«Բողոքի նոտա հղել» բառակապակցությունը շարքային քաղաքացու մոտ կարող է խորհրդավոր սարսափի զգացողություն առաջացնել, սակայն դա պարզապես ինչ-ինչ հարցերի վերաբերյալ դժգոհություն արտահայտելու դիվանագիտական պրակտիկայում ընդունված ձև է, այդ նոտան էլ ընդամենը հատուկ տիպային շարադրանք պարունակող պաշտոնական նամակ է իրենից ներկայացնում: Երբ պետությունը չունի արտաքին քաղաքականություն,  ուզում ես նոտա հղիր, ուզում ես մի հղիր, դրանից ոչինչ չի փոխվի: Կարևոր է, որ, վերջապես, թե մեր իշխանական դասը, թե մեր քաղաքացիները հասկանան, որ արդյունավետ արտաքին քաղաքականությունը պաշտոնական նամակագրության վիճակագրական ցուցանիշներից կախված չէ: Դրա արդյունավետությունը կախված է բացառապես նրանից, թե երկրի իշխանությունը որքանով է տիրապետում իրավիճակին արտաքին քաղաքական միջավայրում, որքանով է կարողանում այդ միջավայրի հետ ունեցած փոխազդեցությունների դաշտում սեփական երկրի անվտանգության, տնտեսական բարգավաճման և բազում այլ հարցերի լուծման համար նպաստավոր պայմաններ ստեղծել: Ռուսաստանին բողոքի նոտա չհղվեց, Իսրայելին բողոք կարծես թե հղվեց, սակայն երկու դեպքում էլ արդյունքը նույնն է՝ Ադրբեջանին զենքն ԱՐԴԵՆ ՎԱՃԱՌՎԵԼ Է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել