Սիրիայում կայացած խորհրդարանական ընտրությունների ամփոփում. նորընտիր Ժողովրդական խորհուրդում սիրիահայ համայնքը ներկայացված կլինի 2 երեսփոխանների միջոցով

Ապրիլի 16-ի ուշ երեկոյան Սիրիայի Արաբական Հանրապետության ընտրությունների Բարձրագույն դատական հանձնաժողովն ամփոփել է ապրիլի 13-ին երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ըստ այդմ, ընտրողների ակտիվությունը կազմել է 57,56%. ընտրություուններին մասնակցել են արդեն ավելի քան 5 տարի քաղաքացիական պատերազմի հորձանուտում գտնվող Սիրիայի՝ ընտրելու իրավունք ունեցող 8 834 994 քաղաքացիներից 5 085 444-ը:
Ընդհանուր առմամբ, բացված 7300 ընտրատեղամասերը չեն ընդգրկել Սիրիայի ամբողջ տարածքը: Ընտրական գործընթացն ընդհանրապես չի կազմակերպվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից վերահսկվող ալ-Ռակկա և մի շարք այլ տարաբնույթ հակակառավարական խմբավորումների ազդեցության տակ գտնվող Իդլիբ նահանգներում. քրդական կառույցների կողմից վերահսկվող շրջանները ևս բոյկոտել են ընտրությունները, իսկ մնացած 13 նահանգներում գործընթացը կազմակերպվել է մասնակիորեն:
ՍԱՀ խորհրդարանի 250 տեղերի համար նախապես հայտ ներկայացրած շուրջ 11 000 թեկնածուներից, արտոնվել էր 3500-ի մասնակցությունը:
Ի տարբերություն արդեն նախորդ խորհրդարանի, որում սիրիահայ համայնքը ներկայացված չէր, նորընտիր Ժողովրդական խորհուրդում ընտրվել են 2 հայ երեսփոխաններ՝ Հալեպից Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի պատասխանատու Ժիրայր Ռեիսյանը, Դամասկոսից՝ պատմաբան, դոկտոր Նորա Արիսյանն. ի դեպ, Արիսյանը Սիրիայի խորհրդարան ընտրված առաջին հայ կին պատգամավորն է:
Ինչ խոսք, անշուշտ, պետք է հաշվի առնել, որ Սիրիայում կայացած խորհրդարանական ընտրությունները մեծամասամբ ձևական բնույթ էին կրում՝ որպես հիմնական նպատակ ունենալով երկրում օրենսդրական բաց թույլ չտալու հանգամանքը, քանի որ ներկա խորհրդարանի գործողության ժամկետը լրանում է արդեն մոտ օրերս: Այս ընտրությունների օրինականությունը չի ճանաչվել ինչպես սիրիական արմատական ընդդիմության, քրդական կառույցների, այնպես էլ՝ բազմաթիվ պետությունների, միջազգային կառույցների կողմից, քանի որ դրանք անց են կացվել զինված հակամարտության պայմաններում, առանց միջազգային դիտորդական առաքելությունների գործունեության, ինչպես նաև՝ սիրիական հակամարտության կարգավորմանը միտված ժնևյան գործընթացին զուգահեռ:
Այս համատեքստում, թեպետ արդեն ՍԱՀ նորընտիր Ժողովրդական խորհուրդի գործողության ժամկետները ևս որոշակիորեն հարցականի տակ են՝ մեծապես պայմանավորված նաև Սիրիայի ապագայի և հիմնախնդրի կարգավորման քաղաքական գործընթացի հեռանկարով, այնուամենայնիվ, թեկուզ ժամանակավորապես, և հատկապես հայ պատգամավորների ներկայությունը հավելյալ հնարավորություններ կստեղծի նախ սիրիական գործող իշխանությունների մակարդակով սիրիահայ համայնքի խնդիրների կարգավորման, ապա նաև՝ Հայաստանի համար առնվազն քարոզչական հարթությունում որոշ կարևոր քայլեր իրականացնելու հարցում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել