Եթե ոմանք միամտաբար կարծում են, որ առջևում հեղհեղուկ հրադադարի ևս մի 20 տարի է, ապա չարաչար սխալվում եք։ Եթե մարտական ակտիվ գործողությունները չվերսկսեն մոտակա օրերին, ապա մենք լավագույն դեպքում մի քանի ամիս ժամանակ ունենք։ Պետք է մաքսիմալ արդյունավետ օգտագործել այդ հնարավոր դադարը ու քաղել դասեր այս ամենից։ Առանձնացնեմ մի քանի կարևորագուն լավ ու վատ դասեր այս օրերից։

Մեր թերությունները

- Մենք էլ երբեք ու ոչ մի պարագայում այլևս չպետք է թերագանահատենք մեր հակառակորդին։ Իրենք ոչխար չեն ու առավել ևս ոչխարավարի չկռվեցին։ Իրենք կռվել են շատ լավ այս պատերազմում ու մեզ փրկեց այն, որ մեր 18-20 տարեկան զինվորն ու 25-30 տարեկան սպան կռվել են ոչ թե լավ, այլ ֆանտաստիկ։

- Մենք չէ՝ մեր իշխանություններն ու ՊՆ վերնախավը պետք է ամբողջովին վերանայեն իրենց մոտեցումներն՝ իրենց պարտականությունների նկատամամբ։ Մենք Ադրբեջանից հետ ենք ընկել տեխնոլոգիապես, տեխնիկապես ու ի տարբերություն հակառակորդի՝ վերնախավի մակարդակով չենք հասկանում, թե ինչի հետ գործ ունենք և որն է մեր դերակատարություն։

- Պետք է 7-մղոնանոց քայլերով լրացնենք այն բացը, որ առկա է ոչ այնքան սպառազինությունների քանակի, այլ վիճակի ու տեխնոլոգիական հագեցման հարցում։ Տեխնոլոգիականը ո՞րն է, որ ռեպորտաժում տանկ ցույց տվեցին՝ դինամիկ զրահ չունեինք, իսկ դա կարծում եմ հանգիստ կարելի է մեր ուժերով էլ արտադրել։ Էլ չխոսեմ մնացած-մնացածի մասին։

- Թալանը պետք է արմատախիլ արվի պետական սեկտորում ու առավել ևս բանակում։ Դրա լավագույն ձևը կլինի առավել կարկառուն բարձրաստիճան մի քանի թալանչիների հրապարակայնորեն․․․ բերեք այսպես ասեմ․ «ամորձիներից կախելը»։ Թե չէ համատարած բառդակը երբեք չի կարգավորվի ու մյուս հարվածի տակից արդեն 100 զոհով դուրս չենք գա։

- Պետք է ավելի արդյունավետ տնօրինենք այս զարթոնքն ու համազգային մոբիլիզացիան։ Պետք է ամեն մարդ իր տեղում ու իր դերում լինի։ Ավտոմատով կամավորն ավելի կարևոր չէ, քան իր պարտականությունները բարեխղճորեն կատարող ճանապարհանորոգման համար պատասխանատու բրիգադի պետը (որպես օրինակ) և հակառակը։ Մեզ մոտ զարթոնքը կա, իսկ դա հմտորեն ուղղորդելու հմտություններ չկան։

Առավելություններ

Չեմ ցանկանում մեզ գովալ ու գովաբանել։ Առանց այն էլ 20 տարի է գովում էինք ու քիչ էր մնում կատաստրոֆայի առջև հայտնվեինք։ Միայն մի քանի բան կասեմ․

- Ի հեճուկս բոլոր թերությունների, բացթողումների և բացահայտ վնասարարության, 20 տարվա բանակաշինությունն ու հատկապես վերջին 10 տարիների ռեֆորմները բերել են նրան, որ առնվազն ստորին օղակներում փայլուն գործող բանակ ունենք։ Այսուհետև մեր մոտ իսկապես ոչ թե զինված ուժեր են, այլ բանակ։

- Ինձ ու վստահ եմ՝ շատերի համար, կոտրվեց սպայի այլայլված կերպարը։ Մեր զոհերի վիճակագրությունից ակնհայտ է դառնում, որ հատկապես կրտսեր սպայական կազմը աննախադեպ անձնուրացություն է դրսևորել իրենց զինվորների համար և դա էլ մի կողմ․ ցածր ու միջին հրամանատարական օղակները գործել են հիմնականում գերազանց։ Պետք է պահպանել այս կարևորագույն ձեռքբերումը։

- Հատուկ կետով նշեմ․ ամբողջ ազգի համար ֆանտաստիկ էր կամավորականների այսպիսի հոսքը։ Ըստ էության, մեզ փաստորեն զորահավաք էլ պետք չէ։ Բերեք պահպանենք այս ոգին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել