ղեկավար Ուլմանիսը համաձայնեց ԽՍՀՄ իշխանության պահանջներին և սկսեց պետական ենթակառուցվածքների ոչնչացումը, որոնք ստեղծվել էին անկախության տարիներին: Իհարկե, այդ ամենը եղել է, սակայն պետք է հիշել, որ նախագահ Ուլմանիսը գործում էր խորհրդային ռազմական ներխուժման շանտաժի ներքո, այնուհետև խորհրդային զինուժի վերահսկողության պայմաններում: Հատկանշական է, որ նախագահ Ուլմանիսն առաջիններից էր, ով աքսորվեց երկրից: Օկուպացիայից հետո խորհրդային ղեկավարությունը սկսեց Մերձբալթյան ժողովուրդների աքսորի քաղաքականություն վարել: Աքսորի քաղաքականությունը խորհրդային «կարմիր տեռորի» անքակտելի մասն էր: Այդ քաղաքականությունը սկիզբ դրվեց Լենինի ժամանակ, և իր կատարելությանը հասավ ստալինյան ռեպրեսիաների ժամանակաշրջանում: Ժողովուրդների աքսորի հիմնական վայրը Սիբիրն էր: 1930-ականներին Խորհրդային Միությունում ստեղծվեցին ուղղիչ աշխատանքային գաղութներ կամ «Գուլագներ», որոնք աքսորված ժողովուրդների հիմնական կացարաններն էին:

74a25f8e06aa8444366c328efa2dccc6

1920-30 թվականներին ստալինյան ռեժիմը ԽՍՀՄ կազմում գտնվող բոլոր երկրներում ամբողջովին ոչնչացրեց գյուղացիական հողատերերի դասակարգը: Այդ շրջանում գյուղական համայնքի ներկայացուցիչները տասնյակ հազարներով գնդակահարության ենթարկվեցին:

Խորհրդային տեռորն իր ամբողջական պատկերով իր արտացոլանքն էր գտնում նաև Լատվիայում: Այսպես կոչված «Մեծ մաքրման» ժամանակաշրջանում 126 հազար լատվիացի աքսորվեց երկրից, իսկ 75 հազարը ձերբակալվեց, որոնցից 20 հազարը գնդակահարվեց: Ընդհանուր առմամբ՝ Լատվիայում ժողովորդի երկու լայնամասշտաբ աքսոր է տեղի ունեցել, որոնք եղել են 1941 և 1949 թվականներին: Աքսորվածներն ուղարկվում էին համակենտրոնացման ճամբարներ՝ «Գուլագներ» կամ պատերազմի գերիների համար նախատեսված ճամբարներ: Լատվիացի ժողովրդի աքսորը լուրջ հարված էր այդ ժողովրդի ազգային նկարագրին, ինչպես նաև երկրում բնիկ լատվիացի ժողովրդի դեմոգրաֆիական իրավիճակին: Աքսորված լատվիացիների փոխարեն խորհրդային տարբեր բնակավայրերում բնակեցման համար ռուսներ էին երկիր բերվում: Այդպիսով, աքսորը նաև նպաստեց երկրի գաղութացմանը և ռուսաֆիկացմանը: Խորհրդային Միության կողմից ենթակա ժողովուրդների աքսորի գործիքակազմը կազմվել էր դեռևս 1939թ. ուկրաինական ՆԿՎԴ-ի ղեկավար Իվան Սերովի կողմից, երբ աքսորի էր ենթարկվում ուկրաինացի ժողովուրդը:

Հետագայում Իվան Սերովը 1941թ. հունվարին Մերձբալթյան տարածաշրջանում տեղի ժողովուրդների աքսորի կազմակերպման վերաբերյալ հրամանագրեր ստորագրեց: 1941թ.հունիսի 14-15 գիշերը լատվիացիներ, որոնցից 2.5 հազարը երեխա էր, ձերբակալվեցին և ուղարկվեցին խորհրդային համակենտրոնացման ճամբարներ: Այդ մարդկանց աքսորի էին ենթարկում գիշերվա ժամերին: Շատերը ճանապարհին մահանում էին հենց վագոնների մեջ, որոնց որ մարդկանց ուղարկում էին համակենտրոնացման ճամբարներ: Լատվիացի տղամարդկանց տանում էին «Գուլագներ», իսկ կանանց և երեխաներին՝ այլ համակենտրոնացման ճամբարներ:Հիմնավորումն այն էր, որ նրանք «Հայրենիքի դավաճանների հարազատներ» էին: Այդ իրադարձությունները ոչ մի կերպ չլուսաբանվեցին տեղական մամուլով, իսկ բռնադատվածների հարազատները որևէ կերպ չէին կարող տեղեկություն ունենալ իրենց հարազատների ճակատագրի մասին:

Համակենտրոնացման ճամբարներում բռնադատվածները կորցնում էին իրենց ինքնությունը և վերածվում դասական «կենսաբանական զանգվածի»: Մարդիկ ապրում էին սարսափելի պայմաններում: Նրանք չնչին սնունդ էին ստանում, ավելին՝ ճամբարներում լայն տարածում ունեին տարատեսակ հիվանդություններ, իսկ սիբիրյան սարսափելի ձմեռները լրացնում էին ճամբարներում տիրող սարսափի պատկերը: Շատերը նույնիսկ չկարողացան անցկացնել առաջին իսկ ձմեռը: Լատվիայում հաջորդ զանգվածային աքսորը տեղի ունեցավ 1949թվականին, երբ երկրից շուրջ 43 հազար մարդ աքսորվեց: Այդ գործողությունն ուղղված էր գյուղացիական դասակարգի և ամբողջ երկրի մասշտաբով գործող հողատերերի դեմ: Նրանց բոլորին կրկին աքսորեցին Սիբիր՝ «Գուլագներ»: Աքսորի օրենսդրական հիմքը 1949թ. հունվարի 29-ին ԽՍՀՄ նախարարների խորհրդի կողմից ընդունված գաղտնի որոշումն էր, որը հրատարակվեց փետրվար ամսին: Մարտի 17-ին Լատվիական Գերագույն խորհրդի ներկայացուցիչ Վիլիս Ցալիսը հրաման ստորագրեց, որի համաձայն՝ զինվորական ստորաբաժանումները պետք է աքսորի քաղաքականություն վարեին: Գործողությունը սկսվեց մարտի 24-ի գիշերը:

Մարդկանց ձերբակալում և տասնյակ հազարներով Սիբիր էին ուղարկում: Մարտի 24-28 ընկած ժամանակահատվածում շուրջ 43 հազար մարդ Օմսկի, Կրասնոյարսկի, Տոմսկի և Նովոսիբիրսկի «Գուլագներ» աքսորվեց: Խորհրդային օկուպացիայից հետո Մերձբալթյան տարածաշրջանում, ինչպես նաև Լատվիայում խորհրդային օկուպանտների դեմ զինված պայքար սկսվեց: Պարտիզանական պայքարն ընտրվել էր որպես պայքարի միջոց: Վերջինս Լատվիայում սկսվել էր դեռևս պատերազմի ընթացքում և շուրջ 10 տարի տևել:

stalin_510506da9606ee5b088379b0

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո այդ պայքարն ավելի սաստկացավ: Պարտիզանական պայքարը թափ հավաքեց 1944 թվականից հետո նոր միայն, երբ խորհրդային զորքերը զբաղեցրեցին Լատվիայի արևելյան մասերը: Այն լատվիացիները, որոնք կարմիր բանակի անդամ էին, սկսեցին զանգվածաբար դասալքություններ իրականացնել և պարտիզանական խմբավորումների մաս կազմել: Երիտասարդները մեծ թիվ էին կազմում այդ պարտիզանական խմբերում:

Ընդհանրապես, հարկ է նշել, որ լատվիացի երիտասարդությունն այդ տարիներին բարձր քաղաքացիական գիտակցություն ուներ և հաստատակամությամբ լի դուրս էր եկել պայքարելու սեփական երկրի անկախության համար: Պարտիզանական խմբերից ամենամեծը և կազմակերպվածը «Անտառային եղբայրներ» խմբավորումն էր: Լատվիայի օկուպացիոն ռեժիմը փորձում էր ոչնչացնել պարտիզանական խմբավորումներին, զուգահեռաբար ողջ թափով աշխատում էր խորհրդային քարոզչամեքենան, որը անկախության համար պայքարողներին Լատվիայի բնակչության շրջանում ներկայացնում էր որպես «Բուրժուազիական ազգայնականության» կրողներ:

8241cac4a8768e2cac0677e968041313513956

Պայքարի սկզբնական տարիներին խորհրդային զավթիչներին ամենակազմակերպված դիմադրությունը ցույց տվեցին Լատվիայի արևելյան շրջանների բնակավայրերը: Պարտիզաններն այդ շրջանում այն աստիճան էին կազմակերպված, որ նույնիսկ սեփական դիվիզիաներն ունեին, որոնք իրենց հերթին բաժանված էին գնդերի: 1944-53թթ. Լատվիայում շուրջ 15 հազար պարտիզան կար, որոնց շուրջ 80 հազար գյուղացի օգնում էր ինչով որ կարողանում էր:

Խորհրդային զավթիչների դեմ ամենաթեժ պայքարը ծավալվեց պարտիզանական շարժման սկզբնական տարիներին, չնայած տարբեր աղբյուրների փոխանցմամբ, նույնիսկ 1953թ. պարտիզանական խմբեր կային, որոնց շարքերում հարյուրավոր մարդիկ կռվում էին օկուպանտների դեմ: Պարտիզանական շարժման դեմ կռվում էին խորհրդային ՆԿՎԴ-ի կանոնավոր զորամիավորումները, կոմունիստական կուսակցական ակտիվը, ոստիկանությանն առընթեր գործակալական միավորումները: Իշխանությունը ստեղծում էր կեղծ պարտիզանական խմբեր, ինչպես նաև, իրական պարտիզանական խմբերում սեփական գործակալներին ներդնում՝ նպատակ ունենալով պառակտել շարժումը: Այսպիսով, բացի ՆԿՎԴ-ի կանոնավոր զորամիավումները, պարտիզանների դեմ գործում էր շուրջ 16 հազար մարդ: Հատկանշական է, որ կուսակցական ակտիվը և ոստիկանությանն առընթեր գործակալական մարմիններն իրենց ուրույն դերն ունեցան 1949թ. աքսորը կազմակերպելու հարցում: Միաժամանակ, նաև հարկ է նշել, որ իշխանության գործակալները, որոնք ներդրվում էին պարտիզանական շարքերում, կարողանում էին հեշտությամբ նպաստել շարքերում առկա հակասությունները խորացնելուն, որն իր հերթին արագացնում էր խմբավորումների պառակտումը:

Ընդհանուր առմամբ՝ այդ տարիների ընթացքում խորհրդային զավթիչների դեմ պայքարում շուրջ 6 հազար մարդ է զոհվել: Շատերը ձերբակալվել են և 1949թ. մեծ աքսորի ժամանակ ուղարկվել սիբիրյան համակենտրոնացման ճամբարներ, որտեղ իրենց ցավալի վախճանն են գտել: Հատկանշական է, որ խորհրդային քարոզչական հարթակներում պարտիզանները ներկայացվում էին որպես «բանդիտներ», ինչպես նաև նրանց մարմինները տեղադրվում էին մարդաշատ վայրերում, որպեսզի բնակչության շրջանում ահ ու սարսափի մթնոլորտ ստեղծվի:

Չնայած այն բանին, որ պարտիզանական շարժումն ուժերի անհավասարության պատճառով աստիճանաբար անկում ապրեց, այնուամենայնիվ հակառակորդի կորուստները նույնպես բավականին զգալի էին: Պարտիզանների դեմ պայքարում խորհրդային օկուպանտների կողմից գրանցված կորուստների թիվը շուրջ 3 հազար էր:

 

 Դավիթ Ֆիդանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել