Hraparak.am-ը գրում է.

Քառօրյա պատերազմի ընթացքում զոհված մայոր Սուրեն Մելքումյանը Արցախի Պաշտպանության բանակում ծառայում էր 1997թ.-ից: Նա Հադրութից էր, ավարտելով Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, նորից վերադարձել էր Հադրութ՝ ծառայության անցնելու նպատակով: 37-ամյա Սուրեն Մելքումյանն իր 5 ընկերների հետ անհետացել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը:

Ընտանիքը մինչեւ ապրիլի 10-ը որեւէ նորություն չուներ նրանից, միայն ապրիլի 10-ին նրա դին հանձնվեց հայկական կողմին: Սուրեն Մելքումյանին հուղարկավորել են ապրիլի 12-ին հայրենի Տումի գյուղում: Զոհված մայոր Սուրեն Մելքումյանի կինը` Արևը, 4 տղաների մայր է և սպասում է իր 5-րդ բալիկին: Սուրենի առաջնեկը` Գրիգորին, ապրիլի 18-ին կդառնա 14 տարեկան, 2-րդ զավակը` Հայկը, 7-րդ դասարան է, 3-րդ զավակը` Հարությունը`  5-րդ դասարան, իսկ ամենափոքրը` քաջ Հրայրը` 4 տարեկան է:

 Արևիկը մոտ օրերս առողջական խնդիրների պատճառով գալու է Երևան հետազոտություններ անցնելու համար: Ընտանիքը չունի մշտական կացարան, կայուն եկամուտ և իր տան միակ կերակրողին կորցնելուց հետո սոցիալական վատ պայմաններում է հայտնվել: Իհարկե, պետությունը որոշակի աջակցություն կցուցաբերի այս ընտանիքին, մի քանի բարի մարդիկ էլ ցանկացել են դրամական աջակցություն ցուցաբերել նրանց, սակայն խնդիրները բազմաթիվ են, և նրանք մեր բոլորի աջակցության կարիքն ունեն: Օգնելու համար կարող եք գումարներ փոխանցել Արևիկի հաշվեհամարին 1500976502165 (Հայբիզնեսբանկ), կարող եք նաև միանգամից կապվել իր հետ` զանգելով 097 12 20 65 հեռախոսահամարով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել