Հարգելի ընկերներ,
Հունվարի 21-ին մեկնարկեց նախագահական ընտրարշավը, մեկնարկեց մի իրավիճակում, երբ ընդդիմությանը չհաջողվեց համախմբվել կամ գոնե երկրորդ փուլին հասնելու նպատակով գալ որոշակի փոխհամաձայնությունների և այդ փոխհամաձայնությունների հիման վրա ակտիվորեն մասնակցել ընտրություններին՝ միասնական թիրախ դարձնելով իշխանության ֆավորիտին, դրանով իսկ ապահովելով երկրորդ փուլը և երկրորդ փուլում միասնական այլընտրանքային թեկնածուի պաշտպանությունը համատեղ ուժերով:
Խորհրդանշական է, որ այդ նույն օրը ՝ հունվարի 21-ին, Կենտրոն և Նորք – Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տիգրան Առաքելյանի և «փուչիկների» պայթեցման գործերով բոլորին քաջ հայտնի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ մեկնարկեց իմ դեմ սուտ մեղադրանքի հիման վրա հարուցված քրեական գործով դատավարությունը: Այն, որ իշխանությունները սվիններով ընդունեցին 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իմ նախաձեռնությամբ Միասնական ընտրական շտաբի ստեղծումը, այն, որ ընտրարշավի ընթացքում դրեցին իմ դեմ այսօր վարվող երեք դատական գործերի հիմքերը, զարմանալի չէր, եթե հաշվի առնել, որ իմ կողմից առաջարկված քաղաքական ուժերի միավորման մեխանիզմը բերեց ծանրակշիռ արդյունքի. Միասնական շտաբին մաս կազմող բոլոր ուժերը միասնաբար դիմեցին Սահմանադրական դատարան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել ընտրական օրենսգրքի այն դրույթները, որոնք արգելափակում են ընտրություններից հետո քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակումը: 
Սակայն այսօր ակնհայտ է, որ իշխանություններին ահ ու սարսափ էր ներշնչել ոչ այնքան այդ արդյունքը, որքան Հայաստանի քաղաքագետների միության վարչության և իմ կողմից գործի դրված որոշակի ընդհանուր նպատակների շուրջ քաղաքական կուսակցությունների միավորման մեխանիզմը՝ այն քաղաքագիտական տեխնոլոգիան, որը մենք կիրառեցինք: Հասկանալի էր, որ այն իր մեջ պարունակում է լրջագույն վտանգ բռնապետական վարչախմբի համար, որը իր գործունեության հաջողականությունը միշտ կապել և այսօր էլ կապում է «բաժանիր, որ տիրես» տխրահռչակ գործելակերպի հետ: 
Հասկանալի էր, որ այդ նույն մեխանիզմը կարող էր գործի դրվեր նաև նախագահական ընտրությունների ընթացքում: Պետք է արժանին մատուցել Սերժ Սարգսյանին, ում հաջողվեց հասնել նրան, որ ես ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետո հայտնվեմ ոչ թե Ազգային ժողովում, այլ ամբաստանյալի աթոռին: Ճիշտ և խելացի հաշվարկ էր. առանց մերանի մածուն չի լինում: Դա այն ժամանակ չհասկացան Միասնական շտաբին մաս կազմող ուժերը: Չհասկացան նույնիսկ նախագահական ընտրությունների նախաշեմին, երբ «մերանի» բացակայությամբ հայտնվեցին «համընդհանուր քցոցիի» հորձանուտում: 
Հիմա այս պատմության մեջ ո՞վ է «վերջին զոհը»՝ Լևոն Տեր – Պետրոսյա՞նը, Գագիկ Ծառուկյա՞նը, Վարդան Օսկանյա՞նը, թե՞ ձեր facebook-յան ընկերը: 
Ничего, ребята, прорвемся…
Ամենակարևորը չկորցնենք բռնապետությունը ծիծաղով հաղթելու ընդունակությունը: Ծիծաղենք, ինչպես ես էի դատավարության ընթացքում ծիծաղում պետական մեղադրողի վրա: Բռնապետությունը այդ համընդհանուր ծիծաղից կփլվի՝ հաստատ կփլվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել